Գյումրեցի տաքսիստները ոտքի են կանգնել. բարձրաձայնում են շարունակական բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին

  • Ներքին կյանք - 27 Փետրվարի 2015, 18:34
Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակում էին հավաքվել տաքսու վարորդները: Նրանք դժգոհում են «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված տուրքի, հաշվիչ տեղադրելու պարտադրանքի դեմ: Հայտարարում են, որ մտնել հարկային դաշտ ի վիճակի չեն, անկախ այն հանգամանքից, թե որքան գումար կպահանջեն իրենցից:

«Թող Գյումրիում չհամարձակվեն մեր կոպեկներն էլ ձեռներիցս առնին, մեր ավտոները տալիս ենք իրանց, թող գան մեկ շաբաթ մեր փոխարեն աշխատին ու հասկանան, թե մենք ինչ պայմաններում կապրինք ու կաշխատինք: Գյումրիում չկա երկրորդական ու երրորդական փողոց: Տանկադռոմներ են, առանց էն էլ աշխատած փողերը կուտանք ավտոյի մասեր առնելու, էլ մենք փող չունինք Սերժին տալու: Թող հեռու խաղան մեզանից»,-ասում է տաքսու վարորդ 64-ամյա Սերյոժա Ավետիսյանը:

Երիտասարդ վարորդներն իրենց հերթին պահանջ ներկայացրեցին՝ թող աշխատատեղեր ստեղծեն, որ հնարավոր լինի հոգալ ընտանիքի հոգսերը, հակառակ պարագայում իրենք ստիպված կլինեն ինչպես շատ-շատերը՝ բռնել արտագաղթի ճանապարհը:

«Ես երեք երեխա կպահեմ, ժամերով կանգնում եմ 500-1000 դրամ է աշխատածս: Ես էդ գումարով տուն հաց տանիմ, թե տամ իրանց: Սաղս բանկերում վարկեր ունենք, սաղիս քցել են վարկերի տակ, առանց էն էլ աշխատածներս իրանց ենք տալիս, էլ մեզանից ի՞նչ են ուզում: Թող չհամարձակվեն որեւէ մեկի, որեւէ վարորդի խաթրին կպնին ու պահանջեն, որ հաշվիչ դնենք: Իրանց բիզնեսը կզարգացնե՞ն: Տեսնիս ո՞ր օլիգարխն է խոշոր խմբաքանակի հաշվիչ բերել ու գուզե մեր վրա ծախե: Չի ստացվի, նախապես ասում ենք»,- հայտարարեցին տաքսու վարորդները:

Ընդգծենք, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել է պետական տուրքի վճարումների տարբերակված մոտեցում, համաձայն որի՝ 12 հազար դրամ ամսական տուրքի չափը վերաբերում է միայն Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց: Իսկ ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում սահմանված են տուրքի հետևյալ չափերը.

• ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ),

• եռամսյակային՝ բազային տուրքի քսաներեքապատիկի չափով (23000 դրամ),

• տարեկան բազային տուրքի ութսունապատիկի չափով (80000 դրամ):

Տարեկան 80.000 վճարելը բողոքի ակցիայի մասնակիցներն անհնար են համարում: Դարձյալ մի շարք պատճառներ են մատնանշում, առաջին հերթին այն, որ գնալով երկրում եւ մասնավորապես Գյումրիում տնտեսական վիճակը վատթարանում է:

«Շիրակի մարզն ամենաաղքատ, ամենախոցելի վայրն է: Թող էս նոր օրենքն էլ մտցնեն ու տեսնին, թե հետո ինչ կլինի: Էստեղ կանգնած յուրաքանչյուրը մի ընտանիք է պահում, մարդիկ ստիպված են լինելու ընտանիքներով հեռանալ, էլ ի՞նչ անենք, ի՞նչ կարող ենք անել, որ չեղած օդն էլ կփակեն էս իշխանությունները: Թողե՛ք շնչենք, ի՞նչ է ձեր ուզածը, հանգիստ թողեք մեզ»,-բարձրաձայնում էին բողոքի ակցիայի մասնակիցները:

Նրանց առաջարկվեց հանդիպել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Վերջինս հանդիպելով մի քանի հոգու հետ, խոստացավ հարցը բարձրաձայնել, զրուցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ, ներկայացնել խնդիրը, միեւնույն ժամանակ հանդիպում կազմակերպել տաքսու վարորդների եւ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչների միջեւ:

Վարորդները համաձայնվեցին սպասել մինչեւ երկուշաբթի: Այս ընթացքում Ֆելիքս Ցոլակյանը հորդորեց նրանց շարունակել բնականոն աշխատանքը:

Ամենաընթերցվածը