Վարչապետը բացատրել է, թե ինչ տրամաբանությամբ են կատարվում կառավարության փոփոխությունները

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 17:13
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում բացատրեց, թե ինչ տրամաբանությամբ են կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարվում: Նշենք, որ մի շարք փոփոխություններ են առաջարկվում կառավարության  կազմում, որը պետք է քննրակվի առաջիկայում կանալիք ԱԺ նիստում:

«Ինչպե՞ս ենք բացատրում էկոնոմիկայի նախարարության վերանվանումը: Շատ տնտեսագետներ կարող են տալ՝ էկոնոմիկան վերանում է, ոչ: Բայց մենք հատուկ ուզում ենք շեշտադրում անել գործարարին, ինվեստորին, որ դուք ունեք մի օղակ, որտեղ դուք գալիս եք ձեր բողոքները, պահանջները, ցանկությունները, առարկությունները ներկայացնում եք: Եվ այդ օղակը գործարարի ձեռքը բռնած տանում է, որպեսզի իրեն խոչընդոտ չստեղծեն: Որպեսզի մենք ձեռնարկատիրությանը և ինվեստիցիաներին աջակցենք, մենք ռեալ պետք է ունենանք էկոնոմիկա: Այսինքն՝ եթե էկոնոմիկա բառը չկա, դա չի նշանակում, որ գործարարություն չի անում»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ասաց, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կազմ կտեղափոխվի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, որ գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ էր:

Առաջարկվում է, որ Կապի, տրանսպոտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այսուհետ պետք է համակարգի նաև ՏՏ ոլորտի գործունեությունը:

«Քանի որ էկոնոմիկայի նախարարությունը դառնում է ունիվերսալ, IT ոլորտը սպեցիֆիկ թողնել իր մոտ, անտրամաբանական է: IT-ն կապի հետ մոտ է, մեր ղեկավարը բավական այդ թեմայի մեջ է, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ինքն էլ ղեկավարի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, որ սուբյեկտիվ ենք անում՝ նոր կառավարչի հմտությունների հաշվին: Ոչ, տրամաբանական է, որ IT-ն ու կապը լինեն մեկտեղ»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ նաև տրամաբական է, եթե ավիացիայի ոլորտի համակարգումն էլ իրականացնի տրանսպորտի ոլորտի նախարարությունը: Քաղավիացիայի վարչությունը այսուհետ կենթարկվի հենց այս նախարարությանը:

«Ավիացիայի ոլորտում պետք է կորիզ ստեղծել, որովհետև բազմաթիվ խնդիրներ ունենք ոլորտում»,- նշեց նա:

Էկոնոմիկայի նախարարությունից առանձնանում է նաև տուրիզմի ոլորտը, տուրիզմի համար ստեղծվում է կոմիտե, կոնկրետ մարդ է ղեկավարելու ոլորտը, ում առաջ, ըստ վարչապետի, խնդիր է դրվելու, թե տարեկան քանի տուրիստ է ապահովելու:

«Այդ առումով մենք մեր հարևան երկրին զիջել ենք, անհամեմատելի թվեր են: Ես չեմ կարծում, որ լրացուցիչ զբոսաշրջիկ ներգրավելու մեր հնարավորություններն ավելի քիչ են»,- հայտարարեց վարչապետը:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության նախարարության լուծարմանը, ապա վարչապետն ասաց, որ ստեղծվում է Ճարտարապետության ու մշակութային արժեքների պահպանման կոմիտե:

«Ես գիտեմ մշակույթի նախարարի կարծիքը, որ դա սխալ է, որ մշակույթն ավելի ճիշտ պետք է պահպանվի, որովհետև ճարտարապետներն ավելի ագրեսիվ են, ժամանակակից են, մշակույթը կփոխեն, բայց մենք ուզում ենք այս ոլորտն ուղղակի մասնագիտացված բերենք այստեղ», ընդգծեց Կարեն Կարապետյանը: