Սերժ Սարգսյանը նոր խաղացող է մտցրել դաշտ

    • Մեկնաբանություն - 17 Հունիսի 2013, 16:22
Վարչապետի օֆշորային պատմությունը հիմք տվեց ենթադրությունների եւ կանխատեսումների, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը հավանաբար պաշտոնանկ կանի Տիգրան Սարգսյանին, նրան դարձնելով քավության նոխազ:

Տիգրան Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցությունները նոր չեն: Դրանք ուղեկցում են նրան նշանակումից ի վեր՝ դեռեւս առաջին նշանակումից: Ընդ որում, այստեղ արժե հետաքրքրական դիտարկում անել: Թերեւս որեւէ վարչապետի մասին այդքան շատ չի խոսվել, թե ժամանակավոր է, կամ ուր որ է նրան կհանեն, որքան Տիգրան Սարգսյանի, եւ մեկ էլ Անդրանիկ Մարգարյանի մասին:

Երբ Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանը 2000 թվականի մայիսին նշանակեց վարչապետ, փորձագիտա-լրագրողական հանրույթի, նաեւ քաղաքական դասի զգալի մասը համոզված էր, որ Քոչարյանը ժամանակավոր լուծում է գտել, եւ շատ մոտ ապագայում Մարգարյանը հրաժեշտ կտա պաշտոնին՝ կրկին դառնալով քավության նոխազ:

Բայց, Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետի պաշտոնում ամենաերկարակյացը եւ հայտնի չէ, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե նա հանկարծամահ չլիներ: Մարգարյանն անընդհատ պաշտոնավարեց 2000-ից մինչեւ 2007 թվական:

Տիգրան Սարգսյանը դեռեւս հեռու է 7-ամյա պաշտոնավարման ցուցանիշից, բայց նա արդեն երկրորդն է՝ 2008 թվականից մինչեւ 2013 թվական: Ընդ որում, նրա նշանակումից ի վեր էլ խոսում էին, որ անկուսակցական Սարգսյանը ժամանակավոր լուծում է, եւ Սերժ Սարգսյանը առաջին իսկ հարմար առիթի դեպքում կազատվի նրանից:

Բայց Տիգրան Սարգսյանը դարձավ նախ կուսակցական, հետո կուսակցական դարձավ նրա այսպես ասած տնտեսական թիմը: Հետո Տիգրան Սարգսյանի դիրքերն սկսեցին ամրանալ եւ թեեւ նա երեւի թե միակ բարձրաստիճան պաշտոնյան է, ում վրա Սերժ Սարգսյանը հրապարակավ «մուննաթ» է եկել, բայց իշխանության մեջ երեւի թե շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կուզեին, որ Սերժ Սարգսյանը նրանց վրա հրապարակավ մուննաթ գար, քան դա աներ ՀՀԿ գործկոմի նիստերում կամ չաներ ոչինչ, բայց նրանց քաղաքական ազդեցությունը հետեւողականորեն նվազեր:

Իհարկե, Տիգրան Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դերակատարություններն այլ են, եւ նրանց «վարչապետական երկարակեցությունները» տարբեր մեխանիզմներով եւ բաղադրիչներով են կարգավորվում: Ընդհանրապես, տարբեր են իշխանությունները:

Ներկայում, Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի համար հանդիսանում է այսպես ասած եվրաինտեգրացիայի քաղաքական կուրսի միակ գործնական «իրեղեն ապացույցը»: Եվրոպային ներկայացնելու այլ ապացույց Սերժ Սարգսյանը չունի: Տիգրան Սարգսյանը ներկայում բավական ծանր վիճակում է հայտնվել, քանի որ նրան թիրախ է դարձնում ոչ միայն «այլընտրանքային», այլ նաեւ ներկուսակցական օլիգարխիան: Բայց մյուս կողմից հենց այդտեղ է նաեւ Սարգսյանի երկարակեցության գաղտնիքներից մեկը՝ նա իշխանության մեջ չունի «այլընտրանք», որը համոզիչ կլինի Արեւմուտքի համար:

Սակայն վերջին շրջանում բավական հետաքրքրական կարող է դիտվել Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի որոշակի աշխուժությունը, հատկապես Հայաստանի հանդեպ քաղաքականության առումով Մեծ Բրիտանիայի ընդհանուր աշխուժացման ֆոնին: Իհարկե, Արմեն Սարգսյանը նշանակվել է բրիտանական մի ընկերության տնօրեն, որը շահագործելու է Ամուլսարի ոսկու հանքը՝ իսկ դա նշանակում է մեղմ ասած ոչ միարժեք հանրային ընկալում, քանի որ հայտնի է Հայաստանում հանքարդյունաբերության բնավեր բնույթը: Բայց, մյուս կողմից, եթե այդ ընկերությունն այդուհանդերձ դրսեւորի հանքարդյունաբերության օրինակելի որակ, ապա Արմեն Սարգսյանի «քաղաքական դիվիդենտներն» էլ կարող են աճել:

Ի դեպ, մի հետաքրքրական հանգամանք եւս: Մեծ Բրիտանիայի ներկայիս իշխանությունը համաշխարհային մասշտաբով հանդես է գալիս օֆշորային փողերի գաղտնազերծման քաղաքականության օգտին: Դա իմիջիայլոց, Հայաստանում Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային պատմության ֆոնին:

Այնպես որ, հնարավոր է Տիգրան Սարգսյանին «այլընտրանք» այդուհանդերձ ձեւավորվում է, ինչը հիմնավոր է դարձնում առաջիկա ամիսներին նրա հնարավոր պաշտոնանկության մասին կանխատեսումները կամ ենթադրությունները:

Համենայն դեպս, մեծ է հավանականությունը, որ Սերժ  Սարգսյանն առնվազն կփորձի Եվրոպայի հետ այդպիսի մի խաղ նախաձեռնել՝ թեկուզ իմիտացիայի մակարդակով: Նրա հարաբերությունը Եվրոպայի հետ մոտենում է «անկեղծության» պահին: Ընդհանրապես՝ հարաբերությունն Արեւմուտքի հետ: Մի կողմից մոտենում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչը ենթադրում է մի շարք կոնկրետ քայլեր ներքին քաղաքականության ոլորտում: Մյուս կողմից, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մակարդակը Հայաստանում բավարար չէ:

Սերժ Սարգսյանը կանգնելու է Արեւմուտքի հետ հարաբերություններում խոսքից գործի անցնելու, այսինքն տրված խոստումները գոնե ինչ որ մասով իրականության վերածելու բարդ դիլեմայի առաջ: Եվ այստեղ իհարկե վարչապետի պաշտոնի շուրջ խաղի հնարավորությամբ նա կարող է երկարաձգել իր մանեւրը: Եթե մինչ այդ Տիգրան Սարգսյանի եւ մնացյալ հավանական վարչապետացուների «ինտելեկտուալ քաշային կատեգորիաների» տարբերությունը Սարգսյանին զրկում էր այդպիսի խաղի եւ մանեւրի հնարավորությունից, ապա Արմեն Սարգսյանի գործոնի պարագայում դա կարող է աշխատել: Գուցե պատահական չէ, որ Երեւանը բավական ջերմորեն է փորձում արձագանքել Հայաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի հետաքրքրության աճին:

Դա չի նշանակում անպայմանորեն վարչապետի պաշտոնանկություն, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար գլխավոր խնդիրն ամենեւին դա չէ, այլ Արեւմուտքի հետ խաղի հնարավորությունը որպես գործընթաց, որի ընթացքի փաստն է կարեւոր, ոչ թե ավարտուն տեսքը:

Ամենաընթերցվածը