Շուտով վարչապետը կասի

  • Ներքին կյանք - 20 Սեպտեմբերի 2016, 13:24
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե տնտեսության վիճակը շատ ծանր է:

«Ւմ տրամաբանությամբ պարոն Կարապետյանը շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է, անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ՝ հետագա աճի ապահովման համար: Խոսքը չի վերաբերում նրան, որ տնտեսական աճ չի եղել, որ թվերն իրական չեն, խոսքը վերաբերում է զարգացման այն տնտեսական մոդելին, որն առկա էր, և հարկ է նոր մոտեցում, որը կշարադրվի վարչապետի կողմից շուտով»,- ասաց նա:

Գաբրիելյանը նաև հայտարարեց,  որ զարգացման հեռնկարների տեսակետից, եթե խոսքը վերաբերում է այն ռեսուրսին, որը կա զարգացման համար, այո, վիճակը ծանր է:

Հարցին, թե այս իրավիճակը որքանո՞վ է ազդում ներդրումների վրա, նա պատասխանեց. «Հայաստանի ծանր վիճակը ներդրումների հարցում որևէ վատ կերպ չի արտացոլվում, որովհետև պարոն Կարապետյանի միտքն այն էր, որ անհրաժեշտ է ավելի շատ ներդրումների ներգրավում»:

Լրագրողներն անդրադարձան նաև ՌԴ նախագահի հայտարարությանը, թե ԵՏՄ կազմում գտնվող Հայաստանում ՀՆԱ 10 տոկոսանոց աճ է արձանագրվել, բայց պարզվում է, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, այս հակասությունը ինչո՞վ է բացատրվում:

«Եթե դուք նշում եք, որ ԱՎԾ պետ պարոն Մնացականյանը չկարողացավ դա բացատրել, ապա մահկանացուները ինչպե՞ս կարող են դա անել»,- պատասխանեց փոխվարչապետը:

Նա նշեց, որ տարեվերջին Հայաստանի տնտեսությունը աճով կփակեն՝ 2.5-3.5 տոկոսի սահմաններում: