Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին իր տեսաբլոգում հերթական անդրադարձի թեմա էր ընտրել Հայաստանի քաղաքացիական հասարակության գործոնը:
Այդ գործոնը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Ոմանք հիանում են քաղաքացիական ակտիվության դրսեւորումներով, տարբեր հաջողություններով, ոմանք դա համարում են ապարդյուն աշխատանք, որը չի կարող համակարգ փոխել, ոմանք ընդհանրապես այդ ամենը համարում են իշխանական պատվեր ու PR, կան մարդիկ որ անտարբեր են այդ ամենի հանդեպ, կան նաեւ շերտեր, որ պարզապես քաղաքական խանդով են վերաբերում այդ ամենին:
Աներկբա է թերեւս այն, որ Հայաստանում ձեւավորվել է մի նոր հարթություն, որի սերմերը առկա էին տարիներ առաջ, բայց որը դեռեւս չէր դարձել քիչ թե շատ կայուն միջավայր՝ համակարգային միտումներով:
Քաղաքացիական հասարակության գլխավոր խնդիրը հենց քաղաքացիական համակարգի ձեւավորումն է, որը կլինի Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգին այլընտրանք, որը կամ կստիպի այդ համակարգին փոխվել եւ ավելի համարժեք դառնալ քաղաքացիական փոփոխություններին, կամ էլ պարզապես այդ համակարգը վերջնականապես կտարանջատի հասարակությունից, դրա փոխարեն ձեւավորելով նորը:
Ակնհայտ է, որ գոյություն ունեցող քաղաքական համակարգը Հայաստանում այլեւս ի զորու չէ սպասարկել հասարակության կարիքներն ու պահանջները: Ընդ որում, խնդիրը միայն ձեւակերպված կամ ակնառու կարիքների ու պահանջների մասին չէ: Միգուցե կան շատ պահանջներ, որ հանրությունն ինքը չի էլ ձեւակերպել, անգամ չի էլ գիտակցել, եւ չի էլ պատկերացնում, բայց համարժեք, արդիական քաղաքական համակարգի կենսունակության կարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ նկատում է այդ չձեւակերպված, բայց կարեւոր պահանջներն ու կարիքները, նկատում է հասարակության ռազմավարական անհրաժեշտություններն ու ձեռնմուխ լինում դրանց լուծմանը:
Հայաստանի քաղաքական համակարգը վաղուց արդեն ոչ մի հարց չի լուծում երկրում՝ թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտում: Եվ մնում է, որ հասարակությունը ձեւավորի իր հարցերը լուծելու նոր համակարգ: Եվ այդ համակարգը կարող է լինել քաղաքացիական, ապակուսակցական համակարգը:
Այստեղ կա մի բավական նուրբ հանգամանք:
Հայտնի է, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերում կամ ավտորիտար կամ տոտալիտար համակարգ է, չկա ներկուսակցական ժողովրդավարություն եւ շարքերը դիտվում են ոչ թե որոշումներ թելադրող, այլ որոշումները հաստատող ինստիտուտ: Ով դեմ է որոշումներին, հռչակվում է ծախված, դավաճան, առակտիչ, ական:
Մինչդեռ, գրեթե բոլոր կուսակցությունների շարքերում կան կուսակցականներ, որոնք ազնիվ են, այլ կերպ են մտածում, որոնք ունեն ասելիք, որոնք անհատականություն են, որոնք աշխարհը չեն չափում միայն կուսակցական քաղաքական շահի պրիզմայով, որոնք դուրս են անկախության երկու տասնամյակում հաստատված քաղաքական, անհատապաշտական դոգմաներից, բայց կուսակցական այդ ավտորիտար կամ տոտալիտար միջավայրը ճնշում է նրանց, թույլ չի տալիս նրանց որակը գերակա դարձնել կուսակցության քաղաքական վարքագծում:
Քաղաքացիական համակարգն իր վերկուսակցական կամ ապակուսակցական էությամբ կարող է հանդիսանալ այն միջավայրը, որտեղ կբացվեն այդ անհատները, որտեղ կարող են առավելագույնս դրսեւորվել նրանց անհատական, մարդկային, ստեղծագործական որակները, բարձրացնելով այդ ռեսուրսի օգտակար գործողության գործակիցը հասարակության համար, պետության վերափոխման գործընթացի համար, եւ որպես արդյունք՝ քաղաքական նոր դաշտի ու միջավայրի ձեւավորման համար:
Այդ իմաստով, քաղաքացիական համակարգը կարող է լինել այն պարտեզը, որտեղ կաճի կուսակցական անապատում չորացող ռեսուրսը:

Մեկնաբանություն