Սպորտատիրական կարգեր

    • Մեկնաբանություն - Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2012, 18:49

Հայաստանցի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, բավական չոր եւ խիստ էր պատասխանել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի դիտողությանը, որ նա արել էր Առաքելի մարզչի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումների վերաբերյալ:

Յուրի Վարդանյանն ասել էր, որ Առաքել Միրզոյանի անհաջող ելույթի պատճառներից են մարզչի եւ Ծառուկյանի ոչ պրոֆեսիոնալմի քանի որոշումներ՝ մասնավորապես Առաքելի միայնակ, թիմից առանձին մարզվելու թույլտվությունը, եւ նաեւ այն, որ նա լինելով 77 կգ քաշային, մի քանի օրում 10 կգ քաշ է գցել, որպեսզի մասնակցի 69 կգ կատեգորիայում:

Առաքել Միրզոյանը համացանցում պատասխանել էր, թե Յուրի Վարդանյանի կարծիքն իրեն բացարձակապես չի հետաքրքրում, իսկ Ծառուկյանն էլ ինչ անում է՝ ժողովրդի համար է անում, ժողովրդի կողքին է, եւ նա ոչ մի սխալ որոշում չի կայացնում:

Առաքել Միրզոյանը կոշտ, ու նաեւ գուցե կոպիտ էր պատասխանել աշխարհի բազմակի ռեկորդակիր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհահռչակ Յուրի Վարդանյանին: Իհարկե, Առաքելի պատասխանը նախ եւ առաջ կոպիտ էր հենց իր իսկ հանդեպ, որովհետեւ հազիվ թե որեւէ մարզիկի համար լավ բնութագրական լինի այն, որ նա այդպես է պատասխանում իր ելույթի հանդեպ հնչեցված մասնագիտական կարծիքին:

Անգամ եթե մարզիկը համաձայն չէ այդ կարծիքի հետ, ունի իր բացատրությունն ու մեկնաբանությունը, միեւնույն է, մարզական պրոֆեսիոնալիզմի կարեւոր բաղկացուցիչ է այն, որ նա կարողանում է հարգել իրենից ավելի փորձառու, եւ այն էլ աշխարհահռչակ ու լեգենդար մարզիկի կարծիքը:

Այստեղ թերեւս մարզական պրոֆեսիոնալիզմի եւ տարրական մարդկային հարգանքի խնդիր է: Պրոֆեսիոնալ, օլիմպիական մեդալի հավակնորդ մարզիկը պետք է որ կարողանա գնահատել յուրաքանչյուր պրոֆեսիոնալ կարծիք, անկախ դրա հետ համաձայն լինել-չլինելուց: Դե իսկ ընդհանրապես տրված պատասխանի բարեկրթական նշաձողը նույնպես մեղմ ասած չի դիմանում մրցակցությանը, ինչպես Առաքելը չդիմացավ օլիմպաիական հարթակի մրցակցությանը: Բանն այն է, որ Յուրի Վարդանյանը որեւէ մեկի՝ թե Առաքելի, թե նրա հոր, թե նրա Գագիկ Ծառուկյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն թույլ չէր տվել, որ արժանանար այդօրինակ պատասխանի:

Այստեղ խնդիրն իհարկե Յուրի Վարդանյանի պաշտպանությունը չէ, առավել եւս, որ նա հաստատ չունի դրա կարիքը: Խնդիրը պարզապես հայաստանցի մարզիկի, եւ ըստ ամենայնի հեռանկարային մարզիկի հոգեկերտվածքն ու դաստիրակությունն է՝ թե մարզական, թե մարդկային: Այդօրինակ դաստիրակությամբ մարզիկները հազիվ թե կարողանան լինել հասարակական դրական օրինակներ եւ ունենալ կայուն հաջողություններ միջազգային ասպարեզում:

Բայց, խնդիրը զուտ Առաքելն էլ չէ: Խնդիրն ավելի լայն է, իսկ Առաքելը թերեւս այդ խնդրի զոհ: Խնդիրը Հայաստանի սպորտի ընդհանուր վիճակն է: Հայաստանի սպորտսմենները որոշակիորեն դառնում են սպորտի հովանավորների պատանդը: Օրինակ, ֆուտբոլի հովանավորը Ռուբեն Հայրապետյանն է, ուրեմն նա էլ ֆուտբոլիստների տերն է ու կարող է ասենք կոպիտ, անգամ վիրավորական բնորոշումներ տալ ասենք Էդգար Մանուչարյանի, կամ որեւէ այլ ֆուտբոլիստի հասցեին, որը նրան այդ պահին կամ ընդհանրապես դուր չի եկել: Նույնն է մյուս մարզաձեւերում: Ովքեր հովանավորում են սպորտը, փող են ծախսում, համարում են, որ այդպիսով մարզիկները եւ ազգը պարտական են դառնում իրենց եւ իրենք դառնում են որեւէ քննադատությունից եւ քննարկումից վեր:

