«Ինչո՞ւ եք բերել այս որոշումը». Վարչապետը նկատողություն արեց ՀՅԴ-ական նախարարին

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 12:09
Երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ մինչև վերջ այդպես էլ չհասկացավ, թե ինչ փոփոխություն է առաջարկում Լևոն Մկրտչյանը:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ հիմնադրամային կարգավիճակը ավելի հարիր է ինքնավարությանը:

Վաչապետը հարցրեց՝ աշխարհում կա՞ նման համակարգ, որ համալսարանը հիմնադրամ է:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ աշխարհի երկրների մեծ մասում այդպես է:

«Մենք բազմաթիվ քայլեր ենք անում՝ կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Գուցե մենք կանգնեցնենք… Ես այս պահին չեմ ուզում ձեր որոշումը կանգնեցնեմ, բայց ինքներդ եթե վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանենք», ասաց Կարեն Կարապետյանը:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ այս որոշումն ավելի լավ վիճակ է ստեղծելու, քան առկա վիճակն է, ընդհանուր քաղաքականություն է, համալսարանների մի մասում սա արվել է, բայց ընդհանուր բուհական համակարգում լուրջ փոփոխությունների կարիք կա:

«Եթե մենք բերում ենք լուծում, որը մինչև վերջ համոզված չենք, որ լավագույնն է, չենք անում: Եթե մենք ինչ-որ գործողություններ արել ենք և իներցիայով ասում ենք՝ արել ենք, շարունակում ենք, դա հիմնավորում չէ: Ես էլ եմ զգում, որ դուք լավագույն լուծումը չեք տալիս, դե եկեք մեկ շաբաթ էլ մտածենք, լավագույն լուծումը տանք»,- ասաց վարչապետը:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Ընդունված է, մինչև վերջ չբավարարված»:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն կրթության մասին օրենքը կդրվի հրապարակային քննարկման, կփորձեն խնդիրները բարձրացնել:

Վարչապետը նրան նկատողություն արեց. «Եթե հոկտեմբերի 1-ին պիտի քննարկենք, այսօր սեպտեմբերի քսան քանինսն է, ինչո՞ւ եք բերել այս որոշումը»,- հարցրեց Կարեն Կարապետյանը: