ՀՕՖ-ը վերանորոգել է Տավուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզը

  • Ներքին կյանք - 12 Նոյեմբերի 2015, 16:08
Տավուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզը նոյեմբերի 12-ին կրկին դռները բացեց իր 40 սաների համար` արդեն ամբողջությամբ նորոգված ու կահավորված շենքում:

1990-ականներին հակառակորդի հարձակումներից խուսափելու համար Չորաթանի մշակույթի տուն տեղափոխված մանկապարտեզը այսքան տարի հիմնովին չէր վերանորոգվել: Սահմանամերձ գյուղի նախակրթարանին աջակցող միջազգային տարբեր կազմակերպություններին այս տարի միացավ նաեւ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)` իր «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում վերանորոգելով Մշակույթի տան մանկապարտեզին պատկանող հատվածը:

«Մեր մանկապարտեզը դարձել է մի փոքրիկ դրախտավայր: ՀՕՖ-ի կողմից կատարվածը բառերով և թվերով նկարագրել անհնար է: Զարմացած են և՛ ծնողները, և՛ երեխաները: Ծնողները, կատակելով, նշում են, որ այս պայմանների համար էլի են ցանկանում երեխաներ ունենալ»,- բացման արարողության ժամանակ ասաց Չորաթանի մանկապարտեզի տնօրեն Օֆելյա Քալանթարյանը:

«Այս պայմաններից շահում են մեր փոքրիկները, ամրանում է մեր սահմանը»,- նշեց տնօրենը:

«Մեր երկիրը սահմանից է սկսվում, ու եթե բոլորը հասկանան սա ու այս մտածելակերպով առաջնորդվեն, ամեն ինչ լավ կլինի»,- տնօրենին հավելեց ՀՕՖ-ի Կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը:

Ի նշան երախտագիտության Չորաթան համայնքը շնորհակալագրեր հայտնեց «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի բարերար Մարդիկյան ընտանիքին ու ՀՕՖ-ին:

Նախակրթարանին օգնության ձեռք է մեկնել նաեւ Focus on Children Now կազմակերպությունը՝ վերանորոգելով սանհանգույցն ու գույք տրամադրելով:

Մանկապարտեզն ընդգրկված է 2013-ին մեկնարկած ՀՕՖ-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի մանկապարտեզներին տրամադրվող սննդի միջոցով թերսնման դեմ պայքարի ծրագրում, որը նպատակ ունի երեխաներին անհրաժեշտ վիտամիններով ու նյութերով հարուստ սնունդով ապահովելու միջոցով հաղթահարել թերսնումը:

Գալիք տարի ՀՕՖ-ի օգնությամբ կկահավորվի նաեւ մանկապարտեզի խոհանոցը ու կհամալրի պակասող գույքը:

5-ամյա ծրագրի կրթական ու առողջապահական բաղադրիչների շրջանակներում արդեն ավելի քան 20 դպրոց ու մանկապարտեզ է աջակցություն ստացել ու շարունակում ստանալ:

Ամենաընթերցվածը