Ալիեւի ուղերձն ու տիկնոջ սելֆին. բազմակողմ պակտ Հայաստանի շուրջ

    • Մեկնաբանություն - 02 Հունվարի 2018, 18:21
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանցիներին ուղղված շնորհավորական ուղերձում զգալի տեղ է հատկացրել ղարաբաղյան խնդրին, ասելով, որ այն շարունակում է լինել Բաքվի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը: Ալիեւը ձեռքբերում է համարել այն, որ Հայաստանը, նրա խոսքով, անվերապահորեն համաձայնել է վերադառնալ բանակցության, չնայած մինչ այդ դնում էր նախապայմաններ:

Ալիեւը առաջին անգամ չէ, որ Ժնեւի Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ներկայացնում է իբրեւ Հայաստանի վերադարձ բանակցության եւ հրաժարում նախապայմաններից:

Ժնեւի հանդիպումը սակայն բանակցություն որակելը, այդ բառի այն իմաստով, որ դրանում քննարկվել են կարգավորման տարբերակներ, մեղմ ասած բարդ է: Ժնեւի հանդիպումից հետո ավելի խոսուն էին ոչ թե կողմերը, այլ միջնորդները, որոնք ավելի հաճախ սկսեցին ասել հրադադարի մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին: Դեկտեմբերի 6-ին կազմակերպվեց Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Սպասվում է նորը: Մինչ այդ ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որտեղ Արցախի խնդրի մասով գործնականում ամրագրվեց հայկական դիրքորոշումը՝ դե ֆակտո, ինչը փաստորեն ստանում է Հայաստան-Եվրամիություն պայմանագրի ուժ, իսկ Բրյուսելի ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաղովում Բաքուն անկարող եղավ ներառել իր դիրքորոշումն արտացոլող ձեւակերպումներ:

Եվրոպայի դիրքորոշումը անկասկած պայմանավորված էր Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների միջեւ որոշակի կոնսենսուսով, որ առկա է արցախյան ստատուս-քվոյի ռազմա-քաղաքական պահպանության հարցում:

Այստեղ դիվանագիտական, աշխարհաքաղաքական աշխատանքին զուգահեռ, գործնականում կատարվում է նաեւ ռազմա-տեխնիկական աշխատանք: Դեկտեմբերի սկզբին Հայաստանում ՆԱՏՕ շաբաթվա ընթացքում Երեւանը հայտարարեց ՆԱՏՕ անդամ երկրների հետ ռազմա-տեխնիկական գործակցության շուրջ բանակցության մասին, ասելով, որ խոսքը չի վերաբերում միայն սպառազինության առեւտրին: Իսկ դեկտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունն ընդունեց որոշում, որով Գեոկոսմոս ընկերությանը հատկացվել է 300 միլիոն դոլար, հայտարարելով, որ Երեւանն այլեւս ունի հարեւան երկրների տարածքի տիեզերական հետախուզման հնարավորություն:

Հայաստանի ռազմատեխնիկական կարողությունների ընդլայնումը գործնականում ստանում է միջազգային անվտանգության համակարգի օրակարգի հարց, ինչը թերեւս Սերժ Սարգսյանին հիմք է տալիս հայտարարելու, որ արցախյան խնդրում Հայաստանն ու միջազգային հանրությունը խոսում են գրեթե նույն լեզվով:

Փաստացի նույնն է ասում նաեւ Ալիեւը, հայտարարելով, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս:

Իհարկե ընթացիկ իրողությունները վկայում են հակառակի մասին եւ Ադրբեջանը ներկայումս գործնականում մերժված է նաեւ Ռուսաստանում, որի հետ մինչեւ ապրիլ նախապատրաստում էր ապրիլյան ագրեսիան Արցախի հանդեպ: Ապրիլի պատերազմում հայկական զինված ուժերի դիմադրությունն ու հակագրոհը այդ իմաստով նախանշեց ղարաբաղյան խնդրում ոչ թե մեկ-երկու, այլ թերեւս մի քանի տարիների որոշակի զարգացում եւ տրամաբանություն, որի հիմքով էլ հենց իրավիճակը պահելու եւ կառավարելու շուրջ Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսն է եւ իբրեւ դրա արդյունք Հայաստանի ռազմա-քաղաքական ներուժի ամրացմանն ուղղված որոշակի քաղաքականությունը: Ապրիլից առաջ Ադրբեջանին ուժ տվող Ռուսաստանը քառօրյայում բախվեց հայկական հանրության ուժին: Ընթացիկ տարվա նոյեմբերին Պուտինը նույնիսկ տարածքների վերադարձի թեման բացած Էրդողանին էր ասել, որ պետք չէ ունենալ ստատուս-քվոն փոխելու հույս:

Հատկանշական է համանախագահ երկրի՝ Ֆրանսիայի նախկին դեսպանի հայտարարությունը, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում կվերականգնի հավասարակշռությունը: Գործականում, նոյեմբերի 24-ի այդ համաձայնագիրը Հայաստանի հարցում յուրօրինակ միջազգային պակտ էր՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, ԵՄ եւ ՆԱՏՕ շրջանակում: Պակտ, որի ստորագրումից երկու-երեք օր անց էլ Երեւան ժամանեց Իրանի արտգործնախարարը, ինչը խիստ հատկանշական է նրանով, որ Թեհրանն է նաեւ իրավիճակի՝ ստատուս-քվոյի հնարավորինս կայուն եւ խաղաղ կառավարմամբ շահագրգռված մյուս ուժային կենտրոնը: Եվ այդ համատեքստում էլ խիստ ուշագրավ է մեկ այլ բան: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից եւ դրանից երեք օր անց Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած ացից հետո իրանական հեղինակավոր մամուլում լայնորեն հրապարակեց Արցախի արտաքին գործերի նախարարի հետ փաստացի կոնցեպտուալ հարցազրույց, թերեւս աննախադեպ բաց հարցուպատասխանով շոշափելով արցախ-իրանյան սահմանի թեման եւ դրա պահպանման հեռանկարի հարցը:

Այդպիսով, արցախյան խնդրում առանցքային գործոնները ներկայումս եւ առաջիկա տարիներին Հայաստանում են, ավելի կոնկրետ՝ Հայաստանի ներքին կառավարման էֆեկտիվության եւ արդյունավետության բարձրացման, նաեւ Հայաստանի գլոբալ արդիականացման խնդրում, ինչը էապես կփոխի ինքնիշխանության ներուժը:

Ալիեւի համար հանդիպումները գուցե իսկապես ձեռքբերում են, այն իմաստով, որ դրանցով նա ստանում է իր հասարակության մեջ դեմքը պահելու հնարավորություն: Համանախագահները նախընտրում են չանտեսել այդ հանգամանքն ու չստեղծել ավելորդ կամ վաղաժամ փակուղիներ, քանի որ դրանք կարող են անցանկալի արագություն հաղորդել Ադրբեջանում իշխող համակարգում ստատուս-քվոյի փոփոխության սահուն  հասունացմանը, որ տեղի է ունենում Մեհրիբան Ալիեւայի դեմքով:

Ալիեւան եւ դուստրը ամենեւին թեթեւսոլիկությունից չէ, որ ՄԱԿ-ում ամուսնու եւ հոր ելույթի ընթացքոմ ուշադրությունը շեղում էին դեպի իրենց դեմքը:

Ամենաընթերցվածը