Ովքեր են նոր նախարարները

    • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 16:04
Կառավարության կազմում ուշագրավ փոփոխություններ են կատարվել: Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների նշանակման մասին:

Ֆինանսների նախարարի պաշտոնում այլևս չի աշխատի Գագիկ Խաչատրյանը: Նրան կփոխարինի Վարդան Արամյանը, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, իսկ դրանից առաջ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ևս պաշտոնանկ արվեց: Նոր նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը, ով Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն էր: Նա գործարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել 1998 թվականից:

Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին կփոխարինի Վահան  Մարտիրոսյանը, ով ևս մասնավոր հատվածից է: Կենսագրական տվյալների համաձայն՝ նա բարձր պաշտոններ է զբաղեցրել մի շարք ընկերություններում, իսկ 2012 -2016 թվականներին եղել է «GNC-ալֆա» ՓԲԸ, այսինքն Ռոստելեկոմի տնօրենների խորհրդի նախագահը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվել է Աշոտ Մանուկյանը, ով «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր, իսկ դրանից առաջ մի շարք այլ ընկերություններում է պաշտոններ զբաղեցրել: Նա նաև պաշտոններ է ունեցել պետական հատվածում, օրինակ, 1998-1999 թվականներին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, իսկ 2001-2003 թվականներին՝ Հանրային հեռուստատեսության խորհրդի փոխնախագահը: