Արծվիկ Մինասյանը դժգոհ է փոփոխությունից

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 17:24
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կառավարության այսօրվա նիստում ընդդիմացավ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկին, որով էկոնոմիկայի նախարարությունը պետք է վերանվանվի ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության:

«Ինձ ցանկալի չէ էկոնոմիկա արտահայտությունը հանելը, առավել ևս , երբ էկոնոմիկան ես պատկերացնում եմ շատ ավելի լայն, քան միայն ներդրումներն են կամ ձեռնարկատիրական աջակցությունը: Դրա համար, ընդունելով անձամբ ձեր կողմից արված շեշտադրումը, որ հատկապես ներդրումներն ու ձեռնարկատիրության աջակցությունը պետք է առանձին ուղղություն լինեն, ինձ մտահոգում են մի քանի հարցեր, որոնք չեն երևում այս նոր կառուցվածքում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ խոսքը, մասնավորապես, արտաքին առևտրի մասին է, որը ներդրումների հետ միասին համարվում է մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը:

«Այստեղ չի երևում անվանման մեջ, գուցե այլ նախարարությո՞ւն է գնալու, կխնդրեի, որպեսզի հետագայում շեշտադրումն անպայման լինի: Մենք ունենք ԵՏՄ, ունենք Եվրամիության հետ GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմ, այլ երկրների հետ ունենք ազատ առևտրի համաձայնագրեր, որոնք հատուկ քաղաքականության տեսակետից վերաբերմունքի պետք է արժանանան»,- նշեց Մինասյանը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, ոլորտի ենթակառուցվածքներն են, որոնք նպաստում են տնտեսության զարգացմանը: Եթե, օրինակ, էներգետիկ ենթակառուցվածքները վերածվեն առհասարակ ենթակառուցվածքների, շատ ավելի ընդգրկուն կլիներ այս հատվածը:

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտը տրանսպորտի ու կապի նախարարության ենթակայությանը հանձնելու առաջարկին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ չի ուզում ոլորտի նորանշանակ նախարարին թերագնահատել, բայց չպետք է ՏՏ ոլորտը դիտարկել զուտ ծառայությունների ոլորտ: «Կխնդրեմ, որ իմ գործընկերը այդ հարցին մեծ ուշադրություն դարձնի: Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիներն ընկալվում են որպես արդյունաբերություն: Այսինքն՝ ինքը պետք է տարածվի տնտեսության բոլոր ճյուղերում հավելյալ արժեք ստեղծելու ուղղվածությամբ»,- հավելեց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ի պատասխան ասաց, որ «էկոնոմիկա» բառը հանվում է, բայց դա ոչինչ չի նշանակում, գործառույթը մնում է նախարարությանը: «Մենք ընդամենն ակցենտն ենք փոխում, որ ներդրողը հասկանա ինչ հասցեով պետք է դիմի»,- ասաց Կարեն Կարապետյանը: Ինչ վերաբերում է առևտրի հատվածին, Կարեն Կարապետյանը հարցադրում արեց. «Նոր նախարարության անվանման մեջ չկա առևտուր բառը, բայց էկոնոմիկայի նախարարության մեջ էլ չկար այդ բառը, բայց ձեր նախարարությունը առևտրով զբաղվում էր, չէ՞»: