Սպասելով «տղերք ջան, խելոք չի» որոշիչ փաստարկին

  • Մեկնաբանություն - 13 Դեկտեմբերի 2013, 20:19
Մենք հիշում ենք 2009 թ. ՀՀ կառավարության հայտարարությունը, թե սպասվող ճգնաժամը Հայաստանին չի վերաբերվում: Մեզ չբացատրեցին, թե ինչու, բայց զգացնել տվեցին` Հայաստանում ճգնաժամ չի լինի, որովհետև մենք ունենք իմաստուն կառավարություն: Հայաստանում ճգնաժամի արդյունքում եղավ տնտեսության 14 % անկում՝ ամենաբարձրն աշխարհում: Աշխարհի բոլոր երկրները վաղուց վերականգնել են իրենց տնտեսություններն ու դինամիկ զարգանում են, և միայն մեր տնտեսությունը նույնիսկ չի հասել նախաճգնաժամային մակարդակին:

Մենք հիշում ենք տնտեսությունն աշխուժացնելու և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին առաջատար երկրների քննարկումները: Որպես հիմնական միջոց դիտվում էր կառավարության կողմից տնտեսության մեջ որոշակի ֆինանսական ներարկումներ անելը: Քննարկվում էր միայն, թե ում պետք է ֆինանսավորել՝ արտադրողին, թե սպառողին: Մասնագետների մեծամասնությունն այն կարծիքին էր եւ է, որ թեև արտադրողին ֆինանսավորելն ավելի հեշտ է, բայց ճիշտ է ֆինանսավորել սպառողին և նրան թողնել որոշել, թե որ արտադրողից ինչ առնի` հաց, շոր, գիրք, ավտո, թե մի ուրիշ բան, այդպիսով փաստորեն խթանելով անհրաժեշտ ոլորտները: Դա սպառողի միջոցով՝ մուլտպլիկացիայի էֆեկտով ամբողջ տնտեսությունն աշխուժացնելու ձևն է:

Ներդնելով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ՀՀ կառավարությունը հսկայական միջոցներ է հանելու շրջանառությունից: Իրենց հաշվարկով` տարեկան 100-150 մլն դոլարի կարգի: Ընդ որում, վերցնելու է սպառողից, ինչն արդեն բացասական մուլտիպլիկացիայի էֆեկտով ազդելու է ամբողջ տնտեսության վրա:

Կարելի է անվերջ թվարկել, թե կառավարությունն ինչպես է լրացուցիչ վճարներ կորզել ժողովրդից: Օրինակներ` ատամնաբուժական աթոռների հարկը, երբ բնակչության մեծ մասը անատամ է: Փաստաբանների հարկը, երբ առանց այն էլ իրավաբանական ծառայությունները հասանելի չեն: Օդի 10 հազար դրամ հարկը, որն, ի դեպ, չի վերացել, այլ մտել է տոմսի գնի մեջ: Արագաչափերը, ավտոկանգառները, ՀԴՄ-ները և այլն, և այլն: Ամեն անգամ այսպիսի նոր բան հորինելով և ինչ որ գումար ստանալով մտածել են, թե ինչ խելոք բան արեցին: Իրականում այս քայլերով ծանրագույն բեռ է դրվել տնտեսության վրա, և տնտեսությունը հասել է աղետի եզրին:

Կուտակային համակարգը լրացուցիչ փող պոկելու այս տրամաբանության մեջ է:

Ինչպես ժողովրդական այն պատմությունում, երբ գյուղացին իր ձիու կերը օրական կես բուռ պակասեցնում է, ձին ի վերջո սատկում է, գյուղացին ասում է` ափսոս, երկու օր էլ դիմանար, կսովորեր լրիվ առանց կեր ապրել:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը խփելու է և քաղաքացիներին, և անխտիր բոլոր բիզնեսներին, իսկ ամենացավոտը՝ բյուջեին:

Կառավարությունը կարծում է, որ քաղաքացիներից աշխատավարձի 5-10 տոկոսը վերցնելով բյուջե փող է մտնելու:

Ոչ: Ճիշտ հակառակն է լինելու:

Արդեն իսկ շատ գործարարներ իրենց կապիտալը տեղափոխել են արտերկիր: ՏՏ և գիտատար շատ ձեռնարկություններ իրենց աշխատակիցների աշխատավարձի մի փոքր մասն են Հայաստանում ցույց տալիս, մնացածը ձևակերպում են դրսում: Կան ՏՏ ոլորտի լուրջ թիմեր, որոնք ընդհանրապես որևէ իրավաբանական գրանցում չունեն: Այստեղից ինտերնետով աշխատում են դրսում գտնվող ձեռնարկություններում: Աշխատավարձն էլ ստանում են պլաստիկ քարտերի վրա: Կառավարությունը գիտե՞, որ աշխարհում ինտերնետ կա, որ պլաստիկ քարտեր կան:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետևանքով այս պրոցեսներն ահագնանում են:

Շուտով կառավարությունը կտեսնի, որ հարկային մուտքերն էապես պակասել են: Կառավարությունը բնական է չի մտածելու, թե որևէ բան սխալ է արել` իրենք չեն սխալվում: Մտածելու է՝ «էս գող ու ավազակ ժողովուրդն էլի չի ուզում հարկեր մուծել», ու հարկերից խուսափողներին բացահայտելու և բյուջեն լցնելու համար գործի է դնելու ՊԵԿ-ն ու այլ ստուգողների: ՊԵԿ-ի տեսուչներին հասկանալի լեզվով սա նշանակում է` այս ձեռնարկությունից այսքան կբերես, նրանից՝ այնքան: Եվ քչացող ձեռնարկությունների վրա կգրվեն տուգանքներ, որոնք նրանք չեն կարողանա վճարել: Գործերը կգնան դատարաններ, հետո կգնան ԴԱՀԿ:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նման լուրջ ռեֆորմներ կարելի անել, եթե երկիրը կայուն տնտեսական վիճակում է, և կառավարությունը վայելում է բնակչության մեծ մասի վստահությունը: Աշխատողների վերաբերմունքն իմանալու համար մենք Հայկական Ծրագրեր ընկերությունում երկու հարցից բաղկացած բլից հարցում արեցինք: Հարցերը և պատասխաններն այսպիսին են.

Ձեր կարծիքով, թոշակի անցնելիս օրենքով նախատեսվածն ի՞նչ չափով հետ կստանաք.

Ամբողջովին կստանամ` 1%

Հիմնականում կստանամ` 5%

Գուցե ինչ որ բան կստանամ` 57%

Ոչինչ չեմ ստանա` 37%

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կառավարությունն անում այս քայլը:

Կարծում է, թե լավ ծրագիր է` 3%

Ինչ որ կերպ ուզում է բյուջեն լցնել` 17%

Մտածում են բյուջեի և իրենց անձնական շահի մասին` 43%

Մտածում են իրենց անձնական շահի մասին` 38%

Այսպիսով, հարցվողների միայն 3 տոկոսն է կարծում, որ կառավարության մտքում լավ մտադրություններ են, և միայն 1 տոկոսն է մտածում, որ ամբողջը հետ է ստանալու: Հարցվողների 94 տոկոսը կարծում է, որ ոչինչ չի ստանա, կամ մի չնչին բան կստանա:  81 տոկոսը կարծում է, որ կառավարությունն անձնական շահ է հետապնդում:

Ես վստահ եմ՝ ստացված պատկերը բացարձակ համընկնելու է ՏՏ և գիտատեխնիկական ոլորտների այլ ձեռնարկությունների կարծիքի հետ և միայն փոքր ինչ կարող է տարբերվել այլ ոլորտներից:

Կառավարության հանդեպ այսպիսի վերաբերմունքի պայմաններում նույնիսկ ամենալավ ռեֆորմը կտապալվեր:

Կա ևս մի պատճառ, թե ինչու այս համակարգը չի աշխատելու՝ այն շրջանցելու անթիվ ուղիներ կան: Որոշների մասին արդեն ասվել է.

Ձեռնարկությունները կգրանցեն օֆշորներում և աշխատողներին կձևակերպեն արտասահմանում: Ավելի վատ բան՝ ձեռնարկություններն ամբողջովին կտեղափոխեն արտերկիր:

Հիմա արդեն, շատ ձեռնարկություններում աշխատողների զգալի մասը ձևակերպված չի, տնօրենը փողը իր գրպանից է վճարում: Չձևակերպվածների առանց այդ էլ զգալի թիվն ավելի կմեծանա: Նրանք ի՞նչ թոշակ են ստանալու:

Նաև կարելի է աշխատավարձի զգալի մասը գրել 40-ից բարձր տարիքի աշխատողների վրա, որոնք հետո կբաժանեն 40-ից ցածրերի մասը, ստուգողներն ի՞նչ են անելու:

Կառավարությունը պետք է իմանա, որ բոլոր տնօրենները, հաշվապահները և աշխատողները շրջանցող ուղիների մասին են մտածում:

Ի միջի այլոց, եթե հնարավոր չլիներ շրջանցել, տնտեսության վիճակը շատ ավելի արագ կվատանար:

Ուրեմն, իմ կարծիքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տապալվելու է, որովհետև.

Ա. Վնաս է բերելու աշխատողներին, բիզնեսներին և Հայաստանի տնտեսությանը:

Բ. Այսպիսի ռեֆորմները հնարավոր չէ իրականացնել ժողովրդի լիակատար վստահությունը չվայելող կառավարությանև անկայուն տնտեսության պայմաններում:

Գ. Ներդրվող համակարգը, այսինքն պարտադիր թոշակային վճարները, հեշտ է շրջանցել:

Մնում է կանխատեսումներ անել, թե ինչ կլինի, եթե այս համակարգն այնուամենայնիվ գործարկվի:

Իմ գնահատականով, գարնանը բյուջեի մուտքերը կտրուկ կնվազեն, իսկ աշնանը տնտեսական կոլապս կլինի:

Կարծում եմ՝ լրագրողները կառավարությունից պետք է պահանջեն նրա կանխատեսումները:

Ամենաընթերցվածը