Սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում Գյումրին ունեցավ նոր քաղաքապետ ու ավագանու նոր կազմ: Մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո, մինչև ՏԻՄ ընտրությունները Գյումրիում տեղի ունեցող հիմնական գործընթացը Վարդան Ղուկասյանի գահըկնեցությունն էր ու նոր թեկնածուին` Սամվել Բալասանյանին հանդիսատեսի դատին մատուցելուն նախապատրաստելը:
Առաջին էլ, վերջինն էլ կարծես թե ստացվեց անել, բաց ստացվեց անել ոչ թե հասարակական պահանջարկը, այլ կոնկրետ քաղաքական թիմի կոնկրետ քաղաքական շահերը բավարարելու համար: Մեծ հաշվով, Գյումրիում Վարդան Ղուկասյանի հեռանալն ու Սամվել Բալասանյանի երկար նախապատրաստվող գալուստը որևէ հասարակական դիսկուրսի հետ որևէ աղերս չուներ: Սա ընդամենը խաղաքարտերի փոփոխություն էր, նախագահը մի խաղացողին փոխեց մեկ այլ խաղացողով: Այն, որ Սամվել Բալասանյանը Գյումրիում ոչ միայն լեգիտիմ չէր, այլև Գյումրու հետ շատ քիչ կապ ունի, փաստում են ընտրության արդյունքերը: Բալասանյանը հավաքեց շուրջ քսան հազար ձայն, իսկ դաշնակցական թեկնածուն, որը նույնիսկ ամբողջական քարոզարշավ չէր անցկացրել, հավաքեց Բալասանյանի ձայների կեսը: Բացի այդ, մեծ քանակությամբ անվավեր քվեաթերթիկներ, ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշ, ինչը ցույց էր տալիս ընտրողների անտարբերությունը: Ղուկասյանի դեպքում, օրինակ, որքան էլ նրան ընդդիմացողների բանակը ստվար լիներ, կար մարդկանց մեկ այլ մեծ խումբ, որոնց համար Ղուկասյանն իրոք թեկնածու էր, ու որի համար ընտրատեղամաս էին գնում: Բալասանյանը նման թեկնածու չէ, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ու նախագահն իրենց աջակցութունը ցուցաբերեցին Բալասանյանին վերջինիս հնարավորինս մեղմ ու անաղմուկ անցկացնելու համար, ամեն դեպքում չստացվեց նրան դարձնել լեգիտիմ քաղաքապետ:
Ընտրությունների հետ կապված մեկ այլ արդյունք, Հանրապետականները չգրանցեցին այն արդյունքներն, ինչ ցանկանում էին, նրանք չկարողացան ամբողջական կազմով մտնել ավագանու կազմի մեջ: Պատճառն այն էր, որ այս անգամ նրանք չէին կիրառել այն քանակի պաշտոնական լծակներ, ինչքան օրինակ ԱԺ ընտրություններում: Եթե հանրապետականը չի կիրառում իր պետական լծաները, ապա դառնում է անզոր ու պարտվում է: Հանրապետականն ակնհայտորեն վստահության պակաս ունի Գյումրիում: Հենց սա էր պատճառը, որ Վարդան Ղուկասյանին գահընկեց անելուց հետո նախագահն իր աջակցությունը փորձեց բարդել ԲՀԿ-ական Բալասանյանի վրա, հասկանալով, որ եղած իրավիճակում մնում է միայն մի բան` նոր քաղաքապետին գցել նախագահական աջակցության պարտքի տակ: Ու ենթադրելի է, որ այդ պարտքը վերդարձվելու է ավելի մեծ չափաբաժնով, քան տրվել է նախագահական ընտրությունների ժամանակ:
Բայց ավելի կարևոր մեկ այլ բան կա, քաղաքական կոնկրետ ուժերի տեղաշարժերից բացի. առաջին անգամ Գյումրիում հասարակությունը ներկայացնող մարդիկ կարողացան ներկայացնել իրենց որպես քաղաքական գործընթացների մասնակից: Նման մարտավարություն Հայաստանում դրվագներով որդեգրել է Ժառանգություն կուսակցությունը: Գյումրիի նման կարծրացած քաղաքական միջավայրում այս պրակտիկայի կիրառումը փաստում է, որ անկախ ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր տեղաշարժերից, արդեն նախադեպ կա հասարակական դիսկուրսը քաղաքականի վերածելու: Հայաստանում կուսակցական համակարգերի ակնհայտ ճգնաժամի պարագայում հենց այս մոդելն է կիրառելի ու կենսունակ, հեռանկարի առումով:
Գյումրու օրինակով մենք տեսնում ենք Հայաստանի կուսակցական համակարգի կրախը: Հանրապետականը Ղուկասյանի հեռանալուց հետո չունեցավ որևէ մի թեկնածու, որին կկարողանար հանել պայքարի, որովհետև տարիներ շարունակ կուսակցությունը ոչինչ չէր արել նոր թեկնածուներ նախապատրաստելու ուղղությամբ: ԲՀԿ-ն էլ, ընդամենն իր ընտրությունից ընտրություն կատարելագործվող թաղային ցանցերի ու ստվերային մեխանիզմների շնորհիվ դեռևս կարողանում է ձայներ հավաքել: Մյուս կուսակցությունները Գյումրիում գրեթե ոչ մի դերակատարություն չունեն:
Այս պարագայում, երբ Գյումրիում նոր քաղաքապետը քաղաքի հասարակական դիսկուրսի հետ կապ չունի, բացի գյումրեցի լինելուց ու Գյումրիում բիզնես ունենալուց, երբ հանրապետականները կորցրել են ֆորմալ իշխանությունը, իսկ ոչ ֆորմալ առումով էլ շարունակում են կորցնել, մեծանում է հանրային ակտիվության նշանակությունը: Նման պայմաններում, երբ քաղաքականությունն ուղղակի լքում է իր դիրքերն ու հասարակության ինքնակազմակերպումը թողնում ինքնահոսի, փոխարենը զբաղվելով ինքն իր համար օրհասական ձայներ ապահովելով, հասարակական ռեսուրսի քաղաքականացումը միակ ճանապարհն է նոր իրավճակ ստեղծելու համար: Այդ ճանապարհը կարծես առաջին անգամ ուղենշված է: Հասարակությունը Հայաստանում ավելի առաջադեմ է, ավելի ինտեգրված է աշխարհում տեղի ունեցող գործըթնացներին, կազմակերպման ավելի մեծ ունակություն ունի, ավելի ճկուն է ու հանդուրժող: Քաղաքականությունը՝ ընդհակառակը: Հասարակական ռեսուրսի քաղաքականացումը Գյումրու զարգացման միակ հեռանկարն է: Այդ հեռանկարի սկզիբը նախանշված է «Քաղաքը մերն է» նախաձեռնության կողմից:
Գյումրիում ընտրությունների հիմնական ու շոշափելի արդյունքը հենց դա էր, հանրային ու քաղաքացիական ակտիվ դիսկուրսը հնացած կուսակցական դիսկուրսների կողքին առաջին անգամ լսեցնել տվեց ինքն իր մասին:

Մեկնաբանություն