Մասիս քաղաքում առաջադրվել է քաղաքապետի միանգամից երեք ԲՀԿ-ական թեկնածու: Այսինքն, ստացվում է, որ միեւնույն կուսակցությունը ներկայացնող թեկնածուները պետք է միմյանց հետ մրցեն քաղաքապետի պաշտոնի համար:
Այդտեղից իհարկե պետք չէ հեռուն գնացող հետեւություն անել եւ մտածել, որ ուրեմն ԲՀԿ-ում եռփեղկվածություն է: ՏԻՄ ընտրություններ են, գործում է այլ, այսպես ասած տեղային տրամաբանություն, իսկ կուսակցությունն էլ թերեւս որեւէ կերպ չի կաշկանդել իր անդամներին ՏԻՄ ընտրությանը մրցակցելու հարցում:
Բայց փաստն ինքնին բավական խորհրդանշական է այդ կուսակցության համար: Խնդիրն այն է, որ Բարգավաճ Հայաստանում առկա է բավական բազմաշերտ քաղաքական իրավիճակ, ինչը վերջին շրջանում ունենում է հետաքրքրական դրսեւորումներ:
Օրինակ, դրսեւորումերից մեկը Գյումրիի քաղաքապետի ընտրության առիթով ստեղծված վիճակն էր, երբ կուսակցությունն առաջադրեց Սամվել Բալասանյանին, ով նախ ստացավ նախագահի նստավայրի հավանությունը: Բանն այն է, որ Գյումրիում ԲՀԿ-ն ուներ ակնհայտորեն ուժեղ այլ թեկնածու՝ Մարտուն Գրիգորյանը, ով, հաշվի առնելով տեղական մի շարք առանձնահատկություններ, առավել անցողիկ կլիներ, քան Բալասանյանը: Բայց, ԲՀԿ-ն թեկնածուն համաձայնեցնում է Սերժ Սարգսյանի հետ, քանի որ Մարտուն Գրիգորյանի պարագայում Սարգսյանը կարող էր ունենալ որոշակի մտահոգություններ:
Բազմաշերտ իրավիճակի մեկ այլ դրսեւորման օրինակ կարող է լինել Եվրասիական միության խնդդիրը: Բանն այն է, որ ԲՀԿ-ն ստանձնել է ռուսական կայսերապաշտության այդ նախագծի գլխավոր սպասարկողներից մեկի դերը Հայաստանում: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ում կա Վարդան Օսկանյան, ով մեղմ ասած ամենեւին երկրորդական դերակատար չէ այդ կուսակցությունում: Հետաքրքիր է, ինչպես է համատեղվելու Վարդան Օսկանյանի քաղաքական եւ քաղաքակրթական կերպարը ռուսական կայսերապաշտության նախագծերի հետ:
Իրավիճակի բազմաշերտության գլխավոր դրսեւորումն իհարկե այն է, թե ի վերջո ինչպիսին է լինելու այդ կուսակցության տեղն ու դերը քաղաքական համակարգում: ԲՀԿ-ն ներկայում ունի զգալի տեղ եւ դեր, բայց ակնհայտ է, որ այն իր զգալիությամբ հանդերձ բավական միջանկյալ է, այսպես ասած անցումային: ԲՀԿ-ին ինքնին կարծես թե խորհրդանշում է Հայաստանի քաղաքական համակարգի անցումային մի փուլ:
Խոշոր հաշվով, անցման հիմնական ճանապարհները թերեւս երկուսն են՝ ԲՀԿ-ն կամ կդառնա Հայաստանի երկբեւեռության միտումներ դրսեւորող քաղաքական համակարգի երկրորդ բեւեռը՝ վերածվելով ՀՀԿ-ի համակարգային հակակշռի, կամ էլ ուժ, միտք եւ կամք չգտնելով կրել այդ դերը, ԲՀԿ-ն իր գործունեությամբ կխթանի երկրորդ բեւեռի ձեւավորում այսպես ասած ընդդիմության դաշտում, որից հետո կամ կձուլվի ՀՀԿ-ի հետ եւ կկազմի միասնական մեկ իշխանական բեւեռ, կամ կմարգինալանա այն աստիճան, որ այլեւս չի համարվի քաղաքական գործընթացի հիմնական մասնակիցներից մեկը:
Դրսեւորման այդ համատեքստում բանականաբար տեղավորվում է նաեւ այսպես ասած բազմաշերտության մի ենթադրսեւորում, ի դեմս ԲՀԿ համար Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պայքարի, եւ գուցե նաեւ մեկ այլ դրսեւորում էլ ի դեմս Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պայքարի, թե որ քաղաքական ուղեծրում պետք է ավելի շատ գործի Բարգավաճ Հայաստանը:
Այդ տեսանկյունից, Հայաստանի քաղաքական դաշտի առաջիկա զարգացումներում ինքնին հետաքրքրական է ոչ այնքան ԲՀԿ դերը իշխանության համար պայքարում, որքան պայքարը ԲՀԿ-ում իշխանության համար:

Մեկնաբանություն