Օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյանը կընդհատի արձակուրդը, որպեսզի Մոսկվայում հանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ: Թե հայաստանցի, թե ռուսաստանցի փորձագետները գրեթե միարժեք նշում են, որ հանդիպման առանցքային հարցը լինելու է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Խոսքն իհարկե համաձայնության մասին է, որովհետեւ այդ միությունը դեռեւս դե յուրե գոյություն չունի: Պարզապես Ռուսաստանը փորձելու է Հայաստանից ստանալ հավաստիացում, որ մեր երկիրը կդառնա այդ միության անդամ:
Հայաստանի համար դա այդքան էլ գրավիչ հեռանկար չէ, քանի որ հատվում է Եվրամիության կուրսի հետ, իսկ Եվրամիությունն էլ հասկացնել է տվել, որ Եվրասիական միության եւ Եվրամիության կանոնները անհամատեղելի են, հետեւաբար Հայաստանը պետք է ընտրի:
Խնդիրը սակայն իհարկե միայն ընտրելը չէ, այլ այդ ընտրության մասին Ռուսաստանին բարձրաձայնելը: Հայաստանի իշխանության համար թերեւս պարզ է, որ թե պետության զարգացման, թե անգամ միայն սեփական իշխանության պահպանման համար նախընտրելի է Եվրոպան, Արեւմուտքը:
Ու թերեւս հենց այդ նկատառումից ելնելով է Հայաստանի իշխանությունը վերջին տարիներին ինտենսիվացրել հարաբերությունը Եվրոպայի եւ ԱՄՆ հետ:
Բայց, հենց դա էլ Ռուսաստանին է մղել Հայաստանի առաջ Եվրասիական միության հարցը ուղիղ դնելուն:
Տարիներ առաջ, մարքսիստ Դավիթ Հակոբյանը բացահայտեց իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարճ երկխոսության մի դրվագ, մարզահամերգային համալիրում տեղի ունեցող կուսակցական կլոր սեղաններից, որ կազմակերպում էր Սերժ Սարգսյանը:
Մարքսիստը ասուլիսում նշեց, որ երբ այդ կլոր սեղաններից մեկի ընթացքում ինքն ասել է, որ պետք է Ռուսաստանին հստակ հայտնել մեր շահն ու դիրքորոշումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. 'Արա, գիտես հեշտ ա խոսե՞լ Ռուսաստանի նախագահի հետ':
Դա 2008 թվականն էր, Հայաստանում դեռ թարմ էր Մարտի 1-ը, 2008-ի նախագահի ընտրությունը, դեռ բազմամարդ էին ընդդիմության հանրահավաքները, մեծ էր հասարակության մեջ առկա զայրույթը, մոտենում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը, եւ այլն:
Անցել է 4 տարի: Արդյո՞ք այս ընթացքում Սերժ Սարգսյանի համար հեշտացել է Ռուսաստանի նախագահի հետ խոսելը:
Սարգսյանը կարծես թե կարողացել է մեղմել քաղաքական անհանդուրժողությունը, ընդդիմությունը նախկինի նման ագրեսիվ եւ բազմամարդ չէ, Մարտի 1-ի թեման նախկինի պես սուր չէ, տնտեսությունն էլ՝ ըստ պաշտոնական վիճակագրության, կարծես թե աճում է:
Բայց, հազիվ թե այդ ամենը Սերժ Սարգսյանի համար խոսելը դարձրած լինի ավելի հեշտ: Բանն այն է, որ այդ ամենը իրական խնդրի, իրական դժվարության եւ բարդության միայն արտաքին դրսեւորումներն են: Իրական խնդիրը պետության մեջ առկա համակարգային անորակությունն է, սահմանադրական կարգի բացակայությունը, ինչը իշխանությանը զրկում է հասարակական լեգիտիմությունից եւ առավել ուժեղ կենտրոնների հետ խոսելու հնարավորությունից:
Մինչեւ չփոխվի իշխանության լեզուն երկրի ներսում, հասարակության բոլոր շերտերի հետ փոխհարաբերություններում, ընդ որում համակարգային, ոչ թե կոսմետիկ փոփոխությամբ, Սերժ Սարգսյանի, կամ Հայաստանի որեւէ նախագահի համար հեշտ չի լինելու Ռուսաստանի նախագահի հետ խոսելը:
Իսկ իշխանության լեզուն, օրինակ նախորդ չորս տարիներին, համակարգային իմաստով չի փոխվել: Սեփական հասարակության հետ հաղորդակցության համակարգային լեզուն շարունակում է մնալ նույնը բոլոր բնագավառներում՝ քաղաքական, իրավական, տնտեսական, հետեւաբար չի կարող այդ համակագի լեզուն փոխվել արտաքին քաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում: Եղել են միայն կոսմետիկ փոփոխություններ, որոնք սակայն չեն կարող ունենալ որեւէ էական նշանակություն:
Այդ դեպքում, ամեն ինչ կախված է ընդամենը նրանից, թե այդ կենտրոնները ինչ լեզվով կխոսեն Հայաստանի իշխանության հետ:

Մեկնաբանություն