Վիգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչ է նշանակում «ազգ-բանակ» հայեցակարգը

  • Ներքին կյանք - 20 Հոկտեմբերի 2016, 20:00
«Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները և հայկական երկու պետությունների առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում Հայաստանի անվտանգային միջավայրը և զինված ուժերի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների: Ուստի մենք պարտավոր ենք հզորացնել և զարգացնել մեր զինված ուժերի պաշտպանական կարողությունները, տնտեսական ու ժողովրդագրական ներուժից առաջանցիկ կամ առնվազն այդ ներուժի առավելագույն չափով»,- այսօր խորհրդարանում կառավորության ծրագրի քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս իրողությունը պարտադրում է ունենալ ռազմաքաղաքական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռբերումները արդյունավետ կիրառող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելով պաշտպանության համակարգ:

Այդ նպատակով, ըստ նախարարի, կառավարության ծրագրի պաշտպանական հիմքում դրվել է ազգ-բանակի գաղափարը և հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք ռազմավարական սկզբունքը:

Ազգ-բանակի գաղափարն, ըստ նրա, ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, յուրաքանչյուր ոք պետք է հստակ պատկերացնի, թե ինչպես է հարաբերվում երկրի պաշպանության գործին:

“Միայն այդկերպ մենք կարող ենք ներդաշնակ համագործակցության եզրեր գտնել՝ պաշտպանական քաղաքականությանը փոխկապակցված արտաքին տնտեսական, սոցիալական, հասարակական և գիտական ասպարեզների կապը տեսնելու համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտել կապի արմատավորմամբ հայոց բանակը հասարակության դարբնոցի վերածելն է: Արդյունքում՝ ոչ միայն հասարակությունը մարդկային և նյութական ռեսուրսներով իր ներդրումը կունենա հայրենիքի պաշպանության գործում, այլև բանակը փոխադարձ ներդրում կկատարի՝ հասարակության մեջ դառնալով հայրենասեր քաղաքացու դաստիարակության դպրոց”,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Այս արժեհամակարգի արմատավորումն, ըստ նրա, թույլ կտա հանրային իրազեկման, բանակ-հասարակություն կապի և զինված ուժերի նկատմամբ հասարակական ու ժողովրդական վերահսկողության ընդլայնման, կոռուպցիայի ու հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով լուծել արդարության ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման հարցը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության հարցը՝  պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձևավորման հարթակ:

“Համատեղ ջանքերով մենք պետք է ոմանց մոտ կոտրենք այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն զինվորներին նվերներ տանելու և գեղեցիկ ելույթ ունենալու վայր է: Բանակը Հայաստանի ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է, որը հարաբերվում է մյուս բոլոր կառույցների և ինստիտուտների հետ: Մեր խնդիրն այս համագործակցության ընդլայնման ու արդյունավետության բարձրացման մեջ է: Բանակն արարում է խաղաղությունն ու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը, բայց քանի որ այս գերխնդրի կատարման համար ծախսվում են մեծ միջոցներ, ժամանակն է բանակաշինությունից անցում կատարել բոլոր տեսակի ռեսուրսների գնահատման և կառավարման այնպիսի մշակույթի, որը բանակին թույլ կտա ոչ միայն սպառել, այլ դառնալ տնտեսության և հասարակական կյանքի զարգացման առաջատարը”,- հավելեց նա:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ մեր բանակը կարող է լինել ինովացիաների ու նորարարությունների հարթակ, կիբերնետիկայի, ՏՏ և այն ասպարեզներում, որտեղ ավանադաբար ունեցել է առաջատար դիրքեր, ինչպես նաև դառնալ գիտությունն ու արդյունաբերությունը միմյանց կապող յուրօրինակ կամուրջ:

Ամենաընթերցվածը