Հայաստանը մեծ գայթակղության առաջ

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2013, 16:19
Մեծ Ութնյակի երկրները հռչակագիր են ընդունել՝ Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցած Վեհաժողովի արդյունքում, որում խոսք է գնում հարկերի հավաքագրման մեխանիզմները աշխարհի մաստաբով ռեֆորմացնելու մասին, որպեսզի ընկերություններն արդարաբար վճարեն հարկերն ու հնարավորություն չունենան  դրանից խուսափել եկամուտներն արտասահման տեղափոխելով:

Հարկերի հավաքագրման խնդիրը փաստացի ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ համաշխարհային գերխնդիր է դարձել: Իհարկե, խնդիրների բաղադրությունը միանգամայն տարբեր է: Եթե Հայաստանում իշխանությունն ինքն է բիզնեսի տերն, ու հարկերի ծանրությունն ընկնում է այն բիզնեսի վրա, որն իշխանություն չունի, ապա աշխարհում իրավիճակը երեւի թե մի փոքր այլ է:

Աշխարհի ազդեցիկ երկրների կառավարություններին ըստ ամենայնի մտահոգում է իրենց ազդեցությունների կորստի հեռանկարը: Բանն այն է, որ տրանսազգային կորպորացիաները աշխարհում ավելի ու ավելի լայն մրցակցություն են ներկայացնում պետություններին, ըստ էության դառնալով վերպետական կազմավորումներ, որոնք ընդլայնում են իրենց իշխանությունն աշխարհում: Այդ իշխանությունը չի արտահայտվում միայն վարչահրամայական մեթոդներով: Դա տեխնոլոգիական, ինֆորմացիոն, մշակութային իշխանություն է, երբ տրանսազգային ընկերությունները մարդկանց կյանքում դառնում են ավելի վճռորոշ, քան պետությունները:

Հարկերի արդարացի հավաքագրման խնդրում շոշափվում են հենց այդ ընկերությունների անունները, որոնք օգտվելով օրենսդրական մեխանիզմներից, որ առկա են տարբեր երկրներում, կարողանում են քիչ հարկեր վճարել շատ շահույթի կամ եկամտի պայմաններում:

Կառավարություններն ըստ ամենայնի որոշել են ձգել այդ ընկերությունների սանձերը, քանի դեռ ուշ չէ եւ քանի դեռ նրանք չեն հասել գրեթե անվերահսկելի իշխանության, երբ ասենք կարող է արդեն կարեւոր դառնալ ոչ թե Մեծ Ութնյակի անդամ երկրներում նախագահի կամ խորհրդարանի ընտրության արդյունքը, այլ այն, թե ով է ղեկավարում տրանսազգային այս կամ այն ընկերությունը:

Հարկային խնդրի ձեւակերպումն ու հռչակումն ըստ ամենայնի ունի հենց այդ նպատակը՝ մեծացնել վերահսկողությունը տրանսազգային կապիտալի նկատմամբ, նաեւ բերել այն հնարավորինս ավելի մեծ վերահսկողության դաշտ եւ կառավարել այդ կապիտալի իշխանական հավակնությունները համաշխարհային մակարդակով:

Փաստացի, ինչ որ առումով սա կարելի է որակել որպես կառավարությունների եւ տրանսազգային կորպորացիաների պատերազմ, առայժմ տնտեսական, հարկային վարչարարության մակարդակում:

Զարգացումները կարող են հետաքրքրական լինել այսպես ասած փոքր պետությունների համար: Այդ թվում բնականաբար նաեւ Հայաստանի: Բանն այն է, որ թե ազդեցիկ երկրների կառավարությունները, թե տրանսազգային կորպորացիաները, միմյանց միջեւ դիմակայության ընթացքում կփորձեն ամրանալ այսպես ասած դաշնակիցների հաշվին: Եթե Մեծ Ութնյակի երկրները կփորձեն այսպես ասած իրենց խաղի կանոնների շրջանակ բերել բոլոր պետություններին, ապա տրանսազգային ընկերություններն էլ խնդիրներ ունենալով մեծ եւ ազդեցիկ տերությունների հետ, կարող են փորձել դաշնակիցներ փնտրել փոքր պետությունների շարքում, գայթակղելով նրանց հնարավոր ներդրումներով:

Դա իսկապես բարդ ընտրություն կարող է լինել փոքրերի համար, հատկապես նրանց, ովքեր ունեն ներդրումների կենսական անհրաժեշտություն: Ազդեցիկ տերությունների կառավարությունների եւ տրանսազգային կորպորացիաների այս դիմակայությունը փոքր պետությունների համար միաժամանակ թե հնարավորություն կարող է բացել՝ օգտվել այդ հակադրությունից, թե նաեւ կարող է բավական մեծ ռիսկեր պարունակել՝ դառնալ այդ հակադրության զոհը:

Անմասն մնալ երեւի թե չի հաջողվի ոչ մեկին, մասնավորապես նաեւ Հայաստանին, քանի որ Հայաստանը գտնվում է աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական կարեւորագույն տարաշածրջանում, կարեւոր ուղղություններից մեկի վրա:

Գայթակղությունը բավական մեծ է լինելու, մյուս կողմից իրավիճակն ինչպես երբեք պահանջում է պրագմատիզմ եւ ռացիոնալություն, նաեւ հաշվարկի եւ վերլուծության կարողություն, որով Հայաստանի իշխանությունը կարծես թե առանձնապես աչքի չի ընկնում:

Մյուս կողմից, առկա մարտահրավերները դժվար կլինի հաղթահարել առանց որոշակի ռիսկերի, առանց կրեատիվության եւ ինչ որ առումով նույնիսկ առանց որոշակի ավանտյուրայի: Բայց այդ ամենը պետք է  ունենա ընդամենը իր անհրաժեշտ չափը ընդհանուր բաղադրատոմսի մեջ՝ ոչ ավելի եւ ոչ պակաս: Մաթեմատիկական բանաձեւ գտնելն իհարկե դժվար է եւ սխալի գործոնը միշտ էլ կա, պարզապես անհրաժեշտ են նվազագույն որակներ, որոնցով սակայն առնվազն այս պահին Հայաստանի իշխանությունը օժտված չէ:

Ամենաընթերցվածը