Առաքել Միրզոյանն ընդամենը հայտնվել է այդ ցանցում: Ցանցից դուրս գալու համար, նա թերեւս կամ ծանրամարտից պիտի դուրս գա, կամ երկրից ընդհանրապես եւ ծանրամարտով զբաղվի այլ պետությունում, որտեղ պրոֆեսիոնալ սպորտ է, ոչ թե մարզական ճորտատիրություն:

Այլապես, մնում է ընդունել հովանավորի, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանի անսխալականությունը:

Լոնդոնի օլիմպիական խաղերի ընթացքում, ոսկե մեդալ նվաճած հյուսիսկորեացի մարզիկներից մեկը հայտարարում էր, որ իրեն մեդալ նվաճելու ուժ է տվել իր երկրի առաջնորդը, որ նա է իրեն ոգեշնչել այնպես, որ ունակ լինի նվաճել ոսկե մեդալ եւ եթե չլիներ առաջնորդը, ապա ինքը չէր կարողանալ նվաճել ոսկին:

Գագիկ Ծառուկյանի անսխալականության մասին առասպելը, նույն հյուսիսկորեական առաջնորդի սինդրոմն է, պարզապես լուսնի հակառակ կողմի իմաստով, ոսկու դեպքում առաջնորդի անզուգական գոյությունն է պատճառը, իսկ անհաջողության դեպքում որեւէ պատճառ անգամ մազի չափով չի առնչվում առաջնորդին: Կապ չունի՝ երկրի առաջնորդի մասին է խոսքը, թե միայն սպորտի: Կան երկրներ, որտեղ ամենայն առաջնորդը մեկն է, կան երկրներ, որտեղ առաջնորդությունը քվոտավորված է, ինչպես բիզնեսն ու քաղաքականությունը: Էությունը նույնն է երկու դեպքում էլ:

Լավ է, որ մեծահարուստները փորձում են հովանավորել սպորտը, մարզիկներին: Թեեւ որոշ դեպքերում այդ փորձերը պայմանավորվում են առաջին հերթին որոշակի ֆինանսական միջոցների լեգիտիմացման նպատակներով, այդուհանդերձ կան իհարկե նաեւ մեծահարուստներ, որոնք սպորտը հովանավորում են իսկապես սիրելով այն, լինելով անկեղծ երկրպագու: Իսկապես պետք է ողջունել այդ մարդկանց նվիրումը, պատրաստակամությունը:

Բայց, այդ հովանավորությունը պետք է իրականացվի առանց մարզիկին որեւէ կերպ պարտավորեցնելու, առանց նրա մտածողությունն ու հոգեբանությունը պատանդելու, նրա ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր ազատությունը կաշկանդելու, նրան բարոյական պարտավորությունների առաջ դնելու:

Գուցե Յուրի Վարդանյանը ինչ-ինչ հարցեր է փորձում լուծել, հմտորեն քողարկվելով իր մարզական բարձր պրոֆեսիոնալիզմի հետեւում: Գուցե նա անգամ քաղաքական շահարկման մեջ է՝ լինելով Սերժ Սարգսյանի խորհրդական եւ այդ համատեքստում 'օգտագործվելով' Գագիկ Ծառուկյանին խայթելու համար:

Գուցե, հնարավոր է շատ բան, բայց դա ոչնչով չի փոխում իրերի վիճակն ու երեւույթի սնանկությունը, որովհետեւ անգամ այդ դեպքում, եւ առավել եւս այդ դեպքում պետք էր Առաքել Միրզոյանին հետ պահել երկրորդ՝ եւ օլիմպիական անհաջողությունից ավելի ծանր եւ խորքային պարտությունից, որ նա կրեց Յուրի Վարդանյանին տված իր արձագանքով:

Թող Գագիկ Ծառուկյանն արձագանքեր, առավել եւս, եթե Յուրի Վարդանյանի պահվածքում նկատում էր որեւէ միտում՝ մասնագիտական դիտողությունից բացի:

  1. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  2. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  3. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  4. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  5. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  6. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  7. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  8. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  9. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  10. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013