ՔՊ-ի պայմանները ԼՀ-ին և Մարուքյանի արձագանքը

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 16:37
Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը պատասխանել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին.

«Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերին, բայց, ի ուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը: Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները:

ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց և այդ գործընթացի առաջամարտիկը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է:

Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է , ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծին (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից):

Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին: Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր նպատակների և թիմերի միջև»։

Ավելի վաղ Քաղաքացիական պայմանագիրն արձագանքել էր  Էդմոն Մարուքյանի կոչին՝ նշելով Վանաձորում համագործակցության պայմանները՝

Այսօր մինչև 18.00-ն ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ ԼՀ-ի, եթե ԼՀ-ն հայտարարի որ.

1. Սերժ Սարգսյանն անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար։

2.Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով և չի հանդիսանում լեգիտիմ նախագահ։

3.Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ողջամիտ ժամկետում Ազգային Ժողովին ներկայացնել Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ։