Կառավարության անտրամաբանական «խոշորացումը»

  • Ներքին կյանք - 02 Հուլիսի 2014, 09:43
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունն ու «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հետազոտական կենտրոնն իրականացրել են «ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության խնդիրները» թեմայով ուսումնասիրություն, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ Կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի 857-Ն որոշման արդյունքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության բնագավառում ստեղծված նոր իրավիճակը, որով Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և Աշխատանքի պետական տեսչությունը միաձուլվում և վերակազմակերպվում են Առողջապահական պետական տեսչության:

Ուսումնասիրության հեղինակ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, փորձագետ Ավետիք Մեջլումյանը իր ելույթում նշել է, որ Կառավարության փոփոխության արդյունքում այլևս գոյություն չունի առանձնացված մարմին, այն միացվել է առողջապահական պետական տեսչության երկու բաժինների՝ աշխատանքի անվտանգության և աշխատանքի օրենսդրության նորմերի պահպանման: Սա նշանակում է, որ օրենքով սահմանված բարձր կարգավիճակը տեսչությունը կորցնում է, իսկ տեսչության անվանման մեջ «աշխատանք» բառը չի օգտագործվում, ինչը, ըստ փորձագետի, խնդիրներ է առաջացնում: Բացի այդ, խնդիր է այն, որ առողջապահության նախարարությունն է զբաղվելու այս հարցով, ինչը մասնագիտացված կառույց չէ:

Կառավարության որոշումը մշակվել է ոչ թափանցիկ եղանակով, որոշումն ընդունվել է հապշտապ: «Ավելի մեծ թվով երկրներ են հակվում աշխատանքի առումով դեպի միասնական աշխատանքային մարմինների ստեղծումը, բայց սա այն խոշորացումը չէ, ինչը Հայաստանում է տեղի ունենում», ասել է Ավետիք Մեջլումյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ կառավարությունը թեև ընդունել է տեսչական բարեփոխումների հայեցակարգ, արդյունքում ունենք երկու տեսչությունների միաձուլման փորձ և բողոքների մեծ զանգված: Նրա խոսքով, քանի որ ամբողջական փաթեթով չեն ներկայացվել այդ փոփոխությունները, խնդիր է առաջացել՝ արդյոք ստեղծված մարմինը կարելի է համարել նախկին աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդ, քանի որ նախկինն ուներ մի փոքր բարձր կարգավիճակ:

Նա նշել է, որ անտրամաբանական է, թե ինչու այս տեսչությունը պետք է գտնվի առողջապահության համակարգում:

Ամենաընթերցվածը