Ամուլսարի հանքավայրում շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են

  • Ներքին կյանք - 13 Ապրիլի 2017, 17:18
Ամուլսարի հանքավայրում շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամուլսարի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016 թվականի ամռանը ու դեռևս ընթանում են։ «Այս տարի մենք արդեն իրականացնում ենք ավելի լայնածավալ աշխատանքներ՝ հողային, էլեկտրական լարերի, ջրի խողովակների տեղափոխման, ճանապարհների շինարարության։ Սարի լանջին ոսկու կորզման ֆաբրիկան է, որտեղ իրականացնում ենք հիմքի աշխատանքները»,- ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նրա խոսքով՝ մարտի դրությամբ ընկերությունը և կապալառուներն աշխատանքով են ապահովել 457 մարդու, որոնցից 235-ը՝ Ամուլսարի հարակից համայնքներից են։ Այս տվյալները ներառում են նաև ծառայությունների մատուցման կարճաժամկետ աշխատատեղեր՝ մի քանի օրից մինչև մեկ կամ երկու շաբաթ տևողությամբ։

Ալոյանի պնդմամբ՝ շինարարության զարգացման փուլում աշխատատեղերը կշարունակեն համալրվել։ Ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ առաջնային նախապատվությունը տալով Ամուլսարի շրջակա համայնքներին՝ Գնդեվազի, Գորայքի, Սարավանդի և Ջերմուկի բնակիչներին:

Ամուլսարի հանքի շինարարությունում աշխատող բանվորներից մեկը, ով Գնդեվազ համայնքից էր, ասաց, որ շատ գոհ է իր աշխատանքից և ուրախ է, որ կարող է հենց իր հայրենիքում աշխատել, այլ ոչ արտերկրում։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում եմ «Արփա-Սևան» ընկերությունում, որը կատարում է Ամուլսարի ծրագրերից մեկը։ Վստահ կարող եմ ասել, որ աշխատանքները կատարվում են շատ բարձր որակով։ Անվտանգությունը նույնպես իրականացվում է հավուր պատշաճի։ Եթե մեզնից որևէ մեկն առանց սաղավարտի, հատուկ ակնոցի և կոշիկի հայտնվի շինհրապարակում, ապա աշխատանքը անմիջապես կդադարեցվի»,- ասաց Գնդեվազ համայնքի բնակիչ Խաչատուր Հովսեփյանը։

Շինարարական տեխնոլոգիաները և հանքի նախագծումը իրականացվում է արևմտյան լավագույն փորձի հիման վրա։ Այսօր արդեն հողի և ցեխաջրերի հոսքի կանխման հարցում կիրառվում են հատուկ միջոցներ։

Հանքավայրում շատ մեծ ուշադրություն է դարձվում աշխատակիցների և այցելուների անվտանգությանը։ Տարածք մուտք գործելուն պես բոլորը ստանում են հրահանգավորում, թե ինչպես պետք է պահի իրեն հանքավայրում գտնվող անձը, համապատասխան հանդերձանք կրի և նրան պարտադիր պետք է ուղեկցեն հատուկ աշխատակիցներ։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսչափ մանրակրկիտ ուշադրություն է դարձնում անվտանգությանը, քանի որ նպատակն է ունենալ զրո կորուստ և վնաս։

Ամուլսարի հանքավայրում շինարարության փուլում ուղղակի աշխատանքով է ապահովելու 1300, իսկ շահագործման փուլում՝ 700 մարդ։

Հանքի շինարարությունը տևելու է մինչև 2018 թվականի գարունը։

Ամուլսարի ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվում ապագա կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման գործարանի կառուցման համար։  

Ամենաընթերցվածը