Կարծես թե օտար պետության մեջ կատարվող իրադարձությունները հայ հասարակության հետ կապ չունեն. ներքին քաղաքական խնդիրների լուծման համար կատարվել է գռեհիկ սադրանք, բայց արի ու տես, որ ազատամիտ և հիմնականում իրենց բացառիկ ազատատենչ և հակառուս համարող անձինք Հայաստանում “ոտով-գլխով” լծվել են տափակ “փուսիների” պաշտպանության գործին: Մի՞թե, իրոք, “քաղաքականապես մենք ռուս ենք”: Իհարկե ոչ, պարզապես այն անձինք, ովքեր հրճվանքով լծվել են “փուսիների” պաշտպանության գործին, սեփական երկիրը շարունակում են պատկերացնել որպես ԽՍՀՄ խորը գավառ և չեն պատկերացնում, չգիտեն թե ինչ է ինքնությունը, ուստի նույն չափով քաղաքականապես նաև այլ են, “համամարդկային”, միայն ոչ քաղաքականապես հայ: Դա ներքին գոյավիճակ է, սեփական կարծիք և դիրքորոշում ունենալու անընդունակություն և վախ, երբ մոդայիկ, դրսից փաթաթված մեյնստսրիմը համարվում է արդարացի, բարոյապես անխոցելի և քաղաքականապես նպատակահարմար` որպես սեփական անձի գոյի լեգիտիմություն:
Ին՞չ է իրականում կատարվել: Մեզ համար օտար երկրում հակաեկեղեցական արշավը կանգնեցնելու և վարկաբեկելու համար կազմակերպվել է հատուկ գործողություն. եկեղեցում իրականացվել է պանկ-ժամերգություն, որը անցել է պատշաճ մակարդակով, առանց բախումների և առանց եկեղեցու սպասավորների դիմադրության: Լրագրողները այդ ամենը լուսաբանել են, ենթադրում եմ, որ մի քանի “դուբլ” են արել մինչև հարմար կադրեր ստացվեն: Հասկանալի է, որ միլիոնավոր հավատացյալների համար դա սրբապղծություն է, ուստի յուրաքանչյուր ոք, ով հետայսու կփորձի պաշտպանել զանցանքը կատարողներին, կամ հետագայում կքննադատի Ռուս Ուղղափառ Եկեղեցուն` ասոցացվելու է այդ սրբապխղծության և սրբապիղծների հետ: Ավելին, ինքնըստինքյան սրբապիղծների պաշտպանները նույնպես ներկայացվելու են հանրությանը, որպես ապա- և հակաբարոյական, իսկ նրանց դավանած արևմտյան արժեքները նույնացվելու են այդ հակաբարոյականության հետ: Շատ գրագետ իրականացված հատուկ գործողություն է:
Շատ հետաքրքիր ուղերձ է նաև բուն արարքը. Պուտինի վարչակարգը այնքան կարևոր է, որ կարելի է թքել միլիոնավոր մարդկանց զգացմունքների վրա, այսինքն` ընթացիկ քաղաքական պայքարի թոհուբոհը արդարացնում է չարի և բարու սահմանից դուրս եղած յուրաքանչյուր քայլ: Այստեղ, իհարկե, կարևորը Պուտինը չէ, այլ` այն, որ իրար դեմ հանելով քաղաքական հայացքները և բարոյական նորմերը` մարդկանց կանգնեցնում են անլուծելի երկընտրանքի առջև. որ՞ն է սահմանը քաղաքական նպատակահարմարության: Եվ եթե կարելի է այդպես վարվել իբր թե Պուտինի դեմ, ապա Պուտինի հակառակորդների նկատմամբ յուրաքանչյուր քայլ նույնպես լեգիտիմ է, օրինավոր և արդարացի: Այդ քայլով ոչ միայն կրոնական զգացմունքն է նսեմացվում, այլ ՌԴ իշխող վարչակարգն է բարձրացվում, որը որպես կրոնի, եկեղեցու, բարոյականության և հանրային անդորրի “պաշտպան”, իրար դեմ հանելով քաղաքական հայացքները և բարոյական նորմերը` իրավասու է և պարտավոր է դիմել ամեն տեսակի բռնաճնշումների նրանց հանդեպ, ովքեր այլ մարդկանց զգացմունքների նկատմամբ տարրական հարգանք չունեն:
