Ֆինանսների նախարարը խոստանում է հարկատուների փողերի նպատակային ծախս ապահովել

    • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 16:12
Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներից 10 օր ժամանակ խնդրեց՝ հարցերին պատասխանելու համար: Նա նշեց, որ այդ 10 օրվա ընթացքում իր բոլոր ջանքերը պետք է ներդնի նոր բյուջեի կազմման գործում:

«Բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար ու նպատակային օգտագործենք»,- հայտարարեց նախարարը: Հարցին, թե մինչև այդ նպատակային ու խնայողաբար չէր օգտագործվու՞մ, նա պատասխանեց. «Ճիշտ չէ անցյալի վերաբերյալ գնահատականներ տալ: Վաղը մյուս օրը ես ինքս կարող եմ մեկ այլ գործի տեղափոխվել, իմ հաջորդը գա, ասի՝ գիտեք, այստեղ պրոբլեմ է, մսխվել է, լավ չի արվել... Մենք հիմնական գործից շեղվում ենք, ընկնում ենք բամբասանքների հետևից:

Ճիշտ կլինի մենք ուրիշ կերպ աշխատենք՝ իդենտիֆիկացնենք խնդիրը, գործիքակազմը և մտածենք մենք ինչ ռեսուրս ունենք, ինչպես ենք հասնելու դրան»:

Հարցին, թե 2017-ի բյուջեն կրճատվելո՞ւ է, Արամյանը պատասխանեց, որ բյուջեն կազմվում է՝ ելնելով տնտեսական իրավիճակից: «Ինքը ոչ միայն տնտեսական փաստաթուղթ է, այլ նաև դրանով դու տնտեսական միջավայրում կարողանում ես ազդակներ հաղորդել: Եվ դա պետք է լինի իրատեսական: Օրինակ՝ եթե քո տնտեսական միջավայրը ներկա դրությամբ բավականին խնդրահարույց է և դու կառուցում ես բյուջե, որն անիրատեսական է մուտքեր ապահովելու մասով, դա ոչ այլ ինչ է, քան քո երկրի տակ իրականում թաքնված ռումբ դնելը: Դա խիստ վտանգավոր է: Ավելի լավ է հանրության հետ բացատրվել, ինչ է պետք անել, ինչու այս ծախսը անելիս ավելի պահպանմողական ենք, այդ տեսանկյունից ես արդեն կարծում եմ, որ մենք իրատեսական կներկայացնենք»,- ասաց նախարարը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ տարվա կտրվածքով քանի՞ տոկոսանց տնտեսական աճ է կանխատեսվում: Նախարարի խոսքով՝ ԱՄՀ հետ քննարկում են այդ հարցը, կան տարբեր կանխատեսումներ՝ 2.2-3.5 տոկոս: Բայց կան նաև հանգամանքներ, որոնց հետ պետք է հաշվի նստել: Այդ հանգամանքները երկուսն են: Առաջինը, 2013 թվականից հետո նկատվեցին փոխարժեքի ճնշումներ, Հայաստան անմասն չէ դրանից, իսկ դա բերում է շուկաներում հիմնական գների ճշգրտման: Մյուս հանգամանքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, որոնց ազդեցությունից Հայաստանը չի կարող անմասն մնալ: