Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Հայկական պետականության վերականգնման» հռչակագրի» դրույթները

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 16:31
Հռչակագիր հայկական պետականության վերականգման

Այսօր մարդկությունը թևակոխում է պատմական մի շրջափուլ, որը բնորոշվում է աշխարհաքաղաքական նոր կարգի ձևավորմամբ: Այդ ընթացքում հայ ժողովուրդը չպետք է կորցնի իրեն պատկանող Հայրենի բնօրրանով հանդերձ կարևոր միավոր ճանաչվելու պատեհությունը և հնարավորություն ստեղծի ինքնուրույն վարելու իր ազգային շահը հետապնդող քաղաքականություն` խուսափելով անիմաստ նոր զոհողություններից, հանդես բերելով ինքնիշխան պետության կարգավիճակից բխող հաստատակամություն ու նպատակամետություն:

Ժամանակին համընթաց քայլելու և համամոլորակային երթից ետ չմնալու բանալին մեզանում կազմավորված բռնակալական, քրեաօլիգարխիկ բուրգի օր առաջ տապալումն է և արտաքին կայսերապաշտական, ամբողջատիրական համակարգի հետ ուղղահայաց, վասալային քաղաքական կապի լուծարումն ու ժողովրդական հանրապետության հիմնումը:

Այժմ, երբ համայն հայությունն իր ամբողջական հայրենիքի պատկառելի հատվածին` Հայոց կորուսյալ բնօրրանին վերատիրանալու համար հասել է պայքարի բավական նպաստավոր մի հանգրվանի, սովորականից ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում մեր ազգային համընդհանուր ուժերի լարման և միատեղման հրամայականը, որպեսզի կենսակոչվի այնպիսի պետականության հիմնադրումը, որտեղ մարդու կյանքի, ազատության և երջանկության բնական ու անօտարելի իրավունքները լինեն կատարելապես երաշխավորված:

Ելնելով այն իրողությունից, որ կառավարման գործող համակարգը` նախագահ, կառավարություն և խորհրդարան, կործանարար է վերը թվարկված նպատակների հաջող մարմնավորման համար, ժողովուրդը պետք է անվերապահորեն օգտվի իր իրավունքից` լուծարի անարդյունավետ աշխատող այդ կառույցները և կազմավորի նոր կառավարություն` հիմնված քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը լավագույնս ապահովող սկզբունքների վրա:

Հայկական շուրջ քսանհինգամյա նորագույն պետականության պատմությունը լի է անարդարությունների, բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների և հակոտնյա այլ երևույթների բազմաթիվ վկայություններով, որոնք վերահաստատում են Հայաստանում անսահմանափակ բռնակալության կայացման տխուր փաստը:

Մասնավորապես` անվիճելի են փաստերը, որ շուրջ քսանհինգ տարի.

չեն ընդունվել օրենքներ, որոնք օգտակար և անհրաժեշտ են ժողովրդի ազգային շահը սպասարկելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար,

ընդունվել են հատուկ օրենքներ ու օրենսդրական ակտեր, որոնք բխում են բռնակալի և նրան սպասարկող խամաճիկների նեղ անձնական շահերից,

հասարակությունն ապրել է ծայրահեղ բևեռացվածության պայմաններում, չեն պաշտպանվել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, չեն գործել իշխանության տարանջատման ու հակակշռման կառուցակարգերը,

խոչընդոտվել է հատկապես խոսքի ազատությունը (փակվել են լրատվամիջոցներ, բռնության են ենթարկվել լրագրողներ),

թույլ չի տրվել անկախ արդարադատության համակարգի գործունեությունը,

խորհրդարանը, կառավարությունը, դատարանները և ուժային կառույցները հիմնականում գործել են ի շահ մեկ մարդու` բռնակալի, և նրա մերձավոր շրջապատի,

բազմիցս յուրացվել է ժողովրդի իշխանությունը և ճնշվել ժողովրդի օրինական ցասումը (ի մասնավորի` 1995, 1996, 1998, 2003, 2008, 2013, 2015 թվականներին),

հետապնդվել են քաղաքական ընդդիմադիր գործիչները (սպանություններ, ծեծուջարդ, բանտարկություններ, քաղաքականությամբ զբաղվելու արգելք) և քաղաքական ընդդիմադիր կազմակերպությունները (կուսակցության գործունեության ապօրինի դադարեցում, կուսակցական գրասենյակների անօրինական փակում, հարձակումներ կուսակցության գրասենյակների վրա և այլն):

Բռնակալը և բռնակալական կառուցակարգը.

զանգվածաբար զրկել են մարդկանց` օրենքի ուժով պաշտպանել իրենց հիմնարար իրավունքներն ու ազատությունները,

ապօրինաբար ազատազրկել են հազարավոր մարդկանց,

վախի և կարիքի մեջ են պահել հասարակությանը,

ապօրինի կերպով օտարել են հանրային և մասնավոր սեփականությունը,

իրականացրել են հակաօրինական հարկահավաք,

հարստահարել կամ սնանկացրել են օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող գործարարներին,

յուրացրել են սոցիալական, առողջապահության, կրթության և պաշտպանության համար նախատեսված հանրային գումարները,

ոչնչացրել են մշակութային ժառանգությունը և հայրենի բնությունը,

ռազմավարական նշանակության ազգային սեփականությունը նվիրաբերել են օտարին,

հրաժարվել են գիտելիքահենք, նոր տեխնոլոգիաների վրա խարսխված տնտեսությունից և ռազմարդյունաբերությունից,

Հայաստանից ապօրինաբար արտահանել են տասնյակ միլիարդ դոլարի հասնող գումարներ,

կուտակել են շուրջ 6 միլիարդ դոլար պետական պարտք,

ազգային Զինված ուժերն օգտագործել են ճնշելու բռնակալության դեմ ժողովրդի արդարացի ընդվզումը,

ստեղծել են աշխարհում բնակչության թվաքանակի համեմատ ամենամեծ ոստիկանություններից մեկը,

դիտավորյալ չեն բնակեցրել ազատագրված հայրենիքը,

չեն պաշտպանել Հայրենիքի արցախյան սահմանը և հրաժարվել են հայրենի տարածքի բռնազավթումը վերացնելու պարտականությունից,

չեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահը` հանդես բերելով տարածքներ զիջելու պատրաստակամություն,

Հայրենիքը բռնակցել են ծավալապաշտական, ազգային շահին հակասող միությունների,

խոչընդոտել են ներգաղթին և խթանել Հայաստանի հայաթափումը,

չեն զինել Ազգային բանակը համապատասխան ժամանակակից զենքով,

ազգային անվտանգության կարևոր նշանակության գործառույթը` հայրենիքի սահմանի պաշտպանությունը, փոխանցել են օտարին,

առանց ժողովրդի ազգային շահը հաշվի առնելու, օտարին են տրամադրել հայրենի տարածքը (ռազմակայանի համար), ինչպեսև` երկինքը (միասնական հակաօդային պաշտպանություն իրականացնելու համար),

հրաժարվել են հայաբնակ վայրերում վտանգի մեջ հայտնված ազգակիցներին պաշտպանելու պարտականությունից,

հրաժարվել են Հայրենի բնօրրանի հիմնական մասի բռնազավթման և ազատագրման ճանաչման իրավունքից ու սուրբ պարտականությունից,

ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք վտանգում են հայկական պետականության ինքնիշխանությունը,

Հայոց ազգային շահը սպասարկելու և ժողովրդի բարեկեցության համար չեն կառուցել ողջամիտ, հավասարակշռված, բովանդակալից հարաբերություններ Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների ու միջազգային կառույցների հետ:

- Քանի որ ժողովրդի համբերությունը տևապես չարաշահվում է բռնակալության կողմից.

- Քանի որ բռնաճնշումների դեմ պայքարը սպառում է բոլոր հնարավոր միջոցները.

- Քանի որ շուրջ երկու տասնամյակ ընթացող ահռելի չափերի չարաշահումների և բռնությունների շղթան նենգ մտադրությունների նոր դրսևորումներ է խոստանում, այն է` ստիպել ժողովրդին համակերպվելու անսահման բռնակալության հետ և հրաժարվելու հայրենիքից, ինչը ժողովրդին պարտավորեցնում է այլևս չհանդուրժել կառավարության անգործունակությունը և անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծել ապագայի համար.

- Քանի որ իսպառ բացակայում են ազատության, սեփականության, անվտանգության ու ճնշումների դեմ դիմադրության մեր բնական և անօտարելի իրավունքների ապահովման գործիքակազմերը,

մենք` հայ ժողովրդի համասփյուռ ներկայացուցիչներս,

նպատակ ունենալով կյանքի կոչելու ազգային-ազատագրական և ժողովրդական իղձերը,

հանձնառու ենք շարունակելու ազատատենչ նախնիների և ապստամբ նվիրյալների պայքարը

ընդդեմ գաղութատիրության և բռնակալության, հանուն հայ ժողովրդին պատկանող Հայրենի բնօրրանի տարածքային ամբողջականության վերականգնման և ժողովրդավար սահմանադրականության ձևավորման:

Այդ նպատակով`

- լուծարում ենք մեր քաղաքական կապը Հայաստանում գործող բռնակալական համակարգի հետ.

- գիտակցում ենք, որ նախքան նոր օրինական հայկական իշխանության ձևավորումը, անհրաժեշտ է աշխարհի հայահոծ վայրերում ստեղծել քաղաքական կառավարման կառույցներ, որոնք կոչված կլինեն սպասարկել սույն Հռչակագրի դրույթները.

- հռչակում ենք` Հայոց պետականության տարածքային ամբողջականության վերականգնում Հայկական բարձրավանդակի ու հարակից տարածքների ազատագրում, մինչ այդ հիմք ընդունելով հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը` Արցախի ու Հայաստանի հանրապետությունների հենքի վրա Հայկական միասնական պետականությունը, որի կառավարման համակարգը հիմնված կլինի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման, հակակշռման ու զսպումների կառուցակարգերի վրա: Քաղաքական կառավարման համակարգը պետք է զերծ պահվի քաղաքական մենաշնորհից.

- ընդունում ենք, որ Հայոց պետականության կրողը համասփյուռ հայ ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է ամիջականորեն` իր իսկ հիմնադրած ներկայացուցչական մարմինների միջոցով: Հայ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներն իրավունք ունեն կրելու Հայկական պետականության քաղաքացիությունը և բանեցնելու քաղաքականություն: Բոլոր հայերը գտնվում են Հայոց պետականության պաշտպանության և աջակցության ներքո, իրավունք ունեն ազատագրված հայրենի բնօրրանում ստանալ անհատույց հողակտոր` տուն կառուցելու նպատակով.

- հաստատում ենք, որ Հայոց պետականության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես հայկական Ազգային բանակի մենաշնորհն են: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Հայոց պետականության սահմանների ողջ երկայնքով արգելվում է: Այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական հենակետերն ու շինությունները չեն կարող տեղաբաշխվել Հայոց պետականության տարածքում առանց երկրի ռազմաքաղաքական հայեցակարգի անտեսմամբ և համապատասխան նյութական փոխհատուցման.

- սույն Հռչակագիրը հիմք է ծառայում աշխարհի հայաբնակ վայրերում քաղաքական կառավարման կառույցների հիմնադրման, Հայոց պետականության Սահմանադրության, սահմանադիր օրենքների և հայ ժողովրդի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման համար.

- ընդունում ենք սույն Հռչակագրի դրույթները և հավատարմություն հայտնում, որ մեր կամքով, ներուժով, արժանապատվությամբ այն իրականություն ենք դարձնելու:

Առա´ջ, դեպի հաղթանակ:

Զարուհի Փոստանջյան