Հայաստանի նախագահը ընտրությանը նախորդող քաղաքական զարգացումները, գոնե քաղաքական հիմնական սուբյեկտների վարքի առումով, աստիճանաբար դուրս են գալիս ներքին խնդիրների ազդեցությունից եւ ավելի ու ավելի հայտնվում արտաքին կենտրոնների միջեւ Հայաստանի համար պայքարի ազդեցության տիրույթում:
Սակայն, անգամ այդ պարագայում ներքին խնդիրները շարունակում են մնալ այն առանցքային, հողային հիմքը քաղաքական զարգացումների համար, որոնք ավելի շատ գտնվում են արտաքին պայքարի ազդեցության գոտում:
Բանն այն է, որ արտաքին քաղաքական կենտրոնները չեն կարող հաշվի չառնել այն իրողությունը, որ կա Հայաստանում: Իսկ այդ իրողության առանցքային հարցը սոցիալ-հոգեբանական ծանրագույն իրավիճակն է՝ դրա հետեւանքով տեղի ունեցող զանգվածային արտագաղթը, նաեւ հասարակական ապատիան, ընկճվածությունը, անվստահությունը, հիասթափությունը քաղաքական համակարգի գրեթե բոլոր մասնակիցներից:
Այդ իրավիճակը հաղթահարելու համար, Հայաստանին անհրաժեշտ են ֆինանսական խոշոր ներդրումներ: Հատկապես Արեւմուտքի համար, միայն դրանց շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանի հետ գործընկերային հեռանկարների առումով ունենալ կայունության եւ երաշխավորվածության անհրաժեշտ հիմքը՝ ակտիվ եւ արդիական հասարակություն:
Սակայն, զարմանալի է, որ այդ առումով, հետաձգվեց Հայաստանի համար դոնոր երկրների համաժողովի անցկացումը, որը կարող էր առնվազն մի քանի հարյուր միլիոնի ներդրում ապահովել Հայաստանում: Մինչդեռ, ներդրումների բացակայությունն ու դրա հետեւանքով սոցիալ-հոգեբանական ծանր վիճակն ու հասարակական ապատիան Հայաստանի համար պայքարում խոսում են հօգուտ Ռուսաստանի:
Ուրեմն ինչու Արեւմուտքը հետաձգեց դոնորների համաժողովը: Բանն այն է, որ Արեւմուտքը Հայաստանին փող կտա թերեւս այն դեպքում, երբ վստահ լինի, որ այդ փողը Հայաստանում ծառայելու է բարեփոխումների քաղաքականությանը եւ դրանով հնարավոր է լինելու Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի դեստրուկտիվ գերիշխանությունից: Մինչդեռ Հայաստանում ներկայումս դրա նախադրյալները չկան, կամ եղածը մեղմ ասած այնքան չէ, որ բավարար դիտվի մի քանի հարյուր միլիոնի կամ միլիարդից ավելի ներդրում անելու համար:
Թերեւս այդ իսկ պատճառով էլ առանց այդ էլ ճգնաժամում գտնվող Արեւմուտքը խուսափում է մեծ փողեր դնել Հայաստանում, եթե դրանք կարող են հանկարծ ծառայել ավելի շատ Ռուսաստանին, քան հենց իրեն՝ Արեւմուտքին:
Պատահական չէր, որ դոնորների համաժողովի հետաձգման մասին հայտարարություններին զուգահեռ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Սերժ Սարգսյանին հիշեցրին բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտության մասին: Այլ կերպ ասած, դա Սերժ Սարգսյանին հիշեցում էր առ այն, որ քանի դեռ Հայաստանում լուծված չէ իշխանության խնդիրը, քանի դեռ այն գտնվում է դե ֆակտո մի քանի կետում, Հայաստանը չի կարող արեւմտյան մեծ փողեր ակնկալել, քանի որ Արեւմուտքը ամենեւին չի ցանկանում փողը նետել ջուրը:
Իսկ իշխանության խնդիրը Հայաստանում բաց է, այնքան բաց, որ մի թեթեւ քամին իսկ կարող է փչել այդ փողերն ու տանել:
Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի կարողանում լուծել այդ խնդիրը: Նրա մոտ առայժմ ստացվում է միայն այն, որ թույլ չի տալիս իշխանության խնդիր լուծել այլ ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ին եւ Ռոբերտ Քոչարյանին: Նրանք են ներկայումս Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցները:
