Սերժ Սարգսյանը Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրել է Բակո Սահակյանին

  • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2016, 16:08
Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա պարգևատրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և Արամ Ա Կաթողիկոսին:

«Տոնական օրերին պետական պարգևների արժանացած անձանց թվից երկուսին ցանկանում եմ պարգևատրել հենց այստեղ՝ բոլորիդ ներկայությամբ: Ես հրամանագիր եմ ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրելու մասին՝ հաշվի առնելով նրա անուրանալի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման և ամրապնդման գործում:

Սիրով ուզում եմ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին հանձնել դեռևս անցյալ տարի հրամանագրով հաստատված նրա պարգևը: Վեհափա՛ռ Տեր, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայապահպանության գործում, ինչպես նաև մեր ավանդական արժեքների պահպանման սուրբ պարտականությունները: Շատ շնորհակալ ենք և թույլ տվեք Ձեզ հանձնել Ձեր պարգևը», - ասել է Սերժ Սարգսյանը: