Հայաստանյան թեթև արդյունաբերությունը ներկայացվել է «ՏԵՔՍՏԻԼԼԵԳՊՐՈՄ» 47-րդ միջազգային ցուցահանդեսին

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 14:36
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 20-23-ը մեր երկրի թեթև արդյունաբերության ոլորտի 6 ընկերություններ Մոսկվայում մեկ միասնական տաղավարով մասնակցում են «ՏԵՔՍՏԻԼԼԵԳՊՐՈՄ 2016» միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Այն տեքստիլ ու թեթև արդյունաբերության սարքավորումների և արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են տրիկոՍ աժի, գուլպեղենի, հագուստի, հավաքածուներ:  Ցուցահանդեսում առկա է նաև մանրածախ առևտուր իրականացնելու հնարավորություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովել է ՀՀ Կառավարության՝ արտահանմանն ուղղված միջոցառումների շրջանակում: «Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել ենք՝ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով և տեղական արտադրանքի՝ միջազգային շուկա դուրս գալուն խթանելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

«ՏԵՔՍՏԻԼԼԵԳՊՐՈՄ 2016»-ին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից և ակնկալվում է, որ այցելուների թիվը կգերազանցի 30 000-ը: Նրանց թվում՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, վերոնշյալ արտադրատեսակների ներմուծողներ։  Ցուցահանդեսն ուղեկցվում է հագեցած գործարար ծրագրով, կազմակերպվել են կլոր սեղաններ, արտադրատեսակների շնորհանդեսներ, ճյուղային մրցույթներ և գործարար համաժողով: