Ի՞նչ է կատարվում Իրանի հետ. Հայաստանի շահը

    • Մեկնաբանություն - 01 Հունվարի 2018, 11:48
Հարեւան Իրանն արդեն մի քանի օր անհանգիստ է, տեղեկություններ են տարածվել տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիների մասին, որոնք սկսվել են գների թանկացման եւ տնտեսական վիճակի դեմ դժգոհությունից, սակայն որոնց ընթացքում ըստ տարբեր աղբյուրների հնչել են նաեւ քաղաքական կոչեր: Մասնավորապես, արվել են կոչեր ընդդեմ Իրանի հոգեւոր առաջնորդների, հոգեւոր իշխանության, նաեւ նախագահ Հասան Ռոհանիի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Սուլեյմանիի դեմ: Ավելին, հետաքրքիր է, որ կոչեր են հնչել նաեւ դուրս բերել կորպուսի ուժերը այլ պետությունների տարածքերից:

Վերջինը թերեւս ամենաուշագրավ հանգամանքներից է, հաշվի առելով այն, որ Իրանը սիրիական հակամարտության ընթացքում ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայիում: Իրավիճակն էլ ավելի ուշագրավ է դարձնում այն, որ այդ ներկայության, եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմական ներկայության ընդլայնման դեմ վերջին ամիսներին բավականին աշխույժ հանդես է գալիս Իսրայելը: Իսրայելի այդ դիրքորոշումը միանգամայն հասկանալի է այն վերաբերմունքի պայմաններում, որ ունի Իրանը Իսրայել պետության հանդեպ, մերժելով դրա գոյությունը:

Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմական ներկայության ընդլյնման հարցը Իսրայելը վերջին ամիսներին բարձրացրել է թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի առաջ: Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հարցը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրեց 2017-ի օգոստոսի 23-ին, Սոչիում: Ընդ որում, հետաքրքիր էր, որ Կրեմլի մամուլի ծառայությունը բավական հանգամանալից ներկայացրել էր Նաթնայահուի խոսքը այդ թեմայով, որը բավական կոշտ էր Իրանի նկատմամբ, իսկ ահա Պուտինի արձագանքը մնաց չհրապարակված: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է նաեւ այն, որ Նաթանյահուին զուգահեռ, այդ օրը Սոչիում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը Պուտինի հետ հանդիպեց Նաթանյահու-Պուտին հանդիպումից հետո, իհարկե լրիվ այլ օրակարգով:

Բայց, հանգամանքը ուշագրավ է նախ այն իմաստով, որ դրանից մի քանի օր առաջ Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը, որին Սերժ Սարգսյանը չընդունեց՝ պաշտոնապես արձակուրդ մեկնելու պատճառով: Բայց, Սերժ Սարգսյանն օրինակ ընդհատեց իր արձակուրդը դրանից մի քանի օր անց մեկնելով Իրան՝ նախագահ Ռոհանիի երկրորդ պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու համար:

Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ նոյեմբերին էլ Հայաստանի արտգործնախարարը Նաթանյահուի հրավերով մեկնեց Իսրայել, որտեղ այդ երկրի վարչապետը Նալբանդյանի հետ հանդիպմանն էլ բարձրացրել էր Մերձավոր Արեւելքում Իրանի ռազմական ներկայության ընդլայնման բացասական հետեւանքի հարց, ինչպես պաշտոնապես ձեւակերպել էր Իսրայելի վարչապետի գրասենյակը հաղորդագրության մեջ: Երեւանն իր պաշտոնական հաղորդագրություններում չէր հիշատակել այդ հարցի մասին:

Թե ինչու է Իսրայելը Երեւանի առաջ բարձրացնում հարցը, առավել եւս հաշվի առնելով հայ-իրանական՝ Հայաստանի համար հույժ կարեւոր հարաբերության հանգամանքը, դժվար է ասել: Դրան հաջորդել էր Իրանի արտգործնախարարության խոսնակի արձագանքը. «Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին ավելի մեծ վերահասությամբ ուշադրություն դարձնել սիոնիստական վարչակարգի գործելաոճին Կովկասում և Կենտրոնական Ասիայում»:

Նոյեմբերի 28-ին, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից չորս օր անց Երեւան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը: Ի՞նչ դեր ունի Հայաստանը Իրանի շուրջ զարգացումներում, եւ ընդհանրապես ներկայումս Իրանի մի քանի քաղաքներում սրված վիճակում ինչ դեր ունի տարածաշրջանում Թեհրանի ռազմական ներկայության ընդլայնմամբ Իսրայելի մտահոգությունը:

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 29-ին հայտարարվեց, որ ԱՄՆ ու Իսրայելը համաձայնության են եկել Իրանի զսպման միջոցների հարցում եւ ստեղծվում է չորս աշխատանքային խումբ, որ կզբաղվի այդ հարցերով:

Իրանում լարվածությունը սկսվել է դեկտեմբերի 28-ից, իսկ 30-ին տեղի ունեցած ակցիաներում եղել է երկու զոհ: Իրանի իշխանությունը հայտարարել է, որ կրակել են ոչ թե իրավապահները, այլ անհայտ անձինք, այդ թվում տեղական իշխանության կառույցների եւ ցուցարարների ուղղությամբ:

Իրանում զանգվածային բողոքի ակցիաներին աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնի դիվանագետները նաեւ հայտարարել են բողոքի դրսեւորումները ուժով ճնշելու անթույլատրելիության մասին:

Իրանի իշխանության մեջ հնչել են կարծիքներ, որ տեղի ունեցողն Իրանն ապակայունացնելու արտաքին փորձ է: Սլաքները բնականաբար ուղղվում են ԱՄՆ: Միեւնույն ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ խաղաղ ցույցերով դժգոհություն արտահայտելը Իրանի քաղաքացիների իրավունքն է, բայց այն չպետք է վերածի զանգվածային անկարգության եւ բռնության:

Ի՞նչ է ի վերջո կատարվում Իրանում, կա՞ արտաքին միջամտություն, թե՞ դա շատ իշխանությունների նախընտրած ինքնապաշտպանության տարբերակն է, որ կիրառում են նաեւ Իրանում: Միեւնույն ժամանակ մեկ այլ հետաքրքիր հարց է, թե արդյո՞ք Իրանի ներսում տեղի ունեցողը նաեւ Թեհրանի այսպես ասած իշխանական համակարգում տարբեր թեւերի շահերի հակադրության կամ բաժանարար գծերի դրսեւորում չէ, երբ այդպիսով ասենք բարեփոխիչ թեւը, որի ներկայացուցիչն է Հասան Ռոհանին, փորձ է անում նվազեցնել հոգեւորականների իշխանությունը:

Իրանը զգալիորեն փակ պետություն է եւ անկասկած չափազանց բարդ է հեռվից միարժեք գնահատել տեղի ունեցողը, դրանում ներքին եւ արտաքին շարժառիթների հարաբերակցությունը: Առավել եւս, որ այժմ Իրանի իշխանությունը սահմանափակել է համացանցի, տեղեկատվության տարածման ազատությունը: Ըստ այդմ խիստ դժվար է, գոնե առայժմ պատկերացում կազմել, թե ինչ մասշտաբի լարման մասին է խոսքը, եւ ընդհանրապես արդյո՞ք խոսքը արաբական գարուն կոչված երեւույթի մասին է, որի վերաբերյալ գնահատականներ արդեն հնչում են փորձագիտական հարթության վրա, թե՞ դրանք ավելի շատ իներցիոն գնահատականներ են:

Մի բան թերեւս աներկբա է, որ Իրանն անկասկած որպես պետություն ունի առանձնահատուկ կառուցվածք, առանձնահատուկ կենսափիլիսոփայություն՝ որպես պետականություն ընդհանրապես, ու նաեւ իր ներուժով անկասկած արմատապես տարբերվում է արաբական գարուն տեսած այլ պետություններից: Իրանը այդ տեսանկյունից բազմափորձ եւ կենսունակ պետականություն է:

Մյուսը, որ թերեւս միարժեք է արդեն Հայաստանի համար, դա Իրանի կայունության կարեւորությունն է: Իրանը Հայաստանի համար ամենեւին պարզ հարեւան չէ, սակայն ակնհայտ է, որ Թեհրանը կարեւորագույն գործընկեր է թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական հարցերում, այդ թվում Արցախի խնդրում: Թեհրանում կայունությունն ու իրավիճակի վերահսկելիությունը, կանխատեսելիությունը Հայաստանի համար խիստ կարեւոր է, որովհետեւ դրանից է էապես կախված նաեւ կովկասյան տարածաշրջանում Իրանի կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչը ներկայումս եւ թերեւս տեսանելի հեռանկարում գտնվում է Հայաստանի շահի եւ անվտանգության տիրույթում:

Ի դեպ այդ տեսանկյունից վերջին շաբաթներին թերեւս խիստ ուշագրավ մի դրսեւորում, որը դուրս մնաց լայն ուշադրությունից: Շաբաթներ առաջ Իրանի հեղինակավոր մամուլում լայնորեն շրջանառվեց Արցախի արտաքին գործերի նախարարի հետ հարցազրույց, որով իրանական մեդիան Արցախին փաստացի ընձեռնեց արտաքին քաղաքական ծրագրային, հիմնարար մոտեցումների արտահայտման յուրօրինակ հնարավորությունը, ինչն էլ իր հերթին իրանական մեդիահարթակում Արցախի սուբյեկտության ուշագրավ ճանաչում էր, այնպիսի եզրի բաց շոշափումով, ինչպիսին արցախ-իրանական սահմանը:

Ամենաընթերցվածը