Այս ամենն, իհարկե փոքրիկ մասն է կազմում Արևմուտք-Ռուսաստան նոր սառը պատերազմի, որը Պուտինը այդ պահին հաղթեց, իսկ Արևմուտքին ոչինչ չի մնում անելու, քան մոբիլիզացնել “գեղարվեստա-շոուբիզնեսի” ներկայացուցիչներին` պարտության հետևանքը մեղմելու համար: Սակայն հայերիս համար այս պարզ տեխնոլոգիան անհասկանալի պատճառով դարձավ շատ բարդ հանելուկ: Եթե հայկական մասնակցության մեջ լիներ որևիցե շարժառիթ, պարգև, ռեսուրսներ, ապա դա ընկալելի կլիներ: Բայց այդ ամենին հայ ազատականությունը միացել է իրոք անշահախնդիր կերպով, ազնվորեն և ինչպես միշտ` անիմաստ: Միակ հետևանքը կլինի այն, որ ռուսները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ այս “չուրկաները” իրենց ուղեղով չեն շարժվում և որպես հակառակորդ թիմի դաշնակից` պետք է կոշտ կերպով պահվեն “բռի մեջ”: Իհարկե, դա ներկայացվում է քաղաքական նպատակահարմարություն ժողովրդավարական համերաշխության ծիրի մեջ, մոռանալով, որ ավելի լավ է մաքիավելիական հակումները դրսևորել մեզ չվերաբերող և անիմաստ կռիվներից խուսափելու գործում, քան նույն հակումները դրսևորել բարոյապես խոցելի և Հայաստանին բացի վնասից ոչինչ չտվող արշավը հիմնավորելու մեջ:
Դա ավելի քան զարմանալի է, եթե վերհիշենք, թե ովքեր են հայկական եկեղեցիներում քաղաքական խնդիրներ լուծել և ինչ հանգամանքներում: Վերջին նման դեպքը կատարվեց Անիի Մայր տաճարում, որտեղ թուրք ազգայնականները տխրահռչակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության ծաղկման շրջանում նամազ կատարեցին: Մենք հո գիտենք, թե ինչ է դա նշանակում և ինչ խորհուրդ ունի Եկեղեցու պղծումը:
Նվաճող թշնամու կողմից սեփական հզորության, այլոց իրավունքների ցինիկ ոտնահարման և սեփական ինքնության խորհրդանշական հաստատումը գոնե ըմբռնելի է, թուրքից թրքություն ես սպասում: Իսկ ի±նչ գաղափար է հաստատվում ներքին կյանքում` տաճարը պղծելով. ջրբաժանի՞, որը չի տանում “դեպի տաճար” (80-ականների ժողովրդավարների ևս մեկ սիրված մեջբերում Թենգիզ Աբուլաձի հայտնի կինոնկարից), թե՞ սեփական ազատության տաճարը ենթադրում է ուրիշինի պարտադիր պղծումը. ով անցնում է այդ փորձությունը, համարվում է իսկական նվիրյալ, որը դեպի այդ տաճարը ետ դարձի հնարավորություն չի ունենալու: Նմաննե՞րն են անհրաժեշտ դեպի պայծառ ապագա գնալու համար: Անտրոպոտեխնոլոգիաները անկասկած կարող են ստեղծել սոցիալական խմբեր և կառավարել դրանց այնքան ժամանակ, քանի դեռ դեմ չեն առնում այլ անտրոպոտեխնոլոգիայի:
Ինչևէ, հարցերը շատ են, սակայն պատասխանը այս հարթության մեջ մեկն է. հաղթանակի համար անհրաժեշտ է կառուցել սեփական տաճարը և ոչ թե պղծել: Լենոնը և Օնոն սեփական անկողինը դարձրեցին տաճար, ոչ թե տաճարը դարձրեցին անկողին:
