Ծաղկաձորում այս ամսվա վերջին նախատեսված եվրասիական երիտասարդության համաժողովն իսկական փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում: Արդեն ստեղծվում են խմբեր, որոնք մտադիր են քննարկել այն հարցը, թե ինչպես պետք է «Չ՛ինտեգրվել Եվրասիական միությանը»: Սակայն գլխավորը՝ բոլորը հարց են տալիս, թե համաժողովի ժամանակ ինչ փաստարկներ են բերվելու այդ միությանն անդամակցելու օգտին:
Սեպտեմբերին Հայաստանում սպասվում է հետխորհրդային մեծ շքերթ՝ ՀԱՊԿ զորավարժությանը հրավիրվել են այդ կազմակերպության անդամ երկրների նախագահները: Կժամանի թերեւս նաեւ Վլադիմիր Պուտինը, ով կփորձի «փաստարկներ» ներկայացնել Եվրասիական միությանն անդամակցելու օգտին: Իսկ դրանք երեւի թե պարզ են՝ գազի գինը, հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի վրա հարձակման դեպքում Ռուսաստանն օգնություն կտրամադրի, եւ դրա պես բաներ: Ճիշտ է, պարզ լեզվով դա կոչվում է ոչ թե փաստարկներ, այլ սովորական շանտաժ:
Էլ ինչ կարող է առաջարկել Պուտինը, որպեսզի Հայաստանին «համոզի» մտնել Եվրասիական միություն եւ փորձի շնչառություն տալ խորհրդային դիակին: Բրեժնեւյան դեմքով այդ դիակը վաղուց քայքայվել է, սակայն Պուտինի հիշողության մեջ թարմ են իր «ոսկե 80-ականները», երբ նա կիսամեռ դիակի շահերն էր պաշտպանում Գերմանիայում: 80-ականների հանդեպ Պուտինի կարոտախտը վաղուց որոշիչ թեմա է դարձել ռուսական հեռուստաալիքներում, շոու-բիզնեսում, որը դեռ շարունակում է ապրել Սան-Ռեմոյով եւ Bony M-ով:
Ներկայում 80-ականների մոդան ցանկանում են տարածել Հայաստանում: Սակայն ոմանք հաշվի չեն առնում, որ անցած տասնամյակներին Հայաստանն արմատապես փոխվել է: 3 տարի Հայաստանը Ղարաբաղի հետ պատերազմում էր նաեւ խորհրդային-ռուսական զորքի դեմ: Հայաստանն արդեն Ռուսաստանին չի համարում անվտանգության միակ երաշխավոր: Փոխվել է հասարակության վերաբերմունքը դարավոր կարծրատիպերին: Մի խոսքով, շատ բան է փոխվել Հայաստանում, եւ նրան Եվրասիական միություն կարելի է «տանել» թերեւս միայն շանտաժով:
Այլ փաստարկներ չկան: Այդ պատճառով, անհասկանալի է, թե ինչ են քննարկելու ԱՊՀ երիտասարդները Ծաղկաձորում: Այն, որ Ռուսաստանում չկա՞ կոռուպցիա, որ տնտեսությունը բարգավաճո՞ւմ է, գյուղերը չե՞ն դատարկվում, զարգանում են նորարարություննե՞ր, եւ ռուսական ինքնաթիռները լավագո՞ւյնն են աշխարհում: Եւ ո՞վ դրան կհավատա:
Հատկանշական է, որ միլիոնավոր մարդիկ դառնում են մեկ մարդու բորբոքված կարոտախտի պատանդները, որը փորձում է վերակենդանացնել առասպելը: Եվրասիական միությունը նույնպիսի առասպել է, ինչպես ԱՊՀ-ն, որն այդպես էլ մնաց որպես ԽՍՀՄ մեռելածին պտուղ: Ափսոս միայն, որ դրա վերակենդանացման փորձերին ներգրավվում է երիտասարդությունը: Թերեւս, դա հատուկ է արվում, քանի որ ավելի ավագները, որ տեսել են խորհրդային իրականությունը, դժվար թե աջակցեն դրա վերակենդանացմանը:

Մեկնաբանություն