Բոլորն էլ իմացել են գաղտնիքը, այդ թվում Կարեն Կարապետյանը

    • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 21:46
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունը սկսել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կարապետյանը հայտարարել է, որ պետք է արմատապես փոխել պետական կառույցների առաջ դրված խնդիրը, պետք է օպտիմալացնել պետական ծախսերն ու խնայողության միջոցով իրականացնել այլ ծրագրեր:

Հայտարարություններ, որոնք անելու համար բավականացնում էր նույնիսկ Հովիկ Աբրահամյանի խելքը, որքան էլ վերջինս նախընտրում էր քաղաքականության մեջ այն շատ չկիրառել: Աբրահամյանն էլ խոսում էր օպտիմալության մասին, բայց, օրինակ, կառավարության ղեկավար նշանակվելուց հետո 245 միլիոն դրամի նորոգում էր իրականացնում շենքում, իսկ կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց ոչ շատ առաջ էլ հատը հազար դոլարով ծառայական մեքենայի անիվներ էր գնում: Հայտարարում էր օպտիմալացման մասին, բայց կրճատում ընդամենը մեծ հաշվով առանց այդ էլ գոյություն չունեցած ծառայական մեքենաները:

Այդ իմաստով, օպտիմալացման մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունները գործնականում ոչինչ են: Ամեն ինչ երեւալու է 2017 թվականի բյուջեի նախագծում: Ավելին, փաստացի այդ նախագիծը լինելու է տվյալ ժամանակահատվածում շատ ավելի կարեւոր փաստաթուղթ, քան կառավարության ծրագիրը, որ Կարապետյանը ներկայացնելու է ԱԺ-ին, բնականաբար ավելի շուտ, քան կներկայացվի բյուջեն:

Կարեն Կարապետյանի իրական, առարկայական ծրագիրը լինելու է պետական բյուջեն եւ բյուջեի բովանդակությունը, շեշտադրումները, ծախսային ուղղվածությունն ու խնայողության միտումներն են իրականում լինելու նոր վարչապետի նոր մոտեցումների ինդիկատորը:

Խոսքն այն մասին չէ, որ համեստ բյուջեով պետք է կազմակերպել ճոխ «հարսանիք»: Խոսքն այն մասին է, որ բյուջեն իր համեստությամբ հանդերձ պետք է մտածողության ուղենիշներով լինի որակապես այլ, ընդ որում համոզիչ: Դրա հնարավորությունը կա, Իշխան Զաքարյանն ասել է մի քանի տարի առաջ, հայտարարելով, որ բյուջեի 1/3-ը ենթակա է մսխման ռիսկի: Ընդ որում, դա այնպիսի մի «պետական» գաղտնիք էր, որ Սերժ Սարգսյանը սպառնաց նույնիսկ Վերահսկիչ պալատի նախագահին հանձնել ՀՔԾ: Դրանից հետո Զաքարյանը զգալիորեն հանդարտվեց, թեեւ իհարկե լուծվել էր նաեւ առանցքային հարցերից մեկը, որ նա սպասարկում էր իր Վերահսկիչ պալատով մինչեւ 2014 թվական՝ Տիգրան Սարգսյանի հեռացումը:

Եվ այդ հեռացման բովում Զաքարյանը կամա թե ակամա բացահայտեց ներիշխանական «անձեռնամխելի» տեղեկությունը բյուջեի 1/3-ի մասին:

Այնպես որ, հանրությունն այժմ գիտե, թե խաղի ինչպիսի տարածություն ունի որեւէ կառավարություն եւ վարչապետ: Այլ հարց է իհարկե, թե արդյոք նրան կտան այդ տարածությունը: Բայց դա արդեն որեւէ մեկին չի հետաքրքրում, դա արդեն Կարեն Կարապետյանի խնդիրն է, որի լուծումն էլ կա՝ եթե չի տրվում խաղի տարածություն «խաղադաշտի» եղած սահմանում, ապա մնում է պարզապես ազնվորեն հրաժարական տալ, իհարկե մինչ այդ համարձակորեն ասելով, թե ով պետք է տար այդ խաղի հնարավորությունը, որ չտվեց:

Որովհետեւ այժմ ամենաբարձր՝ Սերժ Սարգսյանի մակարդակով հայտարարվել է, որ Կարապետյանին տրվում է այդ հնարավորությունը, ընդ որում երկար ժամկետով: Հետեւաբար առնվազն տարօրինակ կլինի, եթե Կարապետյանը չխաղա, եւ եթե լավ չխաղա: