Բանակը քրեաօլիգարխիայի դիմաց

    • Մեկնաբանություն - 07 Հունիսի 2013, 14:09
Սյունիքում տեղի ունեցած ողբերգության մեջ առկա է մի նրբերանգ, որն արդեն կրկնվում է երկրորդ անգամ: Իշխող համակարգի «օդիոզ» կերպարներից մեկը կամ նրա շրջապատը բախվում է բանակի հետ: Հարսնաքարում Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները սպանեցին բանակի սպայի: Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ծանր վիրավորվածը բանակի սպա էր, որի եղբայր Ավետիք Բուդաղյանն էլ նույն միջադեպի հետեւանքով սպանվել էր:

Արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում քրեաօլիգարխիա-բանակ արյունալի բախում: Իհարկե, այստեղ կա հարաբերականություն, եւ ինչ որ իմաստով թե բախումն է հարաբերական, թե բանակի եւ քրեաօլիգարխիայի բաժանումը, նկատի ունենալով, որ զինուժի որոշ շրջանակներ բավական սերտորեն միահյուսված են քրեաօլիգարխիայի հետ:

Բայց, փաստը, որ իշխող միասնական կուռ բուրգի մաս համարվող երկու սեգմենտները կամա թե ակամա հայտնվում են դեմ դիմաց արդեն երկրորդ անգամ, ինքնին բավական հետաքրքիր է եւ գուցե արժանի է դիտարկման: Հատկապես Սերժ Սարգսյանի վերջին մի քանի ելույթների ֆոնին, որտեղ նա համակարգին հայտարարում էր, որ բանակը պետք է դառնա պետական կառավարման համակարգի առանցք: Սերժ Սարգսյանը կատարում է իշխանության ուժային բնույթի լեգիտիմացման կամ որոշակիորեն ֆորմալացման փորձ:

Մինչ այժմ, իշխանության ուժային հենարանը բանակը կամ ոստիկանությունը չէին, այլ քրեաօլիգարխիայի բանդաները: Պատահական չէ, որ հենց դրանք էին Մարտի 1-ին նետվել «առաջին գիծ»:

Դրանից հետո, թե ներքին, թե արտաքին մի շարք իրողություններով պայմանավորված, Սերժ Սարգսյանը կանգնեց համակարգում ստատուս-քվոն որոշակի փոփոխության ենթարկելու անհրաժեշտության առաջ: Դրան մղող գործոններից էր նաեւ անձնական իշխանության հաստատումը, քանի որ Քոչարյանից ժառանգած իշխանությունը պահելու դեպքում Սերժ Սարգսյանը կամա թե ակամա միշտ էլ մնալու էր տեղապահ: Այդ գործոնները հաշվի առնելով, համակարգի քրեաօլիգարխիկ բնույթն առնվազն առերեւույթ մի քանի գործոնների միջոցով փոխելու խնդիրը Սերժ Սարգսյանի համար դարձավ ռազմավարական հարց:

Այդ հարցի լուծումն էլ նա տեսավ ոստիկանության եւ բանակի դերի բարձրացման մեջ, իսկ բանակն էլ նա հռչակեց պետական կառավարման առանցք: Բովանդակային առումով դա դեռեւս որեւէ գործնական դրսեւորում չի ունեցել: Գաղափարն ինքնին Հայաստանի պարագայում՝ երբ կա չավարտված պատերազմ, միանգամայն տրամաբանական է, իհարկե կախված դրա նրբերանգներից, արժեքային բազայից, քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից եւ այլն: Այդ մանրամասները Սերժ Սարգսյանը չի ներկայացրել, որովհետեւ դրանցում դեռ չի տեսել իր իշխանական շահը: Առայժմ նա շահը տեսել է միայն բանակի առանձնահատուկ դերը դեկլարատիվ հայտարարելու մեջ:

Այստեղ էլ անկասկած իր շահը վտանգված է տեսել քրեաօլիգարխիկ համակարգի մի զգալի մասը: Բանն այն է, որ լինելով համակարգի ուժային բնույթի հիմքը, այդ սեգմենտը նաեւ ուներ քաղաքական մեծ իշխանություն: Դադարելով լինել այդ հիմքը, քրեաօլիգարխիկ սեգմենտը ժամանակի ընթացքում կորցնելու է իր քաղաքական իշխանությունը եւ ստիպված է լինելու կամ ենթարկվել Սերժ Սարգսյանին եւ խաղալ նրա կանոններով, կամ պարզապես կորցնել ամեն ինչ:

Այստեղ ակնհայտ է շահերի բախում, եւ չնայած շատ ու շատ դեպքերում երկու սեգմենտների սերտաճածությանը, այդուհանդերձ Սերժ Սարգսյանի քաղաքականության շարունակության դեպքում շահերի բախման առավել ուժգնությունն անխուսափելի է, եւ այդ տեսանկյունից էլ բավական խորհրդանշական է արդեն իսկ արձանագրված երկու լոկալ, թեկուզ ակամա բախումը:

Ընդ որում, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանից բավական ջանք է պահանջվում գործընթացները զսպելու համար, այլապես կասկած չկա, որ տեղի ունեցած երկու միջադեպերը բավական արագացնելու էին գործընթացները: Սերժ Սարգսյանին սակայն այդ արագությունը պետք չէ, քանի որ նա չունի այդ արագության տակ գործընթացները կառավարելու ռեսուրս:

Ամենաընթերցվածը