Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը

    • Մեկնաբանություն - 18 Հունիսի 2013, 10:42
Հայաստանի հանրային շրջանակներում շոկ է առաջացրել տեղեկությունը, որ հրապարակել է ռուսական Գազպրոմը: Ըստ այդ տեղեկության, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը Գազպրոմի գրասենյակում Ալեքսեյ Միլլերի հետ քննարկել է տարբեր հարցեր, այդ թվում Հայռուսգազարդ ընկերությունում Հայաստանի կառավարությանը մնացած 20 տոկոս բաժնեմասը Գազպրոմին հանձնելու մասին հարցը:

Արմեն Մովսիսյանն իհարկե հազիվ թե հիշի, որ ինքը Գազպրոմի նախագահ Միլլերի հետ այդպիսի հարցեր է քննարկել: Մովսիսյանը վերջին շրջանում գրեթե ոչինչ չի հիշում՝ «չեմ հիշում» արտահայտությունից բացի: Չի բացառվում նաեւ, որ Մովսիսյանը Միլլերի հետ իսկապես ոչինչ էլ չի քննարկել, պարզապես Գազպրոմը որոշել է, որ քննարկել է եւ վերջ:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հայտարարել, որ այդպիսի հարց չի քննարկվել: Իհարկե չի կարող: Հայաստանը միգուցե իրեն թույլ է տվել ներկայիս վիճակում առավելագույնը՝ հրաժարվել Մաքսային միությանն ուղղակի անդամագրումից եւ Եվրասիական միության հետ «խոսկապից»: Նաեւ Ռուսաստանը Հայաստանին արել է առավելագույն զիջումը՝ նա գազի վերաբերյալ բոլոր հայտարարությունները թողել է ընտրություններից հետո, մինչդեռ կարող էր հայտարարել ասենք հունվարի վերջին կամ փետրվարին, այդպիսով շատ բարդացնելով «լավագույն» ընտրության խնդիրը Սերժ Սարգսյանի համար:

Մյուս կողմից, Հայաստանի հասարակության շոկն անհասկանալի է: Հայռուսգազարդը ստեղծվել է 45-45 տոկոս բաժնեմասով, իսկ 10 տոկոսն էլ եղել է այսպես կոչված Իտերայինը, որը Գազպրոմի դուստր ձեռնարկությունն էր եւ ըստ էության ուներ մի նպատակ՝ ծածկել գազի գործարքների ստվերային մասը: Հետո Իտերան կամաց-կամաց դուրս եկավ արանքից, իսկ Գազպրոմը սկսեց տարեցտարի՝ 2000-ականների կեսից սկսած, ավելացնել իր փայաբաժինը Հայռուսգազարդում:

Հայաստանի հասարակության զգալի մասն այդ ամենին հետեւում էր շատ հանգիստ: Նույն հանգստությունն էր, երբ 2006 թվականին Գազպրոմի կայքում հայտնվեց տեղեկություն, ինչպես այսօր, որ ընկերությունը հայաստանյան իր ակտիվներն ավելացրել է Իրան-Հայաստան գազամուղի հաշվին: Հայաստանում հասարակության մեծ մասն այդ իրողությունը դիմավորեց անտարբերությամբ եւ քչերը հետաքրքրվեցին օրվա իշխանությունից, թե արդյո՞ք հնարավոր չէր Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածն էլ չտալ Գազպրոմին:

Այդպիսով, Հայաստանի հասարակության եւ քաղաքական դասի գերակշիռ մասի լռության ներքո Հայռուսգազարդում Հայաստանի կառավարության բաժնեմասը հասավ ընդամենը 20 տոկոսի՝ սկսելով 45-ից: Հիմա վերջին 20 տոկոսի վրա հասարակությունը կարող է իհարկե բռունցքները թափահարել, բայց հազիվ թե դրանից որեւէ բան փոխվի:

Ռուսաստանը շատ վաղուց է իրավիճակի վերահսկողության թելերը վերցրել իր ձեռքը եւ այժմ պարզապես քայլ առ քայլ վերցնում է այն, ինչ կա:

Այդ ամենը պահելը կամ հետ նվաճելը այլեւս անիմաստ ջանք է խլելու, չունենալով որեւէ էական արդյունք եւ ընդամենը երկարաձգելով պետությունը մաշող մի գործընթաց, երբ Հայաստանը պարտադրված է լինելու մնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հավերժական զիջումների դաշտում: Հասարակությունն անզոր է փոխել իրերի այդ վիճակը, եթե անգամ ձեւավորի այսպես ասած իր իշխանությունը:

Այն, ինչ տանում է Ռուսաստանը, կտանի: Հայաստանին անհրաժեշտ է ձեւավորել նորը, լիովին նոր համակարգեր: Բոլոր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի: Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը: Անկախության տարիների ընթացքում Հայաստանը փաստացի որեւէ ոլորտում չի ձեւավորել իր համակարգը: Բոլոր համակարգերը իրենց փիլիսոփայությամբ, այսպես ասած մենթալությամբ հանդիսացել են խորհրդա-ռուսականի շարունակությունը: Այդ դեպքում բնական էր, որ վաղ թե ուշ դրանք գնալու էին դեպի իրենց «մայր հողը»: Թե ինչպես, դա արդեն զգալիորեն տեխնիկական հարց էր լինելու:

Ներկայում ակնհայտ է դառնում, որ կենացներից, պաթետիկ ճառերից դուրս, Ղարաբաղի պատերազմի հաղթանակից բացի, փաստացի որեւէ բան հայկական չի եղել մինչ այժմ, եւ ավելի քան երկու տասնամյակ ընդամենը շարունակել է ձգվել խորհրդային Հայաստանը, պարզապես այլ իրավաբանական գրանցումով: Ներկայում սպառվում է հենց խորհրդային Հայաստանը: Այդ սպառումը աղետի չի վերածվի այն դեպքում, երբ հնարավոր լինի դրան զուգահեռ կառուցել իսկապես անկախ Հայաստանը, բովանդակությամբ անկախ Հայաստանը:

Հայաստանը պետք է ձեւավորի իրենը, իր համակարգերը, պետությունը կառուցի հայկական համակարգերի վրա՝ ոչ թե իրավաբանական գրանցումով հայկական, այլ «հոգեկերտվածքով», ապագայի տեսլականով, աշխարհընկալումով, արժեքային հիմքով հայկական: Իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ երկրում ձեւավորվեն դրա հասարակական հիմքերը, իսկ քաղաքական համակարգը կազմավորի, ինչպես նաեւ իշխանության գա մի վերնախավ, որն ինքն այդ հատկանիշներով հայկական է, ոչ թե խորհրդա-ռուսական գործակալական ցանցի երկտարեցի:

Ամենաընթերցվածը