Գորիկ Գուրգենիչն ու Աղվան Գառնիկիչը “հատուկ հանձնարարություն” ստացան՝ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում “գլխից բռնել”: Այդ հանձնարարությունն, ի տարբերություն օրինակ սաֆարովյան հայտնի պատմության առաջին իսկ ժամերին ստացածի, ավելի կոնկրետ է: Բայց, միեւնույն է, կոնկրետանալու էլի տեղ կա: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ո՞րն է գլուխը:
Գորիկ Գուրգենիչն ու Աղվան Գառնիկիչն անշուշտ գիտեն, թե որն է, բայց կարեւոր է, որ նաեւ հասարակության հետ ճշտվեր այդ ամենը: Ի վերջո, մարդիկ կլինեն, որ գլուխը կհամարեն պատգամավորին, կամ ԱԺ նախագահին, կամ նախարարին, կամ փոխնախարարին, կամ վարչապետին, նաեւ նախագահին:
Ի վերջո, երբ երկրում հարաբերությունները կարգավորված են ոչ թե Սահմանադրությամբ եւ գրված օրենքներով, այլ անձերի ու կլանների միջեւ պայմանավորվածությամբ, գլխի մասին բոլոր պատկերացումներն էլ դառնում են լեգիտիմ:
Բնական է, որ գլուխ ասելով, Սերժ Սարգսյանն անշուշտ նկատի չուներ նախագահին: Թե ու՞մ նկատի ուներ, կպարզվի, երբ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն նախընտրական սեղանին մատուցեն առաջին “գլուխները”:
Ի դեպ, ըստ երեւույթին, պատահական էլ չէ, որ Սերժ Սարգսյանը նախագահի ընտրության բուն գործընթացի այսպես ասած մեկնակետ ընտրեց Գյումրին: Բանն այն է, որ նախագահական արշավի առանցքային պարագաներից ըստ ամենայնի լինելու են հենց գլուխները, իսկ Գյումրիում շատ հայտնի եւ այսպես ասած մակնիշային ճաշատեսակ է “քյալլան”: Ըստ ամենայնի Գյումրիից սկսելն իր մեջ որոշակի ակնարկ էր պարունակում:
Բայց, Հայաստանում անշուշտ շատ կարեւոր են ոչ միայն տեսարանները, այլ դրանց բովանդակությունը: Եթե գլուխները թռչելու են ընդամենը նախընտրական քարոզչության համար, իսկ հետո խնամքով դրվեն իրենց տեղերում, ապա այստեղ իհարկե հանրությանը հետաքրքրող ոչինչ չկա: Կամ, եթե գլուխները թռչելու են տնտեսա-քաղաքական այլ նպատակահարմարություններից ելնելով՝ ասենք տնտեսական վերաբաշխում, ապա այստեղ էլ հանրությանը բնականաբար պետք է հետաքրքրի, թե դրանով ինչպես եւ ինչքան է փոխվելու համակարգը, բացի այն, որ կարող են փոխվել սեփականատերեր, կապալառուներ, պատվիրատուներ, քվոտաներ եւ այլն:
Անշուշտ, Հայաստանում ստեղծված քրեաօլիգարխիկ պայմանավորվածությունների համակարգն իրենից ներկայացնում է բավական բազմաշերտ եւ բազմերանգ մի հանգույց, եւ այստեղ իհարկե համակարգային վերափոխումների գործիքակազմում կարող է ներառվել նաեւ տնտեսական վերաբաշխումը: Ի վերջո, Հայաստանում իշխանությունը փող է, փողն՝ իշխանություն:
Համակարգը փոխելու, ապամոնտաժելու համար պետք է իշխանություն ունենալ: Իսկ դրա համար պետք է կատարել տնտեսական վերաբաշխում եւ քրեաօլիգարխիայի տակից հանել նյութական ռեսուրսը:
Դա համակարգափոխության գործիքակազմի էական տարր կարող է լինել: Սակայն, միեւնույն ժամանակ, դա պակաս ռիսկային տարր չէ, քան համակարգն ինքնին: Բանն այն է, որ ռեսուրսն օլիգարխիայի տակից հանելուց հետո, չկա որեւէ երաշխիք՝ “ազնիվ խոսքից” բացի, որ տնտեսա-քաղաքական համակարգը չի շարունակի գործել փակ բաժնետիրական ընկերության սկզբունքով, որտեղ ընդամենը կփոխվեն բաժնետերերը:
Մյուս կողմից, սակայն, խոշոր հաշվով իշխանական ճամբարում այլ տարբերակներ գրեթե չկան: Առավել երաշխավորված վերափոխումների նվազ ռիսկային տարբերակները հասարակական, քաղաքացիական կողմում են: Ընդ որում, մեկը մյուսին չի խանգարում: Որովհետեւ եթե իշխանության ճամբարում այդուհանդերձ ընդամենը տնտեսական վերաբաշխում է լինելու, ապա դրանից խոշոր հաշվով Հայաստանի քաղաքացիական հանրույթի համար խնդիրը չի փոխվում:

Մեկնաբանություն