Հայ ազգային կոնգրեսի հարցը Սարգսյանը լուծեց, թեեւ ներկայումս Ռոբերտ Քոչարյանն ու Բարգավաճ Հայաստանն ինտենսիվորեն փորձում են վերականգնել Կոնգրեսի քաղաքական ազդեցությունը՝ իհարկե միանգամայն կառավարելի պահելով այն, Սերժ Սարգսյանի դեմ առավել ազդեցիկ լինելու համար:
Իշխանական այդ պայքարում Սերժ Սարգսյանը ստիպված է նաեւ մտածել համակարգային փոփոխությունների մասին՝ թե այն պատճառով, որ դա է պահանջում արեւմտյան հանրույթը, որը ներկայումս Սերժ Սարգսյանի դե յուրե իշխանության փաստացի գլխավոր հովանավորն է, թե նաեւ ժամանակն է պահանջում համակարգային փոփոխությունների գնալ, քանի որ գործող համակարգը նյութական, ռեսուրսային առումով ակնհայտորեն սպառել է իրեն:
Այդ փոփոխությունները ենթադրում են քրեաօլիգարխիկ հանրույթի շահերի ոտնահարում, թեկուզ առանձին ներկայացուցիչների տեսքով: Բայց, դա նաեւ իր հերթին նշանակում է, որ նեղացողները կարող են համալրել մրցակցի՝ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի համախոհների շրջանակը: Սերժ Սարգսյանը չի կարող չմտահոգվել դրանից, ինչն էլ արտահայտվում է նրանով, որ օլիգարխիկ համակարգի առանձին անհատների չեզոքացման գործընթացը տեղի է ունենում մակընթացություններով եւ տեղատվություններով, ու դժվար է ասել, թե որն է ավելի շատ եւ տեւական:
Դա էլ իր հերթին գրեթե անլուծելի է դարձնում իշխանության խնդիրը: Ստացվում է որոշակիորեն փակ շրջան, որում հայտնվում են բոլորը, իսկ այդ շրջանն էլ օղակի նման հայտնվում է պետության վզին:
Ելքը թվում է այն, որ կամ բոլորը հեռանում են փաթեթով՝ իշխանության խնդրի լուծումը հանձնելով Հայաստանում ձեւավորված նոր եւ ակտիվ պայքարող սերնդին, կամ պարզապես բոլորը միասին որոշում են վերանայել այն, ինչով զբաղվում են, եւ դուրս գալ փակ շրջանից ու հանել այդ շրջանն էլ պետության պարանոցից: Բայց, դատելով հայաստանյան քաղաքական համակարգի որակից, մտածողությունից, տարիների ընթացքում ձեռք բերած սովորույթերից եւ կարծրատիպերից, երկրորդ տարբերակը գրեթե անիրական է: Նույն՝ մտածողության, որակի, աշխարհայացքի եւ աշխարհընկալման, հոգեբանության եւ արժեքների տեսակետից, գրեթե անիրական է նաեւ հեռանալուեւ կառավարման ղեկը երիտասարդ սերնդին /իհարկե ոչ կուսակցական կարիերիստներին կամ անհատապաշտության կրողներին/ հանձնելու միասնական որոշման տարբերակը:
Ըստ երեւույթին ամենահավանականը եւ իրատեսականը երրորդ տարբերակը կլինի՝ իր իշխանության իրացման գործընթացը ընդլայնելու եւ դինամիկան ավելացնելու երիտասարդ սերնդի որոշումն ու դրա իրագործումը: Այն արդեն կա, արտահայտվում է զանազան տեղերում եւ նախաձեռնությունների տեսքով, կրելով հիմնականում լոկալ, հատվածային բնույթ: Բայց, ժամանակն ու դրա պահանջները կարծես թե թելադրում են այդ գործունեության ընդլայնում եւ ինտենսիվացում:
Իհարկե, իշխանության իրացումն այստեղ ամենեւին իշխանության գալու հոմանիշ չէ: Այստեղ գիտակցական նուրբ սահմանի հարց է, որով պայմանավորվում են որոշումներն ու գործողությունները: Որովհետեւ, նախ՝ Սահմանադրության համաձայն քաղաքացին Հայաստանում իշխանության գալու խնդիր չունի՝ այն արդեն իրենն է, եւ երկրորդ՝ երիտասարդ սերունդն արդեն ունի այդ իշխանությունն ապրիորի՝ երիտասարդ հասկացությունն իր հոգեպես եւ մտավոր առողջ ու լիարժեք կերպի պարագայում հենց ինքնին իշխանության հոմանիշ է, եւ մնում է ընդամենը իրացնել այդ իշխանությունը:

Մեկնաբանություն