Աշոտ Ղուլյանն ընդունել է սենատոր Լյուկ Կառվունասի գլխավորած պատվիրակության հետ

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 17:50
Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիական Հանրապետության Սենատի անդամ, Ալֆորվիլլի քաղաքապետ Լյուկ Կառվունասի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ֆրանսիական խորհրդարանականների հետ կապերը, մասնավորապես «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի գործունեությունն՝ Արցախին սատարելու հարցում: «Մեզ համար ազատությունը մեր իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու միակ միջոցն է», - ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով պատվիրակության անունից՝ սենատոր Լյուկ Կառվունասը նշել է, որ Ֆրանսիային եւ Լեռնային Ղարաբաղին միավորում է ազատության ու անկախության ձգտումը եւ համոզմունք հայտնել, որ իրենց կհաջողի ընդլայնել համագործակցության շրջանակները: «Մեզ է պատկանում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, հետեւապես Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը նաեւ մեր խնդիրն է», - ընդգծել է Լյուկ Կառվունասը:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: