Կարապետյան-Մինասյան հակասությունների խրոնոլոգիան

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 19:06
Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հավաքել է իրերը՝ աշխատակազմին ասելով, թե ինքը հեռանում է: Արդեն տեղեկություն է շրջանառվում, որ նրան բնապահպանության ոլորտն են վստահելու:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Արծվիկ Մինասյանի հեռանալու մասին լուրերն ավելի ակտիվ շրջանառվեցին կառավարության նախորդ նիստից հետո: Իսկ այդ նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակային նկատողություն էր արել Մինասյանին՝ կասկածի տակ դնելով նրան պրոֆեսիոնալիզմը:

Երբ Արծվիկ Մինասյանն այդ նիստում ներկայացնում էր հերթական ընկերությանը հարկային արտոնություն տալու հարցը, Կարեն Կարապետյանը հետաքրքրվել էր՝ մոնիտորինգ իրականացվո՞ւմ է՝ պարզելու համար, թե տարբեր ժամանակահատվածներում կառավարության արտոնություններից օգտվող ընկերություններն ինչ աշխատատեղեր են բացել: Արծվիկ Մինասյանի պատասխանները նրան չէին բավարարել, ինչից հետո Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ չի հավատում նրա ներկայացրած տվյալներին ու հարցադրում արել. «Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան»:

Դրանից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հրապարակավ պատասխան էր տվել Կարեն Կարապետյանին՝ նրան հորդորելով շոուներ չսարքել:

«Եթե մեր նախարարը չի համապատասխանում մեր վարչապետի պատկերացնումներին, ուրեմն վարչապետն այլ հայեցակարգ պետք է ներկայացնի, քննարկում պետք է լինի: Եթե այդ դեպքում ստեղծվի վիճակ, որ վարչապետին ձեռք չի տալիս ներկայացված հայեցակարգը, նա իրավունք ունի իրենը պնդելու: Բայց անձնական ու անհատական հակվածությամբ երկար ճանապարհ չենք կարող գնալ: Թող լինի բանավեճ, ես շատ ուրախ եմ, բաց քննարկումներ լինեն բոլոր ոլորտների հետ կապված»,- ասել էր Ռուստամյանը:

Արծվիկ Մինասյանը դեռևս չի հասցրել հայեցակարգ ներկայացնել Կարեն Կարապետյանին, փոխարենը վարչապետը ներկայացրեց իր ծրագիրը, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարարություն այլևս չի լինի: Նախարարությունը վերանվանվում է ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, որը ստանալու է որոշակի լիազորություններ: Կարեն Կարապետյանի այդ նախաձեռնությանը կառավարության այսօրվա նիստում ընդդիմացավ Արծվիկ Մինասյանը, ով հայտարարեց, որ ցանկալի չէ նախարարության անվանումից հանել «էկոնոմիկա» բառը: Այս հարցով բանավեճն ավարտվեց նրանով, որ էկոնոմիկայի նախարարությունը կգործի առանց «էկոնոմիկա» բառի:

Ընդհանրապես վերջին շրջանի զարգացումները ցույց տվեցին, որ նորանշանակ վարչապետը հետևողական աշխատանք է տանում այս կարևոր ոլորտի կառավարումը Արծվիկ Մինասյանից վերցնելու ուղղությամբ: Առայժմ հարց է՝ դա ՀՅԴ-ի դեմ է ուղղված, թե՞ Արծվիկ Մինասյանի:

Վաղը սպասվում է Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ըստ ամենայնի նա կհայտարարի այս պաշտոնից հեռանալու մասին: