Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նոր նախարարներին

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 16:28
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր մասնագիտական կարողություններով ու փորձով կշարունակի օգտակար լինել: Ներկայացնելով նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ նա հմուտ կառավարիչ է և լավատեղյակ է ոլորտին: Ընդգծելով, որ էներգետիկ համակարգը մեր երկրի ամենակայացած համակարգերից է և անդրադառնալով նախարարության առջև դրված խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է նոր հայեցակարգ, որը տարածաշրջանային ակտիվ համագործակցություն կապահովի էներգետիկ շուկայում: «Մենք ապրում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց միևնույն ժամանակ ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ հնարավորություններ ունենք, ունենք հզորությունների ավելցուկ, որը պետք է օգտագործենք: Ակնկալում եմ նաև, որ ակտիվ մասնակցեք նոր սակագների մեթոդաբանության ձևավորմանը: Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք սոցիալապես անապահով խավի կողքին կանգնելու խնդիր ունենք, մեր սակագնային քաղաքականությամբ որոշակի բիզնես ուղղությունների ոգևորելու և աջակցելու խնդիր ունենք, որոնք կարող են զարգանալ, տալ հավելյալ արժեք և միևնույն ժամանակ ընդլայնել մեր շուկաները»: Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ԲԷՑ-ի կառավարման համակարգի վրա՝ շեշտադրելով, որ այնտեղ անհրաժեշտ են որակապես նոր փոփոխություններ՝ ուղղված աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին: Բարձր գնահատելով նախկին նախարար Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը:

Ներկայացնելով նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային հարուստ փորձ է կուտակել գյուղատնտեսության բնագավառում կառավարման մշակույթ ունեցող ձեռնարկությունում և լավ պատկերացնում է ոլորտը: Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագրի մշակումը, որը կներառի զարգացման հեռանկարներ ունեցող բոլոր ուղղությունները: «Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացնել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», - ասել է վարչապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ ի դեմս գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացին և գործարարը պետք է տեսնեն իրենց օգնականին, իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Արամյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նա իր փորձով այսուհետ ևս օգտակար կլինի համակարգին:

Շնորհավորելով Վարդան Արամյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է, որ նա նոր մարդ չէ համակարգում և լավատեղյակ է ֆինանսական ոլորտին: Նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեր երկրի ամենակայացած ինստիտուտներից է՝ Կարեն Կարապետյանը միևնույն ժամանակ կարևոր է համարել նոր մոտեցումների որդեգրումը մակրոտնտեսական ցուցանիշների ապահովման գործում: Անդրադառնալով գնումների գործընթացին՝ վարչապետը հատկանշել է. «Ունենք բավական բարդ, խճճված համակարգ առաջին հայացքից: Ակնկալում եմ ֆինանսների նախարարությունից առաջարկություններ՝ ինչպես ենք անում, որպեսզի մեր ֆինանսական հոսքերն ավելի արդյունավետ կառավարենք»:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ նա աշխատանքային մեծ փորձ ունի և կարող է այն հաջողությամբ կիրառել ոլորտում: Անդրադառնալով գերատեսչության հիմնական գործառույթներին՝ վարչապետն ասել է, որ նախարարության առջև նոր ծրագրեր և խնդիրներ են դրվելու, և հույս է հայտնել, որ դրանք արդյունավետ կիրականացվեն: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև վերահսկողությունն իրականացվող ծրագրերի նկատմամբ և նշել, որ ակնկալում է առավելագույնս թափանցիկ աշխատանք: