Ֆինանսների նախարարը պրիմիտիվ գողության մասին չի ուզում խոսել

    • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 14:43
Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանից կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ նախարարներին հանձնարարեց պրիմիտիվ գողությամբ չզբաղվել: Այսինքն՝ նախկինում բյուջեի գումարները գողացվե՞լ են:

«Ես դրա մասին չեմ կարող ասել, խնդրում եմ ճիշտ հասկացեք: Վարչապետի նմանատիպ հորդորը նաև հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը: Թույլ տվեք ես մտնեմ իմ աշխատանքի մեջ, ես ձեզ խոստանում եմ, մենք կունենանք շփվելու ընդհանուր հարթակ»,- ասաց ֆինանսների նախարարը:

Հարցին, թե ինքը ֆինանսների փոխնախարար է եղել, չի՞ իմացել՝ գողություն եղել է, թե ոչ, նա նման պատասխան տվեց. «Ոչ, չեմ իմացել: Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ համակարգը միշտ էլ ունենում են: Դա նաև դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք, համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ»:

Նորանշանակ նախարարը ժամանակ խնդրեց լրագրողներից՝ նմանօրինակ հարցերին պատասխանելու համար:

Մանրամասները տեսանյութում