Նժդեհը կոտրվեց նախարարի գլխի՞ն

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 20:03
Հայաստանի կառավարության կառուցվածքային փոփոխության նախագծով ենթադրվում է վերացնել քաղաքաշինության նախարարությունը, այն դարձնելով ընդամենը առընթեր կոմիտե:

Այն, որ Հայաստանում քաղաքաշինություն գործնականում չկա՝ բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով, անկասկած է: Այդ տեսանկյունից Հայաստանի համար առավել նպատակահարմար կլիներ քաղաքայլանդակության նախարարության առկայությունը, քանի որ Հայաստանի քաղաքները այս տարիների ընթացքում քաղաքաշինական տեսանկյունից ավելի շուտ այլանդակվել են, կամ եթե շինվել են, ապա բառի միայն շատ պատկերավոր իմաստով:

Այնպես որ, քաղաքաշինության նախարարություն կոչվածը Հայաստանում իսկապես եղել է ավելորդ եւ իբրեւ նախարարություն ավելորդ բեռ է եղել բյուջեի վրա: Իհարկե հանուն արդարության պետք է նկատել, որ այդպիսի բեռ են շատ այլ նախարարություններ, եւ ընդհանրապես պետական ապարատի մի զգալի մասը:

Թե ինչու է որոշվել առաջինը չեզոքացնել քաղաքաշինության, եւ ոչ թե ասենք սփյուռքի կամ մշակույթի նախարարությունները, երեւի թե պարզ կլինի առաջիկայում: Չի բացառվում, որ նոր վարչապետը պարզապես ջենտլմենություն է ցուցաբերել Հրանուշ Հակոբյանի եւ Հասմիկ Պողոսյանի նկատմամբ:

«Շերշե լա ֆամ»՝ փնտրիր կնոջը, կասեին ֆրանսիացիները:

Բայց, գուցե նաեւ այլ կնոջ, քան Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը: Գուցե այդ կինն ընդհանրապես Հայաստանում չէ, այլ Ռուսաստանում, իհարկե կրկին նախարարությունում՝ արտաքին գործերի, բայց ոչ թե նախարարի, այլ պարուհու՝ ավելի շուտ խոսնակի կարգավիճակով:

Այո, խոսքը հայտնի Մարիա Զախարովայի մասին է, որը ամիսներ առաջ դժգոհել էր Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ, ասելով, թե Մոսկվային զարմացրել է ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցած անձի արձանի տեղադրումը:

Հետո ՀՀԿ-ն հայտարարեց, թե պատմական տեղեկանք են պատրաստել Զախարովայի համար, որ ցույց տան, թե նա սխալվում է Նժդեհի հարցում: Բայց, Զախարովան հայտարարեց, թե իրեն ոչինչ չի հետաքրքրում: Իհարկե, ավելի ուշ նա Երեւանում ասաց, թե արձանի տեղադրումը Հայաստանի ներքին գործն է, բայց նստվածքն, ինչպես ասում են՝ մնաց:

Նստվածքը մնաց, իսկ Նարեկ Սարգսյանը փաստորեն գնաց:

Ամենաընթերցվածը