Տարիներ առաջ, 2007 թվականին, իր դեմ կատարված մահափորձից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պետական միջոցներով ձեռք բերեց զրահապատ BMW մեքենա: Այդ մեքենան վերջերս նա սեփականաշնորհել է, բնականաբար շատ էժան, «կոպեկներով»: Մինչ այդ, Հայաստանի իշխանությունը կայացրել էր որոշում՝ Գյումրիի քաղաք ապետի առաջիկա ընտրությանը ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանին աջակցելու վերաբերյալ: Վարդան Ղուկասյանը հրապարակավ «դիմադրեց», նույնիսկ հայտարարեց, որ անկախ ամեն ինչից առաջադրվելու է, իսկ նրա որդին հրապարակավ սպառնում էր բոլորին ու իր հերթին հայտարարում, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել չառաջադրվել: Հետո սակայն, գործադրելով իրավապահներին, իշխանությունը ստիպեց Ղուկասյանին եւ նրա որդուն լռել եւ համակերպվել, թերեւս ինչ ինչ երաշխիքներ տալով:
Գրեթե նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դեպքում, երբ 2011 թվականին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր իր ծառայողական մեքենայի զրահապատ 5 անվադողերը, որոնք բյուջեի միջոցներով գնվել էին յուրաքանչյուրը 1,2 միլիոն դրամով:
Պատահական չէ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների «հակումը» զրահին: Նրանց մեծամասնությունն իր դիրքերին հասել է այլոց զրկելու, նրանց սեփականությունը խլելու, բազմաթիվ մեծ ու «փոքր» հանցագործությունների գնով: Նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում հասցնում են այնքան թշնամիներ վաստակել, որ սկսում են լրջորեն անհանգստանալ սեփական ապագայի համար, եթե զրկվեն պաշտոններից ու իրենց դիրքերից: Զուր չէ, որ Հայաստանում իշխանության համար պայքարը, ընտրական գործընթացները վաղուց վեր են ածվել պետական համակարգ սողոսկած պատահական մարդկանց ու հանցագործների խմբավորումների կյանքի ու մահվան հարցի:
Կփրկի՞ արդյոք նրանց զրահը: Համենայնդեպս, առայժմ չի փրկել ոչ մեկին, ովքեր գնացել են այն ճանապարհով, որով անշեղ ընթանում են հայաստանյան պաշտոնյաները, կարծելով, թե իրենք ամենազոր են ու հավերժ:

Մեկնաբանություն