«Խոպանչիների» ալիբին

    • Մեկնաբանություն - 08 Հունիսի 2013, 15:41
Պետականության արմատները ոչնչացնող ՀՀԿ-ն

Գեղարքունիքի մարզպետը հայտարարում է, թե մարզից արտագնա աշխատանքի էին մեկնում դեռ խորհրդային տարիներին, երբ մարզում արտադրական հզորություններ կային: Խորհրդային տարիների արտագնա աշխատանքի ավանդույթին հղում անելը դարձել է Հայաստանի իշխանության գլխավոր փաստարկն արտագաղթի մասին հարցադրումների հանդեպ: Խորհրդային տարիների «խոպանի» ավանդույթին էր հղում անում Գալուստ Սահակյանը, որը իշխող կուսակցության փոխնախագահն է ու խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Ողբալի է, երբ անկախության երրորդ տասնամյակի մեկնարկին Հայաստանում իշխում է մի քաղաքական ուժ, որն արտագաղթի մասին հարցադրումներին ի պատասխան հղում է անում խորհրդային տարիներին: Կրկնակի ողբալի է, երբ այդ ուժը հանդիսանում է այսպես ասած ազգային-պահպանողական եւ իբր ունի անկախության համար պայքարի կենսագրություն:

Հետաքրքիր է, երբ արտագաղթի մասին հարցը տրվեր ասենք ՀՀԿ հիմնադիր, անկախության համար պայքարի  համար խորհրդային տարիներին բանտարկված Աշոտ Նավասարդյանին, նա եւ՞ս հղում կաներ խորհրդային «խոպանի» ավանդույթին: Եթե այո, ապա շատ տխուր կլիներ, իսկ եթե ոչ, ապա Աշոտ Նավասարդյանը ներկայում երկնքից երեւի թե շատ տխրությամբ է հետեւում իր հիմնադրած կուսակցության դեգրադացիային, իր անկախության համար պայքարի մուտացիային:

«Խոպանը» գաղութացվածության առաջին դրսեւորումներից մեկն էր, որ իբրեւ երեւույթ իր մեջ կրում էր բարդույթների մի ամբողջ կծիկ: Այն զուտ արտագնա աշխատանք չէր, այլ մշակութային մի ամբողջ շերտ պարունակող իրողություն: Մի բան է, երբ միեւնույն երկրի քաղաքացիները աշխատանք են փնտրում այդ երկրի տարբեր քաղաքներում: Ավելին, ներերկրային աշխատանքային շարունակական միգրացիան հանդիսանում է տնտեսական կենսունակության կարեւոր բաղադրիչ, ինչն օրինակ լայնորեն տարածված է Միացյալ Նահանգներում:

Սակայն «խորհրդային խոպանի» պարագայում իրավիճակն այլ էր: Հայաստանցիներն օրինակ Ռուսաստան էին գնում փող աշխատելու ու նաեւ ռուս կանանց վայելելու, իսկ թե այդ ընթացքում ինչ էր կատարվում Հայաստանում նրանց կանանց ու երեխաների հոգեբանության հետ, քչերին էր թերեւս հետաքրքրում: Իսկ այդ հոգեբանության մեջ ամրապնդվում էր այն, որ առանց ռուսաստանյան աշխատատեղերի, առանց Ռուսաստանի իրենց ամուսինը եւ հայրը լիարժեք տղամարդ չէ, քանի որ չի կարողանում բավարար ծավալով կատարել հայ օջախի համար առանցքային դիտվող գործառույթը՝ նյութական եւ ֆինանսական ապահովումը:

Արդյունքն այն էր, որ հայաստանցու գիտակցության մեջ ամրապնդվում էր Ռուսաստանի գերակա ազդեցության ճանաչումը, ամրապնդվում էր բավական ազդեցիկ մի մակարդակում՝ հասարակական կենցաղում: Մակարդակ, որի նշանակությունը հանրային ու պետական կյանքում եթե առանցքային ու վճռորոշ չէ, ապա չափազանց կարեւոր մի գործոն է հասարակության ու պետության ապագայի համար:

Հետեւաբար, անկախ պետականության ձեւավորման անհրաժեշտ գործոններից մեկը պետք է լիներ «խորհրդային խոպանի» ավանդույթի չեզոքացումը: Դա պետք է դիտվեր ոչ միայն սոցիալ-տնտեսական ռազմավարական նպատակ, որը կանխելու էր արտագաղթը: Կար ավելի մեծ խնդիր՝ դա պետք է դիտվեր որպես անկախ պետության, ինքնաիշխանության եւ պետական արժանապատվության զգացում ունեցող քաղաքացու ձեւավորման առանցքային գործոններից մեկը:

Իսկ հակառակը պարզապես նշանակում է քաղաքացիների, հասարակական միջավայրում անկախության գաղափարի, արժեքի, ինքնիշխանության եւ պետական արժանապատվության զգացումի սպանդ: Որովհետեւ, այդ զգացումները տոնական առիթներով հնչող ելույթների եւ ուղերձների, կենացների միջոցով չէ, որ ձեւավորվում են: Դրանք ձեւավորվում են հասարակական կենցաղի կազմակերպման միջոցով:

Մինչդեռ ներկայիս իշխող կուսակցությունը պարզապես կազմաքանդում է անկախ պետության կենցաղը, այն հետեւողականորեն մղելով «խորհրդային խոպանի» տարիներ, ոչնչացնելով պետականության ընկալման հասարակական արմատները:

Ամենաընթերցվածը