Ուշագրավ է նաև, որ ռուսական եկեղեցու պղծումը ողջունողները հիմնականում հայ-թուրքական ֆուտբոլի ջերմագույն և մոլեռանդ երկրպագուներն են և շատ են սիրում նման դեպքերում մեջբերել, թե “ոչ մի քաղաքական նպատակ արժանի չէ նույնիսկ մեկ երեխայի արցունքի”: Բայց այլ կերպ` իրենց նման չմտածողների զգացմունքները ոչինչ չարժեն, քանի որ իրենք չգիտեն զիմաստությունը, մարդ չեն, չգիտեն պանկ-ռոքը ինչ բարձր բան է և չեն հասկանում, որ ազատության պայքարում անհասկացողներին անհրաժեշտ է ազատել հայացքներ և սկզբունքներ ունենալու իրավունքից:
Ի վերջո, սա այլ պետության ներսում կատարվող գործընթաց է, որը մեզ պիտի դաս լիներ, սակայն, ավաղ, հայ մտավորականությունը նորից տարրական և այդքան իրենց կողմից առասպելաբանված չեկիստական ՙռազվոդկան՚ այդպես էլ չընկալեց, չպարզաբանեց հանրությանը, չբացատրեց իրավիճակը: Հակառակը, կեղծ ազատականության տոհմային, ոհմակային թայֆաբազությունը հաղթեց և հող նախապատրաստեց, որ մի հայ “փուսի-օգտակար ապուշ” կամ ուղղակի գործակալ նույն ծոմակությունը այստեղ անի, որպեսզի ևս մեկ անգամ ժողովրդական շարժումը լրջագույնս պառակտեն, իսկ իշխանությունը դառնա ՙհանրային բարոյականության պաշտպան:
Եվ վերջինը. 2009թ հոկտեմբերի 5-ին՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության “ծաղկուն” շրջանում Հայաստանի, մի շարք սրբավայրերում և սփյուռքի գաղթօջախներում Երևանի ժամանակով ժամը 5-ին տեղի ունեցավ հավաքական աղոթք` որին մասնակցել եմ նաեւ ինքս, եւ, որի ընթացքում ներկաների կողմից ընթերցվել և եկեղեցիների խորաններին խորհրդանշաբար հանձնվել է “Վասն կենաց և զօրութեան աշխարհիս Հայոց” մաղթանքը, որը գրաբարով գրել էր Ալեքսանդր Քանանյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սբ. Գայանե վանքում, Դադիվանքում, Բերձորում, Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում և Եռաբլուրում միավորված անձինք, խոստովանելով, որ այլևս սպառված են Հայոց պետականությանը ոչնչացմամբ սպառնացող քաղաքական ընթացքը կասեցնելու քաղաքացիական միջոցները, Աստծո դատին և Տիրոջ ողորմությանն են հանձառել Հայրենիքի դեմ “ունայն մեծամտությամբ մահաբեր դավադրություններ նյութող”, “նահատակների արյունն ուրացող” և Արցախի ազատագրված տարածքները հանաձնել պատրաստակամ երկրի քաղաքական վերնախավին: Քանի որ “Մաղթանքը” Աստծուն ուղղված աղօթք էր, այն շարադրվել և ընթերցվել է Հայոց ոսկեղենիկ գրաբար հայերենով:
Դա շոու չէր, դա փիառ չէր, դա ընդամենը սովորական հայ մարդկանց աղոթք էր հանուն երկրի, պետության, Եկեղեցու և մեր ընդհանուր ապագայի, աղոթք, որը ոչ մեկին և ոչինչ չէր վիրավորում և իրականում մեծարում էր նույն Եկեղեցին, որից մենք սպասելիքներ ունենք, նույնիսկ ես` աթեիստս: Ընթերցեք այս աղոթքը:
ՄԱՂԹԱՆՔ ԱՂԵՐՍԱՆԱՑ ՎԱՍՆ ԿԵՆԱՑ ԵՒ ԶՕՐՈՒԹԵԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՀԱՅՈՑ
