Քննչական կոմիտեն ԲՀԿ թեկնածուի որդու մահվան հանգամանքների մասին

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 17:19
Հարուցվել է քրեական գործ՝ Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Արշակ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա.Գրիգորյանի դիակը։

Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Դեպքի վայրի զննությամբ վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ քննչական կոմիտե