Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով

    • Մեկնաբանություն - 19 Հունիսի 2013, 09:28
Դժվար է ասել, թե ինչն է Ռուսաստանին մղում դառնալ Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը՝ փո՞ղը, թե մեծ քաղաքականությունը: Կարծիքներն ու վարկածները տարբեր են: Միգուցե ռուս-ադրբեջանական զինական առեւտրի տակ քաղաքականություն փնտրել պետք չէ, այլ պարզապես բիզնես: Սակայն, առանց քաղաքականության հնարավոր չէ, որովհետեւ եթե մի երկրի ռազմավարական դաշնակից համարվող գերտերությունը միլիարդների զենքի առեւտուր է անում այդ երկրի թշնամի համարվող պետության հետ՝ չավարտված հակամարտության պայմաններում, ապա դա արդեն իսկ մաքուր քաղաքականություն է, եթե անգամ Կրեմլը չի գիտակցում դա:

Քաղաքականության այլ տարրեր էլ կան այդ ամենի մեջ, սակայն այդքանը երեւի թե բավական է հասկանալու համար, թե Ռուսաստանն ինչ աստիճանի թքած ունի իր ռազմավարական դաշնակից պետության շահի վրա: Այլապես հազիվ թե Մոսկվան գլխավորեր Ադրբեջանին սպառազինություն վաճառող պետությունների ցանկը: Ընդ որում, ռուսները վաճառում են Ադրբեջանին ժամանակակից հարձակողական տեխնիկա եւ զանգվածային ոչնչացման զենք:

Ադրբեջանին զինող պետությունների շարքում առաջինը Ուկրաինան էր, երբ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել: Սակայն, Ռուսաստանը, որ այդ ընթացքում տվայտվում էր ներքին ենթակառուցվածքային եւ քաղաքական կատակլիզմներից, Պուտինի գալով վերգտնելով իրեն, արագորեն շտկեց իրավիճակն ու Ադրբեջանին զենք վաճառող երկրների թվում դարձավ առաջինը:

Մի քանի տարի առաջ հայկական եւ միջազգային մամուլում բավական լայնորեն շրջանառվեց Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համաձայնությունների թեման, մասնավորապես 1,6 միլիարդ դոլար զենքի առեւտրի: Այդ մասին հայտարարեցին ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին:

Այդպիսով, Ադրբեջանին զենք մատակարարողների շարքում առաջին տեղում հայտնվեց Իսրայելը: Սակայն, Ռուսաստանը թույլ չտվեց, որ այդ «անարդարությունը» երկար շարունակվի, եւ Մոսկվան վերջին տարիներին «վերականգնեց պատմական արդարությունը», վերստին դառնալով Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը: Մասնավորապես, եթե ներկայիս զրահատանկային գործարքին ավելացնենք նաեւ ոչ վաղ անցյալում աղմուկ հանած C 300-ների, ինչպես նաեւ ռազմական ուղղաթիռների վաճառքն Ադրբեջանին, ապա Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական գործակցության գինը կհասնի մոտ 3 միլիարդ դոլարի:

Այլ կերպ ասած, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանի պետական շահը գնահատում է 3 միլիարդ դոլար եւ վաճառում Ադրբեջանին այդ գնով: Թեեւ, այստեղ իրավիճակը հիշեցնում է աճուրդայինը, եւ Ադրբեջանը դեռ կարող է բարձրացնել այդ գինը, թանկ վճարելով Ռուսաստանին՝ տալով նորանոր ռազմական պատվերներ: Այսինքն, սա մխիթարություն է իհարկե, որովհետեւ Մոսկվան կարող էր ասենք շատ ավելի ցածր գնահատել Հայաստանի շահը եւ անվտանգությունը: Թեեւ, իհարկե, այս դեպքում Մոսկվան շահագրգռված է բարձր գնի հարցում, քանի որ ամբողջ հասույթը նստում է Ռուսաստանում:

Թե ինչով կավարտվի այդ ամենը, անորոշ է, որովհետեւ բարեբախտաբար տարածաշրջանային զարգացումները միայն Ռուսաստանից կախված չեն: Այլապես կարելի էր առանց աչք թարթելու կանխատեսել, որ ամեն ինչ կավարտվեր Հայաստանի ու Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ գրոհով, ինչի արդյունքում Մոսկվան անկասկած արդեն ոչ թե զենք կվաճառեր Ադրբեջանին, այլ արդեն հայկական տարածքները:

Բայց, այստեղ իրավիճակը հարաբերական է դարձնում այն, որ Արեւմուտքը ներկայում բավական զբաղված է Սիրիայի խնդրով եւ չի բացառվում, որ այդ խնդրում Ռուսաստանի լոյալությունը ստանալու եւ ավելորդ խանգարող չունենալու համար Արեւմուտքը ժամանակավոր զիջման գնա տարածաշրջանում, առավել եւս, որ մի անգամ արդեն այդօրինակ ոճ կիրառվել է՝ 2008 թվականի օգոստոսին Վրաստանի պարագայում:

Սակայն ամեն ինչ կախված է Հայաստանից, եւ եթե Հայաստանն էլ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվի առեւտրային տրամաբանությամբ, ապա կասկած չկա, որ Արեւմուտքը նախապատվությունը կտա ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ առեւտրին: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը կարծես թե որեւէ կերպ չի կարողանում կամ չի էլ պատրաստվում արտաքին եւ ներքին քաղաքականությունն իրացնելիս դուրս գալ առեւտրային տրամաբանությունից: Խոշոր հաշվով, Հայաստանին սպառնացող վտանգը այդտեղ է, ոչ թե Ադրբեջանին մատակարարված զենքի մեջ:

Ամենաընթերցվածը