ՀՀԿ-ն նոր տեխնոլոգիա է կիրառել

    • Ներքին կյանք - 19 Սեպտեմբերի 2016, 19:29
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի շարք բնակավայրերում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր կուսակցությունների մոտ ընտրազանգվածի վերադասավորում է տեղի ունենում, բայց ՏԻՄ մարմիններում որակական փոփոխություն տեղի չի ունենա: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում նոր տեխնոլոգիա կիրառեց:

«Նկատելի էր հետաքրքրիր մի բան, որ ՀՀԿ-ն շատ դեպքերում մի կողմից ՀՀԿ թեկնածուներին էր առաջադրում, մյուս կողմից էլ անկուսակցականներ բերելով հրապարակ՝ նոր ընտրազանգված վերցրեց: Երևի մտածում էին, որ վերջին ընտրություններից հետո ՀՀԿ անունը կարող է բացասական ազդակներ բերել, պարտություններն ավելի հավանական կդառնան, հետևաբար որոշ տեղերում առաջադրում էին ՀՀԿ-ականներ, մյուս կողմից դեմ չլինելով, որ անկուսակցականները հաղթեն, բայց ակնհայտ է, որ անկուսակցականները ոչ պակաս ՀՀԿ-ական են, քան պարտված ՀՀԿ-ականները»,- ասաց Սաֆարյանը:

Նորաստեղծ կուսակցությունների՝ ԳԱԼԱ-ի, «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, ըստ Սաֆարյանի, հիմք է տալիս ենթադրելու, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, կա հետաքրքրություն ՏԻՄ ընտրությունների նկատմամբ: Բայց, երբ հաշվարկներն ենք նայում, տխուր է, որ դա չնչին մասն է կազմում միայն:

«Ընդդիմադիր կուսակցությունների կողմից հետաքրքրությունը և հնարավորություններն ուղղակի չնչին տոկոս են կազմում: Թերևս այդ հաղթանակներն իրենց թիմի համար են կարևոր, քան ՏԻՄ համակարգի բարելավման տեսակետից, քանի որ մեծամասնությունը ՀՀԿ-ն իսկապես կրկին պահել է իր տրամադրության տակ»,- հավալեց նա:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս փուլում տեղի է ունենում ընտրազանգվածի վերադասավորում: Ընտրություններին նոր մասնակցող քաղաքական ուժերը, թեկուզ և իրենց փոքրիկ հաղթանակներով, դառնում են ուժի կենտրոն՝ հրապարակ գալով և դառնալով, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտի առաջին գիծը: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտեցին ՏԻՄ ընտրությունները, ակնհայտորեն կորցնում են իրենց ընտրազանգվածը:

«Այս ընտրություններում նորաստեղծ կուսակցություններն իրենց հայտն են ներկայացնում, և դա իրենց համար ընտրազանգվածի բաժանման բավական արդյունավետ քայլ է: Բայց եթե մենք խոսում ենք ՏԻՄ մարմինների որակակական փոփոխության մասին, ապա դա ցավոք տեղի չի ունենա»,- նշեց նա:

Միաժամանակ, Սաֆարյանի խոսքով, ցավալի է, որ Ընտրական օրենսգրքի բարելավման, նոր Սահմանադրության բարեփոխումների բարձրագոչ խոստումների ներքո նախքան ընտրությունները կրկին ունեցանք միջադեպեր, որոնք նախկինում էլ էինք տեսել:

«Դեժավյու էին դրանք՝ ծեծ, կրակոցներ, սպառնալիքներ, ընտրական ոչ պատշաճ վարչարարություն: Սա լուրջ խնդիր է: Ցավալի է, բայց ինչքան խոսում ենք իշխանության մեղավորության մասին՝ որպես երկրի կառավարման պատասխանատու, այնուամենայնիվ թերևս սա նաև ընդդիմության ձախողման արտահայտությունն է»,- ասաց նա: