Ինչո՞ւ է Շաբոյանը մոնոպոլիաները թողած ընկել ՏՏ ոլորտի հետեւից

  • Ներքին կյանք - 15 Մարտի 2016, 15:39
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած հանձնաժողովը մոնոպոլ ընկերություններին թողած ըկել ՏՏ ոլորտի ընկերությունների հետևից: Նա որպես օրինակ բերեց Հայկական ծրագրեր ընկերության դեմ հարուցված վարույթը՝ ասելով. «Տպավորություն է, որ ընկել եք ՏՏ ոլորտի հետևից՝ թողնելով խոշոր ընկերություններին»:

Ի պատասխան Շաբոյանը հայտարարեց, որ Հայկական ծրագրեր ընկերությունը արդար չէ իր դիրքորոշման մեջ: «Անցած տարի ընկերությունը բարձրացրեց այն ծրագրերի գները, որոնք առաջարկում է, դրանք հաշվապահական ծրագրեր են: Մեր նախնական ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձավ, որ տվյալ ոլորտում ընկերությունը բավական մեծ կշիռ ու ազդեցություն ունի, ավելին, այն ծրագրերը, որոնք առաջարկում է, հնարավոր է միայն ընկերության կողմից սպասարկումն իրականացնել, մնացած ընկերությունները չեն կարող դա անել: Խնդիրը դա չէ, հանձնաժողովն ընկերության դիրքի ու չարաշահման մասին որևէ վարույթ չի հարուցել: Պարզապես մենք դիմեցինք իրենց ու խնդրեցինք ներկայացնել դիրքորոշում, թե ինչո՞վ է պայմանավորված գների բարձրացումը: Պատասխանն այն էր, որ ընկերությունը գները բարձրացնում է՝ բառացապես առաջնորդվելով իր զգացումներով»,- ասաց նա: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ երկրորդ անգամ էլ են դիմել ընկերությանը՝ նույն տեղեկությունը ստանալու համար, բայց մի քանի ամիս շարունակ ընկերությունը հրաժարվել է ընդհանրապես որևէ տեղեկություն տալ:

«Մենք վարույթ հարուցեցինք տեղեկություն չտրամադրելու համար: Մենք որևէ հաթաթա չենք տվել, պարզապես ուսումնասիրություն ենք սկսել»,- ասաց Շաբոյանը: Նա նշեց, որ իրենց նպատակն է պարզել, թե ի վերջո ինչո՞վ է պայմանավորված գների բարձրացումը: «Մենք չենք ստացել մեր հարցերի պատասխանները, քանի որ ընկերությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել ու ասում է, որ բացառապես իր զգացողություններով է պայմանավորված գների բարձրացումը»,- ընդգծեց նա:

Ամենաընթերցվածը