Երեւանի եւ Թեհրանի անհանգստությունը. Ինչ են ասել միմյանց Ռոգոզինն ու Ալիեւը

    • Մեկնաբանություն - 29 Դեկտեմբերի 2017, 21:09
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ռոգոզինը նախապես չհայտարարված այցով մեկնել է Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Ռոգոզինն ինչպես հայտնի է համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Ալիեւի հետ հանդիպման թեման հենց դա է: Արդյո՞ք դա նշանակում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է ռազմա-տեխնիկական նոր գործարք, սպառազինության նոր մատակարարումների վերաբերյալ պայմանագիր:

Ռոգոզինն ու Բաքուն այդ առումով խոսելու թերեւս շատ բան կունենան: Համենայն դեպս, ընդհանուր առմամբ իրավիճակը ներկայումս ռեգիոնալ առումով բավական ուշագրավ է եւ կան մի շարք հանգամանքներ, որոնք կարող են ունենալ ազդեցություն Ռոգոզինի այցի թե պատճառների, թե օրակարգի վրա:

Չի բացառվում, որ Ռոգոզինը, որն ապրիլյան պատերազմի օրերին անպարկեշտ էր պահում իրեն Հայաստանի հասցեին, փորձում է պարզապես լուծել ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների նկատմամբ 2018-ից ուժի մեջ մտնող պատժամիջոցների հարցը, որը կարող է խնդիրներ առաջացնել Ռուսաստանի այդ համալիրի հաճախորդների շրջանում: Իսկ Ադրբեջանը այդ հաճախորդներից մեկն է, որը այսպես ասած կանխիկ վճարում է եւ «երաժշտություն պատվիրում»:

Հնարավոր է, որ Ադրբեջանը պարզապես հերթական անգամ դիտողություն ունի ռուսական սպառազինության որակի կապակցությամբ: Դա առաջին անգամ չէ: Հնարավոր է, որ Բաքվի մոտ խնդիրներ առաջացրել են հատկապես Ռուսաստանի այսպես ասած սիրիական ռազմարշավի արդյունքները, որոնք ի հայտ են բերել սպառազինության թերություններ, եւ քանի որ Ադրբեջանի ՊՆ նախարարը հայտարարել էր, որ ռուսները կիսվում են սիրիական փորձով, այդ խնդիրները բնականաբար հարցեր են առաջացնում նաեւ Բաքվում:

Ռոգոզինի այցը տեղի է ունենում նաեւ մեկ այլ հետաքրքիր տեղեկությանը զուգահեռ: Անկարան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ավարտել են C 400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքը, որով Մոսկվան 2020 թվականից պետք է չորս համակարգ տրամադրի Անկարային: Արդյո՞ք այդ միջոցով Մոսկվան անուղղակի փորձելու է գործարք կնքել նաեւ Ադրբեջանի հետ, տրամադրելով համակարգերը Բաքվին այսպես ասած Անկարայի միջոցով՝ Երեւանի դժգոհությունից խուսափելու համար:

Նախօրեին Հայաստանի արտգործնախարարությունում տոնական միջոցառմանը ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի հարցում Երեւանն ու միջազգային հանրությունը խոսում են գրեթե նույն լեզվով: Ժնեւի Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները հուշեցին, որ Մինսկի խմբի համանախագահները մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով գալիս են ստատուս-քվոն, ասել է թե հարաբերական կայունությունն ու խաղաղությունը պահելու կոնսենսուսի:

Այդ տեսանկյունից, Ռուսաստանը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, երբ մի կողմից Հայաստանի առաջ գործած «մեղքը» բերել է մի շարք էական հետեւությունների, մյուս կողմից Մոսկվան այդ հետեւությունների պարագայում կանգնում է Ադրբեջանի հանդեպ «մեղք» գործելու առաջ, չցանկանալով նախ ռազմարդյունաբերական կանխիկ հաճախորդ կորցնել, իսկ հետո նաեւ ռազմա-քաղաքական խաղադաշտ: Ի վերջո, Ադրբեջանն այդ իմաստով ՌԴ համար խաղադաշտ է նաեւ Իրանի հետ հարաբերության առումով եւ այս տեսանկյունից, ի դեպ, Ռոգոզինի ադրբեջանական այցերը որքան հարցեր առաջացնում են Երեւանում, թերեւս նույնքան էլ Թեհրանում:

Ամենաընթերցվածը