Վարչապետը համարձակ քայլեր է ակնկալում նոր նախարարներից

  • Ներքին կյանք - 22 Սեպտեմբերի 2016, 11:38
Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նախարարների փոփոխությանը՝ նշելով, որ նորանշանակ նախարարներից ակնկալում է համարձակ քայլեր:

Նա նշեց, որ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարներին, ապա Կարեն Կարապետյանն ասաց, որ նրանք ընտրված են հետևյալ չափանիշներով՝ երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչներ, որոնք բավական լավ են իրենց դրսևորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ:

«Ես բավական մեծ ակնկալիքներ ունեմ իրենցից, որպեսզի իրենք վերանայեն մեր կառավարման համակարգը: Ակնկալում եմ, որ մոտ ժամանակներս կներկայացնեն ծրագիր, թե ինչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը: Մենք ներսում քննարկում ենք, որ հետագայում մեր նախարարներն ու գերատեսչությունները, ունենալ հայտանիշները, որոնցով մենք կգնահատենք աշխատանքը, որտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե այդ ոլորտն ինչքան ներդրում է ներգրավում»,- ասաց Կարեն Կարապետյանը: նա շնորհավորեց նորանշանակ նախարարներին՝ հայտարարելով, որ նրանցից ակնկալում է ռեալ համարձակ քայլեր:

«Դուք լինելով այդ ոլորտից՝ ունեք հնարավորություն՝ ձեր երազած ոլորտը սարքել, երկիր փոխել, լավ միջավայր ստեղծել»,- հավելեց վարչապետը: