Պատմության ընթացքում հայկական պետականության ստեղծումը եւ անկումը տեղի են ունեցել գրեթե նույն սխեմայով: Համենայնդեպս, վերջին 2000 տարում սովորաբար Արեւելից կողմանց՝ Սյունիք-Արցախի ժողովուրդը սկսել ու գլխավորել է ազատագրական պայքարը, որի շնորհիվ Հայաստանում հաստատվել է անկախ կամ գոնե կիսանկախ պետականություն եւ ձեւավորվել իշխանություն: Հայաստանի այլ գավառների համեմատ՝ Սյունիք-Արցախը մշտապես պահպանել է հայկական էթնիկ տարրը եւ անկախության բջիջները, անկախ պետություն կառուցելու բնազդն ու ձգտումը, ունեցել է քիչ թե շատ մարտունակ զինվորականություն: Դա էլ թույլ է տվել պատմության տարբեր փուլերում վերածնել հայկական պետականությունը:
Սակայն, սովորաբար, Հայաստանում հաստատված իշխանությունը բավական կարճ ժամանակահատվածում կորցնում էր վերահսկողությունը ներքին իրավիճակի վրա: Իմպերիայի պետականության «իներցիան» արագ սպառվում էր, եւ երկրում սկսվում էին դեգրադացիոն գործընթացներ, որոնց գլուխ էին անցնում Առաքելական եկեղեցին եւ Հայաստանի այլ գավառների իշխանները, որոնք անկախության ընթացքում կուտակում էին ինչ ինչ ռեսուրսներ, հրաժարվում ենթարկվել կենտրոնական իշխանությանը եւ փորձում դրսի ուժերի օգնությամբ պահպանել իրենց դիրքերը: Ձեռքի հետ էլ, գործի էր դրվում քարոզչությունը, որ այն ժամանակներում գլխավորում էր Առաքելական եկեղեցին, արդարացնելու եւ «սրբացնելու» այդ կենտրոնախույս ձգտումները:
«Եվ ահա իշխանների նախիրը իրենը կարծեց իր արածած մարգագետինը, մաճկալների ու հնձվորների բանակը, երակների արյան կորովը, եւ արյան մեջ սաղմի պտույտը իր երակներում, կարծեց ինքը իրենն է, Արշակինը չէ, եւ տարավ Շապուհին տվեց մի գանձ, որ ոչ Արշակինն էր, ոչ էլ իրենը, այլ գալիք սերունդներինը՝ մերը», գրում է Հրանտ Մաթեւոսյանը «Մեծամոր» վիպակում:
Հայկական պետականության նորագույն փուլը կարծես թե անցնում է նույն սխեմայով. Ղարաբաղի ազատագրական պայքարի ֆոնին ստեղծվեց հայկական անկախ պետություն, ձեւավորվեց իշխանություն, որը սակայն ընդունակ չգտնվեց կառուցել արդյունավետ, օրենքի վրա հիմնված պետական կյանք եւ անշրջելի դարձնել անկախությունը: Երկրում տերուտնօրինություն էին անում ռազմաֆեոդալական խմբավորումները, ծաղկում էր ռեկետն ու սեփականության վերաբաժանումը: Այդ իշխանությունն արագ տապալվեց, եւ նրան փոխարինելու եկած «նոր» իշխանությունն աստիճանաբար վերացրեց ռազմաֆեոդալական խմբերին, հաստատեց կարգ ու կանոն եւ «օրենք», որը հիմնված էր ոչ թե սահմանադրության եւ օրենքների, այլ հայաստանյան տարբեր խմբավորումների միջեւ պայմանավորվածությունների, քվոտաների ու «զոնաների» վրա: Երկրում ձեւավորվեց այն, ինչ ներկայում անվանվում է քրեաօլիգարխիկ համակարգ, որը բաժանել է Հայաստանի ողջ ռեսուրսն իր մեջ:
Այդ համակարգի ներկայացուցիչներն ամեն մեկն իր տեղում վերածվել է իշխանի, որը տնօրինում է տվյալ տարածքը, նշանակելով տեղական իշխանություն եւ սահմանելով սեփական «օրենքները»: Սա ամենեւին էլ տեղական ինքնակառավարում չէ ժողովրդավարական սահմանումով, այլ ֆեոդալական տերուտնօրինություն, որն ըստ էության հակապետական գործունեություն է:
Ներկայում համակարգը ակնհայտորեն փլուզվում է, չեն գործում նախկին պայմանավորվածությունները, իսկ նոր պայմանավորվածությունների չի հաջողվում հասնել: Պատճառները տարբեր են, եւ այլ խոսակցության նյութ: Եւ ահա, այս պայմաններում այդ «իշխանների նախիրը իրենը կարծեց իր արածած մարգագետինը», եւ կյանքի ու ինչքի պահպանման միակ ճանապարհը դառնում է տիրոջ փնտրտուքը. նրանք տեր են որոնում, ով կերաշխավորի նրանց անվտանգությունը: Եւ պատրաստ են տիրոջը հանձնել մի գանձ, որն իրենցը չէ, այլ գալիք սերունդներինը:
Հետեւելով հայկական տնտեսական-քաղաքական այսպես կոչված վերնախավի քայլերին, դրսում տերեր փնտրելուն, նկատելի է դառնում, որ հայկական պետականությունն անցնում է նույն ճանապարհը, նույն կախարդական շրջանը: Դրա վառ օրինակը՝ Եվրասիական միությանն անդամակցելու, այսինքն՝ Պուտինից անձնական երաշխիքներ ստանալու համար Հայաստանում իրար հերթ չտալով սկսված իրարանցումը: Պետք չէ կասկածել, որ «իշխանների նախիրը» հերթական անգամ կտանի ու կհանձնի այն, ինչն իրենցը չէ, ինչին նրանք տիրացել են սեփական պետության եւ ժողովրդի դեմ գործած հանցագործություններով:
Սեփական պետականության կառուցումը ծանր գործ է, եւ պահանջում է նվիրում, անձնազոհություն, երազանք, ներքին հզոր մշակույթ:

Մեկնաբանություն