Աստուած ահեղ, հզօր և սքանչելագործ, որ յամենայնի գթած ես և բարերար, որ ոչ երբէք թողուս ի ձեռանէ քումմէ զայնոսիկ, ոյք հաւատով և սրբութեամբ պաշտեն զքեզ ի բոլոր սրտէ և ի բովանդակ զօրութենէ հոգւոյ և մտաց, որ արարեր զմեզ լինել որդիս Հայաստանեայցս ազգի և տէր տեղւոջ դրախտին փափկութեան և ժառանգս աւանդին լուսոյ և կենսուսոյց օրինաց: Յանճառ և յանպատում բարեգորովութեան քում շնորհաբաշխ հաճութեամբ հեղեր ի սիրտս մեր զսէր Հայրենեաց և զնախանձ բարեփոյթ շինութեան աշխարհիս և ետուր մեզ զգիտութիւն ճշմարտութեան քրիստոսաւանդ հաւատոց և զոգի կամաց` ի լինել պաշտպան անսասանութեան լրման սահմանաց Հայաստանեայց աշխարհի: Եւ արդ անկեալ առաջի սքանչելափառ վայելչութեան աթոռոյ Բարձրելոյդ` աղաչեմք, զի ողորմութեամբ քով մեծաւ յարուսցես զփառս Հայոց և դարձուսցես ի մեզ զշնորհեալն ի քէն ի սկզբանէ անտի արարչութեան աշխարհի զերկիրն մեր` ի Ցուրտաւայ Գուգարաց ցդրունս Տանն Մահկերտի և ի մտից Մաժակայ Կապադովկիոյ ցՓայտակարան Վրկանից, զոր ետուր մեզ ի սեպհականութիւն մշտնջենաւոր և ի տեղի աստուածպաշտութեան ի սերունդս որդւոցն Հայկայ յաւիտեան: Վասն զի դու ես աղբիւր ամենայն իրաւանց և բեկանես զանիրաւութիւն մարդկան և շնորհես զկարողութիւն բազկի զօրութեան այնոցիկ, ոյք քև զօրացեալ` ի քէն ընդունին զպարգևն կելոյ և զպսակ յաղթութեան: Եւ վասն զի չիք ոք Բարձրեալ բայց ի քէն և դու միայն կաս և մնաս յաւիտեան և յերկինս են փառք քո և ի յերկրի վերստին հաստատել հաճեցար զնախամեծար փառս Հայաստանեայց աշխարհիս` ամենայն զօրութեամբ հոգւոյ բանականի աղերսեմք, զի հրաշակերտեսցես ի Հայս զամենայն կամս բարերարութեան քո և տացես զօրհնաբեր օգնականութիւն աջոյ ձեռին հզօրիդ յամենայն ժամ: Շնորհեա՛ մեզ զլոյս մտաց և զիմաստութիւն երկնաճեմ` յընթադրել զամենայն հարուածս երևելի և աներևոյթ թշնամւոյն: Դարձեալ վերստին մատուցեալ ի պատուանդան գահու արդարադատ իշխանութեան փառաց անեղիդ` աղաչեմք, զի փարատեսցես ի մէնջ զամենայն երկպառակութիւն և ջնջեսցես յերկրէ մերմէ զդաւաճանութիւն նենգութեան ուրացելոցն: Եկեսցէ ի նոսա ցասումն երկնից, և հալածեսցէ զնոսա սրտմտութիւն բարկութեան երկնառաք պատժոցդ: Ժամանեսցեն ի նոսա յերկնից առ ի քէն ամենայն հարուածք չարաչարք` ըստ չափու եղկելի վարուց և գործոց նոցա: Յամօթ և ի չիք դարձուսցես զունայնութիւն մեծամտութեան իւրեանց և զաղտեղութիւն քստմնելի դաւադրութեանց նոցա բարձցես ի միջոյ: Եւ որ կոչիսդ նախագահ Հայոց, գիտասջի՛ր, զի փութայ Աստուած ի խնդրել զվրէժ ուրացելոյ արեան նահատակացն և ժամանէ Տէր յընկենուլ զքեզ ի յուսոյ փրկութեան: Եւ եղիցիս լքեալ, ընկեցեալ և դատապարտեալ յԱստուծոյ և ի բաց մերժեալ յակնկալութենէ տեսութեան լուսոյ և կենաց: Վասն զի կարկամեալ գօսացուցանէ Տէր զմատունս այնոցիկ, ոյք ընդ գրով հաստատութեան արկանել իշխեսցեն զպայմանադրութիւն սրբապիղծ մատնութեան Հայրենեաց: Եւ որ ոք զանօրինեալ և զաստուածուրաց ձեռն իւր մխեսցէ ի լրումն ամբողջականութեան աշխարհիս Հայոց և դաւս ընդդէմ կենաց Հայաստանեայց նիւթեսցէ, հատուսցես նմա ըստ ահեղազօր իրաւանց արդարութեան ստեղծողիդ աստ և ի հանդերձելումդ: Եւ քեզ միայնոյ մեծիդ Աստուծոյ, կենարարիդ և պարգևողիդ անմահութեան և լուսոյ, Արարչիդ եւ հաստչիդ ամենայնի` գովութիւն, երկրպագութիւն, իշխանութիւն եւ փառք յամենայն արարածոց և յորդւոցս ազգիս ի դարս դարուց և ընդ ամենայն յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Մեկնաբանություն