Խայտառակության ակտն անշրջելի է ու անջնջելի

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 14:31
Ինչ է մոռացել ՀԱԿ-ը անկախության տոնին ընդառաջ

«Կուսակցության պատգամավորները հրավիրված են, չեն մասնակցելու, Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու, անկախության դեմ քաղաքական ուժերի հետ անկախությունը նշելու ցանկություն չունենք, մենք նշել ենք առանձին եւ նշելու ենք առանձին, այս իշխանություններն անկախությունը ոչնչացնող քաղաքական ուժեր են եւ իրենց հետ չենք նշելու տոնը», սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, պատասխանելով տոնական պաշտոնական միջոցառումներին իրենց մասնակցության վերաբերյալ հարցին:

Հետաքրքիր պատկեր է ստացվում: ՀԱԿ-ն այն ուժն է, որը իշխանության հետ ստորագրել է ԸՕ շուրջ կոնսենսուսը: Փաստորեն, ՀԱԿ-ը կարծում է, որ իշխանությունն անկախությանը դեմ է, իսկ օրինական ընտրությանը կո՞ղմ:

Բայց դա չէ իհարկե ամենից զավեշտալին: Զավեշտալին այն է, որ Հայ ազգային կոնգրեսը «անկախությանը դեմ» ուժերի հետ քվեարկել է անկախության ու ինքնիշխանությանը դեմ՝ երբ Հայաստանը բռնակցվում էր ԵՏՄ-ին, իսկ հիմա հրաժարվում է այդ ուժերի հետ անկախություն տոնել:

Դա իհարկե ՀԱԿ իրավունքն է՝ ում հետ տոնել, իսկ ում հետ՝ ոչ: Բայց այդ իրավունքը արժե իրացնել առանց հանրային կարծիքի մանիպուլյացիայի:

Երբ 2013 թվականին ակնհայտ ոտնձգություն էր կատարվում Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ, Հայ ազգային կոնգրեսը ոչ միայն դեմ չէր արտահայտվում այդ ոտնձգությանը, այլ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ այն օրը, երբ Մինսկում ստորագրվում էր Հայաստանի անդամության պայմանագիրը, Երեւանի Ազատության հրապարակում ոչիշխանական բեւեռի հանրահավաքում իր առաջնորդի ելույթով փաստացի լեգիտիմացնում էր Հայաստանի անկախությունը էապես սահմանափակող այդ արարողությունը, հայտարարելով, որ դրա դեմ խոսելն անիմաստ է, քանի որ դա անշրջելի գործընթաց է:

Հետո, ՀԱԿ պատգամավորները քվեարկեցին այդ պայմանագրի խորհրդարանական վավերացման օգտին:

Իհարկե հասկանալի է, որ առանց ՀԱԿ էլ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Հայաստանը բռնակցելու էին ԵՏՄ-ին: Բայց, իհարկե մի բան էր լինելու քաղաքական լուրջ դիմադրությամբ անդամակցումը ԵՏՄ-ին, մեկ այլ բան էր լինելու «ազգային համաձայնությամբ» բռնակցումը, երբ ընդամենը 7 պատգամավոր դեմ եղավ այդ քայլին, իսկ ՀԱԿ առաջնորդի եւ Առաջին նախագահի գնահատմամբ էլ այդ բռնակցմանը դեմ գնացողներն ընդամենը «մարգինալներ» էին: