Հիվանդությունն ախտորոշված է, մնում է բուժել

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 14:15
Տարիներ շարունակ քաղաքացիները բարձրաձայնում էին, մահակի հարվածների տակ բղավում էին, ջրցան մեքենաների դեմ առ դեմ կանգնած իշխանություններին զգոնության կոչ էին անում՝ այսպես շարունակել չի լինի` տնտեսության վիճակը ծանր է և անմխիթար:

Սակայն այդ նույն ժամանակ բարձրագույն իշխանությունում գտնվող տարբեր տրամաչափի իշխանավորներ զեկուցում էին, որ առաջընթացը նկատելի է և տնտեսական աճը զգալի: Հավանաբար իշխանավորները նկատի են ունեցել իրենց բարեկեցության աննախադեպ աճը:

Նրանք մոռանում էին, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդեն աղքատները չեն կարողանում արտագաղթել, քանզի ոտքով դժվար է երկար ճանապարհ անցնել: Եվ այս իրավիճակում իշխանավորները հետևողականորեն դարձան օլիգարխներ:

14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանը հիվանդ տնտեսության վիճակը ճիշտ ախտորոշեց և բարձրաձայնեց, որ վիճակը ծանր է և անհրաժեշտ է շտապ օգնություն: Մինչև այժմ երբևէ նախորդ վարչապետները չեն բարձրաձայնել, որ վիճակը ծանր է:

Սեպտեմբերի 15-ին հրավիրված կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցրած կուռ խոսքը և հանձնարարականները հույս են ներշնչում, որ իրավիճակը կարելի է փրկել:

Այսօր էլ պաշտոնակատարներից շատերը ունեն ճամպրուկային տրամադրություն, քանզի դժվարանում են լակոնիկ խոսել, ամբողջությամբ չեն տիրապետում իրենց ոլորտին առնչվող հարցերին, ժամանակ են խնդրում, որ հասկանան իրենց առաջադրված հարցերը և գուցե հենց այդ պատճառով է, որ նրանցից ոմանք դարձել են մի քիչ նեղացկոտ: Հավանաբար 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրենց հետ քաղցր-մեղցր է խոսել:

Ժամանակները փոխվել են, և այսօր տնտեսության վիճակը փրկելու համար անհրաժեշտ է ունենալ արհեստավարժ թիմ համարձակ մասնագետներով՝ առանց քաղաքական խաղերի:

Կարծում եմ, վարչապետը պետք է ունենա ազատության լայն շրջանակ, որպեսզի ստեղծված իրավիճակից ելքեր փնտրվեն, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է քաղաքական խաղերից հեռու մնալ:

Գառնիկ Վաղարշակյան Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