Թե ինչպես ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կանխեցին արցախյան կապիտուլյացիան

    • Մեկնաբանություն - 07 Հունիսի 2013, 17:55
Ելույթ ունենալով Եվրամիություն-Ադրբեջան համաժողովի ընթացքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Եվրամիությունն ու ԱՄՆ սխալ արեցին, երբ 2009 թվականին հայ-թուրքական հարաբերության տիրույթում նկատվող ջերմացման ընթացքում այդ գործընթացը կտրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից:

Բրայզան համարում է, որ երկու հարցերը կապված են միմյանց եւ չի կարելի դրանք դիտարկել իրարից առանձին: Փաստորեն, ամերիկացի նախկին համանախագահը մեղադրում է Եվրամիությանն ու ԱՄՆ-ին:

Իսկ Ռուսաստա՞նը: Ինչ էր անում այդ ժամանակ Ռուսաստանը: Մոսկվան չէ՞ր կտրում իրարից հայ-թուրքական եւ արցախյան գործընթացները: Ինչո՞ւ է Բրայզան խոսում միայն ԱՄՆ ու Եվրամիության սխալի մասին: Ուրեմն Ռուսաստանն այդ սխալի մասնակից չէ՞ր:

Ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Ռուսաստանը ոչ միայն մասնակից չէր այդ «սխալին», որն իրականում Հայաստանը հետ պահեց ճակատագրական սխալներից, այլ հանդիսանում էր այդ «սխալի» բացառման աշխույժ ջատագովը:

Ամենեւին պատահական չէ, որ 2008 թվականի հունիսին Մոսկվայից հայտարարելով Գյուլին հրավիրելու մասին, սեպտեմբերին արդեն Երեւանում Սերժ Սարգսյանը նրան հորդորել էր կամ խնդրել աջակցել արցախյան հակամարտության կարգավորմանը:

Մինչ այդ, ՌԴ արտգործնախարար Լավրովը հասցրել էր հայտարարել, որ եթե փոխզիջումներ գտնվեն տարածքների հարցում, ապա հայ-թուրքական սահմանի հարցում կլինի էական առաջընթաց: Սեպտեմբերին Հայաստան Գյուլի ժամանումից մոտ մեկ ամիս առաջ էլ Մոսկվան գործնականում վախեցրեց Հայաստանի աչքը՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմով, որի ընթացքում Հայաստանը քիչ էր մնում կանգներ էներգետիկ ճգնաժամի առաջ:

Եվրամիությունն ու ԱՄՆ փաստորեն Հայաստանին հետ պահեցին արցախյան կապիտուլյացիայից, ինչը տեղի էր ունենալու որպես հայ-թուրքական հարաբերության կարգավորման գին, որը սահմանել էր Մոսկվան:

Այդ ամենի մասին Հայաստանում ոչ ոք ոչինչ չխոսեց: Սերժ Սարգսյանը, որ իշխանության էր եկել մարտի 1-ի արյունով, պատրաստ էր վճարել ցանկացած գին, միայն թե ստանա արտաքին լեգիտիմություն եւ իշխանության արտաքին երաշխիք:

Օրվա ընդդիմությունը որոշեց չխանգարել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա կարգավորի հարաբերությունը Թուրքիայի հետ: Այն, որ ընդդիմության համար ընդունելի էր այն գինը, որ Հայաստանը պետք է վճարեր տարածքներով, ակնհայտ դարձավ Վիկիլիքսի հրապարակումներից, որոնցում նշված էր, թե ինչպես է Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին հորդորել օգտագործել Սերժ Սարգսյանի թույլ ժամանակը եւ ճնշում բանեցնել արցախյան կարգավորման ուղղությամբ:

Հավանաբար հենց դրանից հետո ԱՄՆ ու Եվրամիության համար պարզ դարձավ, որ Հայաստանում ընդդիմություն չկա, որը կկանխի Ռուսաստանի սահմանած գնի վճարումը, եւ այդ հարցը պետք է լուծել արդեն սեփական ձեռքերով, ինչն էլ արեցին՝ հայ-թուրքական գործընթացը տանելով բարեհաջող սառեցման:

Ներկայում իրավիճակը բավական ջերմ է Թուրքիայի ներսում: Գրեթե կասկած չկա, որ անկախ այդ իրադարձությունների որեւէ վերջնարդյունքից, ներկայիս իրադարձություններից հետո Թուրքիան այլեւս չի լինելու եւ չի կարող լինել այն Թուրքիան, որը կար մինչեւ Ստամբուլի կենտրոնական հրապարակի քաղաքաշինական ծրագիրը:

Թե ինչպիսին կլինի դրանից հետո եկող Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ, թե առանց նրա, պարզ չէ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար ներկայում արդիական է հայ-թուրքական արձանագրություններից հրաժարումը, որովհետեւ դրանք լավ թե վատ, կնքվել են մի Թուրքիայի հետ, որն արդեն չկա եւ չի լինելու: Ու ստացվում է, որ Հայաստանը կարեւորագույն թղթեր է ստորագրել մի պետության հետ, որի ինչ լինելը դեռ հայտնի չէ: Դա առնվազն անխոհեմություն է, հետեւաբար տրամաբանությունը պահանջում է անհապաղ հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից, հանել դրանք խորհրդարանի օրակարգից:

Եվրամիությունն ու ԱՄՆ Հայաստանին հետ են պահել ճակատագրական սխալից, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր գործել հանուն իշխանության: Եվրամիությունն ու ԱՄՆ նրան տվել են իշխանություն, գոնե իրենց մասով: Ռուսաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունը պարբերաբար դնում է կասկածի տակ, Հայաստանում ակտիվացնելով իր թե քաղաքական, թե հարակից «քաղաքացիական» ռեսուրսը: Եթե Հայաստանը շարունակի հավատարմությունը հայ-թուրքական արձանագրություններին, ապա նրա իշխանությունը կասկածի տակ է դնելու նաեւ Արեւմուտքը, ընդ որում դա էլ չի նշանակելու, որ Ռուսաստանն ինքնաբերաբար սկսելու է վստահել: Սկսելու են կասկածել երկու կողմից, իսկ դա արդեն չի ավարտվի ոչ մի լավ բանով:

Փոխարենը, Սերժ Սարգսյանն ունի թե իր, թե նաեւ պետության համար լավ բան անելու հնարավորություն, մեծացնելով Հայաստանի մանեւրի հնարավորությունն առաջիկա բարդ քաղաքական ժամանակահատվածում:

Ընդհանրապես, Հայաստանի համար եկել է քայլերի ժամանակը, թե արտաքին հարցերում, թե ներսում, քանի որ դրանք սերտորեն փոխկապակցված են, եւ մի տիրույթից բխում է մյուսը, մի հարցից բխում է հաջորդը:

Սերժ Սարգսյանն իհարկե մտածում է բացառապես իր իշխանության մասին, բայց բանն այն է, որ ներկայում նա ունի իր իշխանության մասին մտածելու մեկ հուսալի ճանապարհ՝ վերջապես մտածել Հայաստանի մասին:

Ի դեպ, այդ դեպքում Հայաստանն էլ կարող է մտածել Սերժ Սարգսյանի հետիշխանական ճակատագրի մասին, այլապես, Հայաստանն այդ առումով մտածելու բան չի ունենա:

Ամենաընթերցվածը