Հայաստանը պատրաստվում է պատերազմի՞

    • Մեկնաբանություն - 06 Հունիսի 2013, 15:41
Հայաստանի անվտանգության խորհրդի հունիսի 5-ի նիստի օրակարգային երկու հարցերից առաջինը վերաբերում էր էներգետիկ անվտանգությանը, մյուսը՝ ՏԻՄ կառավարմանը: Հարցերի այդ շրջանակը բավական հետաքրքրական է: ՏԻՄ կառավարման խնդիրն ըստ ամենայնի առնչվում էր Սյունիքի միջադեպին, պայմանավորված էր դրանով: Ըստ ամենայնի, այդ նիստի արդյունք է այն, որ մինչ այդ լիազորությունների ժամանակավոր դադարեցման մասին խոսող Սյունիքի մարզպետը հունիսի 6-ի առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարությանը:

Էներգետիկ անվտանգության թեման առավել ուշագրավ է եւ ունի բավական լայն ընդգրկում:

Իհարկե, հենց սկզբից առաջանում է հարցը, թե ԱԱԽ նիստը որքանով էր այդ տեսանկյունից բովանդակային, եւ որքանով ցուցադրական՝ հասարակական լարվածության ու զայրույթի ֆոնին: Ի վերջո, իր նախաբանի ելույթում, Սերժ Սարգսյանը այդպես էլ որեւէ բառ չասաց օրակարգի թեմաների շուրջ, գոնե ընդհանուր նախադասություններով: Փոխարենը ֆիասկո գուշակեց Ադրբեջանի համար, որը մեծ հաշվով էական կապ չունի քննարկվող թեմայի հետ: Իսկ թե ինչ են քննարկել արդեն նիստի փակ մասում, պարզ չէ:

Մինչդեռ, էներգետիկ անվտանգության խնդիրը բավական լայն դիապազոն ունեցող հարց է: Այդ անվտանգությունը Հայաստանից պահանջում է դիվերսիֆիկացնել համակարգի միակողմանի գերկախվածությունը Ռուսաստանից: Այսինքն, եթե Հայաստանում դրվում է էներգետիկ անվտանգության հարց, ապա դա ինքնաբերաբար նշանակում է Ռուսաստանից համակարգի կախվածությունը թուլացնելու հարց:

Այստեղ միջոցառումները համալիր են եւ կարող են պարունակել մի շարք փաթեթներ՝ սկսած էներգախնայողությունից, մինչեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացում: Ի դեպ, դրա մասին օրերս հոդվածով հանդես էր եկել նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը: Միեւնույն ժամանակ, էներգետիկ անվտանգությունը նշանակում է ներկրվող էներգակիրների առնվազն ճանապարհա-տրանսպորտային դիվերսիֆիկացիա, ինչպես նաեւ ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացիա:

Ինչն է Հայաստանի իշխանությանը մղել օրակարգային այդ հարցին, թեեւ իհարկե դեռ պարզ չէ, թե ինչքանով է իշխանությունն այստեղ տրամադրված գործնական: Այդ հարցի տեսական պատասխանը Սերժ Սարգսյանի ելույթի մեջ է: Նա կանխատեսում է տարածաշրջանային լուրջ վերադասավորումներ: Խոսքն այստեղ ամենայն հավանականությամբ տարածաշրջանում Արեւմուտքի ազդեցության մեծացման մասին է, ինչի ակնհայտ նախանշաններն արդեն իսկ առկա են: Արեւմուտքը բավական կոնկրետ սաստում եւ սանձում է, զսպում է Թուրքիայի ու Ադրբեջանի հավակնությունները, Ռուսաստանին զրկելով տարածաշրջանում կարճաժամկետ, բայց էական դաշնակիցներից:

Հայաստանն այդ զարգացումներում ունի ճկունության կարիք, իսկ այստեղ էներգետիկ անվտանգությունը շատ կարեւոր է, որովհետեւ Ռուսաստանը միայն էներգետիկ լծակի բանեցման շնորհիվ կարող է Հայաստանը պահել մամլիչի տակ: Հետեւաբար, տարածաշրջանային վերադասավորումների գործընթացում պատրաստ լինելու համար, Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի էներգետիկան, ստեղծի անվտանգության եւ ինքնաբավության ռեսուրսներ: Սերժ Սարգսյանն անշուշտ լավ է պատկերացնում հակառակի վտանգը:

Բանն այն է, որ Ռուսաստանի համար Հայաստանն ամենեւին չունի միայն վերջին հողակտորի նշանակություն: Ռուսական քաղաքականության ավանդույթներում թե Հայաստանը, թե ընդհանրապես դաշնակից համարվողները ոչ միայն ֆորպոստ են, այլ նաեւ փոխանակման միջոց, վճարամիջոց: Հայաստանն օրինակ բազմաթիվ անգամներ ունեցել է ռուսական քաղաքականության այդ ավանդույթի ուժի հարցում համոզվելու տխուր առիթներ:

Այդ պայմաններում, երբ Ռուսաստանը գտնվում է գլոբալ տնտեսա-քաղաքական նահանջի ռեժիմում, Հայաստանի որեւէ իշխանություն իր ճակատագիրը չի վստահի միայն Մոսկվային: Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դարձել է Սերժ Սարգսյանի անվտանգության հարց, ինչի համար էլ այն հայտնվել է պետական քաղաքականության օրակարգում՝ առնվազն տեսականորեն, Սարգսյանի մանեւրի դաշտն ընդլայնելու համար:

Միեւնույն ժամանակ, հարցն անշուշտ ունի նաեւ հակառակ կողմը: Տարածաշրջանային վերադասավորումները, որ կանխագուշակում կամ կանխատեսում է Սերժ Սարգսյանը, միանգամայն հավանական է, որ իրականություն դառնան ռազմական ճանապարհով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին գուցե հարկ կլինի պատերազմել՝ միգուցե շատ կարճ, բայց պատերազմել: Իսկ այստեղ էներգետիկ անվտանգության խնդիրը դառնում է կենսական, ինչում համոզվելու առիթ էր 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Ուրիշի պատերազմի հինգ օրը Հայաստանի համար շատ թանկ էր նստելու եւ արդեն իսկ հանգեցնելու էր էներգետիկ լուրջ ճգնաժամի: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլինի, եթե պատերազմողը լինի Հայաստանը՝ թեկուզ հինգ օր:

Հայաստանն իհարկե այդ պայմաններում պատերազմել է մոտ հինգ տարի, բայց ներկայում լիովին այլ է կողմերի զինանոցը եւ ժամանակի դինամիկան:

Ամենաընթերցվածը